Մատչելիության հղումներ

Գերմանիայում բացահայտված միջազգային հանցավոր խումբն ապօրինի ստացված միլիոնավոր դոլարներ է ուղարկել Թուրքիա և Սիրիա


Գերմանիա - Ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացնում, արխիվ

Գերմանիայում բացահայտվել է միջազգային հանցավոր խումբ, որն ապօրինի ճանապարհով ստացված միլիոնավոր դոլարներ է ուղարկել Թուրքիա և Սիրիա: Հասցեատերերը, ինչպես հաղորդվում է, ենթադրաբար ահաբեկչական զինված խմբավորումներ են։

Ըստ Գերմանիայի պաշտոնական աղբյուրների՝ երկրի երեք նահանգների ավելի քան երկու տասնյակ քաղաքներում հարյուրավոր ոստիկանների մասնակցությամբ տեղի ունեցած լայնածավալ խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է առնվազն տասը մարդ, առգրավվել են մոտ երկու միլիոն եվրոյի թանկարժեք իրեր՝ շքեղ ավտոմեքենաներ, ոսկեղեն, արժեքավոր զարդեր, ժամացույցներ։ Ընդ որում, այդ թանկարժեք իրերի սեփականատերերը մեղադրվում են նաև ապօրինի ճանապարհով սոցիալական նպաստ ստանալու համար։

Միջազգային հանցավոր խմբավորման բացահայտմանն ուղղված գործողությունները սկսվել են անցյալ տարվա մայիսին տեղի ունեցած պատահական մի հանդիպումից, երբ Գերմանիայի և Նիդերլանդների սահմանին գտնվող մաքսային ծառայության աշխատակիցները փորձել են օգնել փոսից հանել մխրճված մեքենա: Այդ մեքենայում գտնվող երկու տղամարդիկ մարմնական վնասվածքներ են ունեցել։ Վերջիններս, սակայն, հրաժարվել են որևէ օգնության առաջարկից, ինչը մաքսավորներին տարօրինակ է թվացել, և նրանք որոշել են ստուգել մեքենայի պարունակությունը։ Արդյունքում մեքենայի մեջ հայտնաբերվել է երեք հարյուր հազար եվրո, հայտնում է WDR հանրային հեռուստառադիոընկերությունը։

Հարցաքննության ընթացքում պարզվել է, որ տղամարդկանցից մեկը Սիրիայի քաղաքացի է, նախկինում իրավապահների տեսադաշտում է հայտնվել Իդլիբում տեղակայված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին օգնելու կասկածանքով, սակայն բավարար ապացույցների բացակայության պատճառով նա չէր ձերբակալվել։ Սիրիացու հետ նույն մեքենայում գտնվող մյուս տղամարդը Գերմանիայի քաղաքացի է, որի հետ իրավապահներն առաջին անգամ են առնչվում։ Երկուսն էլ, ըստ պաշտոնական աղբյուրների, խոշոր հանցավոր խմբի անդամներ են։

Քննիչները պարզել են, որ այդ խմբավորումը Թուրքիա և Սիրիա՝ ենթադրաբար զինյալ ահաբեկիչներին ընդհանուր առմամբ շուրջ 162 միլիոն դոլար է փոխանցել։

Ֆինանսական փոխանցումներն իրականացվել են Գերմանիայում արգելված այսպես կոչված` «հավալա» համակարգի միջոցով, որը լայնորեն կիրառվում է հատկապես մահմեդական երկրներում։ Ոչ պաշտոնական ֆինանսական այդ ցանցի միջոցով գումարները փոխանցվում են ոչ թե ավանդական բանկային համակարգերի օգնությամբ, այլ` ֆիզիկական անձանց միջոցով՝ մեկը մյուսին առձեռն փոխանցելով։

«Հավալա» ցանցի միջոցով Գերմանիայից փոխանցված գումարները, ինչպես հաղորդում է Դյուսելդորֆի ոստիկանությունը, ստացվել են տարբեր աղբյուրներից, այդ թվում` զինված կողոպուտի և շորթման ճանապարհով։

«Դոյչե Վելլեն» հիշեցնում է, որ անցյալ տարվա սկզբին Բունդեսթագում պատգամավորներից մեկը փորձել էր կառավարության անդամներից տեղեկություններ ստանալ երկրում «հավալա» ցանցի հնարավոր գործունեության վերաբերյալ, սակայն պաշտոնյաները այն ժամանակ դժվարացել էին հստակ պատասխաններ տալ։

Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի ներքին գործերի նախարար Հերբերտ Ռուելը այսօր հայտարարել է, որ հանցավոր խմբավորման բացահայտմանն ուղղված ամիսներ տևած հետաքննությունն իրականացվել է խիստ գաղտնիության պայմաններում։ Պաշտոնյայի խոսքով` գործում ընդհանուր առմամբ ներգրավված է 67 կասկածյալ, նրանց մեծ մասը Սիրիայի քաղաքացի է, մյուսները Թուրքիայի, Ուկրաինայի, Լիբանանի, Հորդանանի և Գերմանիայի քաղաքացիություն ունեն։

Ձերբակալվածների թվում է նաև 39 -ամյա գերմանաբնակ սիրիացի, որը մեղադրվում է Ջեբհաթ ան Նուսրա սիրիական ծայրահեղական խմբավորմանն անդամակցելու համար։ Այս խմբավորումը համարվում է ամենաագրեսիվներից մեկը, այն պատասխանատվություն է ստանձնել Սիրիայում պատերազմի մեկնարկից ի վեր մինչև 2013 թվականը տեղի ունեցած 70 մահապարտների հարձակումներից 57-ի համար։

Ահաբեկչական այս կազմակերպությունը մեղադրվում է նաև բազմաթիվ պատերազմական հանցագործությունների, այդ թվում` կառավարական բանակի գերիների և խաղաղ բնակչության նկատմամբ հաշվեհարդարների մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG