Մատչելիության հղումներ

Գառզուի և Ժանսեմի գրաֆիկական աշխատանքների ցուցադրությունը մեծ հաջողություն է ունեցել Գյումրիում


«Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակներում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ Ժամանակակից արվեստի թանգարանը «Հայաստան - Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» խորագրի ներքո սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 24-ը ներկայացվում է համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսահայ լավագույն նկարիչներ Գառզուի (Գառնիկ Զուլումյան) և Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան) գրաֆիկական 55 աշխատանքների ցուցադրությունը, որը նախ սեպտեմբերի 25-28-ը ցուցադրվեց Գյումրիում, հոկտեմբերի 1-4-ը կցուցադրվի Վանաձորում, իսկ հոկտեմբերի 17-ից՝ մայրաքաղաքում՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում:

Այդ օրը տեղի կունենա նաև ցուցադրության երկլեզվյա՝ հայերեն և ֆրանսերեն պատկերագրքի շնորհանդեսը: Պատկերագիրքը հրատարակվել է Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ:

Ինչպես ընդգծում է Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանը, իրենց համար շատ կարևոր է նախ մարզերում ներկայացնել ֆրանսահայ մեծանուն նկարիչների ստեղծագործությունները. - «Էնպես ոգևորություն էր Գյումրիում, և շատ մեծ ոգևորությամբ մեզ սպասում են մեզ Վանաձորում։ Դա ցույց տվեց, որ սա անհրաժեշտություն է ուղղակի։ Սա անհրաժեշտություն է շատ մարզերում անել նման ցուցահանդեսներ։ Մարդկանց համար տոն եղավ, Գյումրիում էդ ամեն ինչից հետո մի տեսակ ոնց որ նոր շունչ մտավ էդ մարդկանց մեջ, շատ քանակով այցելուներ են եկել։ Երեխաներից սկսած մինչև մեծահասակը հաճույքով գալիս էին, նայում էին։ Եվ հարցնում էին՝ սա մշտակա՞ն է մեր մոտ մնալու։ Եվ կարծում եմ, որ նման ծրագրերը, նման ցուցահանդեսները պետք է շարունակական լինեն»։

Նունե Ավետիսյանի համոզմամբ, հենց իրենց թանգարանի պահոցներում գտնվող ավելի քան 100 հեղինակների բավական ընդգրկուն հավաքածուները, որոնք իրենց թանգարանում ամբողջովին ներկայացնել չեն կարող բավարար տարածքի բացակայության պատճառով, կարելի է պարբերաբար մարզերի արվեստասերներին ներկայացնել՝ հատուկ կազմակերպված ցուցադրություններով:

Բայց կրկին առաջանում է ֆինանսական խնդիրը. - «Ամեն ինչը ֆինանսների հետ է կապված: Կարող էինք երկար, բայց էնտեղ մեր աշխատողները մնում են, հսկում են, տեղափոխությունը։ Էդ ամեն ինչը ծախսատար է, հեշտ բան չի։ Բայց, կարծում եմ, հենց մշակույթի նախարարությունը, քաղաքապետարանն էլ այս փորձից հետո երևի իրենք էլ շահագրգռված կլինեն, որ նման ցուցահանդեսներ անեն մարզերում։ Մենք չունենք մասնաճյուղեր, և կարծում եմ, որ սենց փոփոխական ցուցահանդեսներ, տարին գոնե մեկ-երկու անգամ մարզերով անցնել, շատ հետաքրքիր և շատ լավ կլինի։ Եվ բավականին սա շարժ կմտցնի մարզերում փոքրից մինչը մեծահասակ»։

Հաջորդ տարի կլրանա Ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադրման 50-ամյա հոբելյանը: 1972-ին մեր լավագույն արվեստագետներից Հենրիկ Իգիթյանի ջանքերով բացվեց նախկին Խորհրդային տարածքում առաջին Ժամանակակից արվեստի թանգարանը, որը վաղուց կարիք ունի տարածքի ընդլայնման:

Իսկ թե ինչ հնարավորություններ կան այդ առումով, թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանն ասաց. - «Ով գիտի մեր թանգարանի պատմությունը, գիտի, որ Հենրիկ Իգիթյանը ամբողջ կյանքը դրա համար էր պայքարում, որ ունենա նորմալ տարածք։ Մյուս տարին մեզ համար շատ հոբելյանական տարի է։ Նախ, Հենրիկ Էգիթյանի 90-ամյակն է, և թանգարանի 50-ամյակն է։ Չեմ ասում արդեն պատրաստի ինչ-որ տարածք և այլն, միգուցե ինչ-որ որոշում, ծննդյան նվեր արվի... տեսնենք։ Քաղաքապետի հետ ուզում եմ հանդիպել և խոսել այդ թեմայով։ Մի ձևով գոնե, մի քայլ առաջ գնանք էդ թեմայով։ Անգամ այցելուները, հատկապես արտերկրից, երբ որ ներս են գալիս, ինչ-որ զգում ես աչքերի մոլորվածություն։ Բայց դուրս գալիս բոլորը հիացած են և ասում են՝ ինչ ափսոս, որ դուք էստեղ եք, թանգարանը էս տարածքում ա գտնվում։ Ինքը անհրապույր մուտք ունի, մենք միշտ խնդիրներ ենք ունենում, քանի որ բնակելի շենքի տակ ենք։ Անհրաժեշտություն եմ ես տեսնում, որպեսզի նման հավաքածուն պատշաճ ներկայացվի պատշաճ տարածքում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG