Մատչելիության հղումներ

Իրանը վաղվանից զորավարժություններ է սկսում Ադրբեջանի հետ սահմանին


Իրանի զինված ուժերի զորավարժություններ, արխիվ

Իրանի զինված ուժերը վաղվանից զորավարժություններ են սկսում Ադրբեջանի հետ սահմանին՝ հրետանու, զրահատեխնիկայի, անօդաչու թռչող սարքերի ու ռազմական ուղղաթիռների ներգրավմամբ: Դրանց նպատակն է ստուգել Իրանի զինված ուժերի պատրաստվածության աստիճանը, բարձրացնել մարտունակությունը և փորձարկել զինտեխնիկան, հայտարարել է իրանական բանակի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Կիումարս Հեյդարին։

Երկու հարևանների միջև փոխադարձ դժգոհությունը սկսվեց երկու շաբաթ առաջ՝ Լեռնային Ղարաբաղ իրանական վառելիքի մատակարարման պատճառով։ Բաքուն պնդում է, թե իրանցի վարորդները պետք է Ղարաբաղ մտնելու համար Ադրբեջանի իշխանությունների թույլտվությունը ստանան։ Շաբաթներ առաջ ադրբեջանցիները երկու իրանցի վարորդի են ձերբակալել՝ այդ կարգը խախտելու մեղադրանքով, մյուսներից էլ ավելի քան 100 դոլարի հարկ են գանձում՝ իրենց ճանապարհը հատելու համար։

Ի պատասխան՝ Իրանը սկսել է զորք կուտակել Ադրբեջանի հետ սահմանին, վերլուծաբաննները նկատում են, որ զորավարժությունների համար Ադրբեջանի սահմանի մոտ Իրանը բավականին լուրջ ռազմական ուժեր է կուտակում։ «Զորքերը բավականին շատ են, ընդ որում, եթե ի սկզբանե դրանք Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերն էին, ապա վերջին օրերին Իրանը սահմանի մոտ է կուտակել նաև բանակի ուժերը։ Վերջին անգամ նման բան եղել է անցյալ տարի, երբ Ղարաբաղում մարտերի պատճառով արկեր էին նետվում Իրանի տարածք», - “Коммерсантъ”-ին ասել է ռազմական հարցերով փորձագետ, իրանագետ Յուրի Լյամինը։

Ավելի վաղ՝ երկու օր առաջ, Ադրբեջանի նախագահը Anadolu թուրքական պետական գործակալությանը տված հարցազրույցում իր դժգոհությունն էր հայտնել իրանա- ադրբեջանական սահմանի մոտակայքում Իրանի կազմակերպած զորավարժությունների կապակցությամբ․ - «Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ցանկացած զորավարժություն անցկացնել իր տարածքում, դա իր ինքնիշխան իրավունքն է։ Բայց երբ մենք դա վերլուծում ենք ժամանակի մեջ, տեսնում ենք, ի՞նչ ենք տեսնում։ Ինչո՞ւ հիմա և ինչո՞ւ մեր սահմանին: Ինչո՞ւ վարժանքները չկազմակերպվեցին, երբ հայերը գտնվում էին Ջաբրայիլում, Զանգելանում և Ֆիզուլիում: Ինչո՞ւ է դա արվում այն բանից հետո, երբ մենք ազատագրեցինք այս հողերը և ավարտեցինք 30-ամյա օկուպացիան: Սրանք արդարացի հարցեր են», - հայտարարել էր Իլհամ Ալիևը։

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Սաիդ Խաթիբզադեն երեքշաբթի՝ սեպտեմբերի 28-ի երեկոյան պատասխանել էր Ալիևին՝ նշելով, թե Իրանի և Ադրբեջանի միջև լավ հարաբերությունների և շփումների պայմաններում «պարոն Ալիևի հայտարարությունները զարմանալի են»: Իրանական կողմն ակնարկել է, թե քաջ տեղյակ է Ադրբեջանի և Իսրայելի միջև համագործակցությունից և չի հանդուրժի «սիոնիստական ռեժիմի ցուցադրական ներկայությունը իր սահմանների մոտ», և այդ կապակցությամբ Իրանը կձեռնարկի բոլոր միջոցները, որոնք անհրաժեշտ կհամարի իր ազգային անվտանգության համար:

Ընդ որում, վերլուծաբանները նկատում են, որ Ադրբեջանը երկար տարիներ է, ինչ ակտիվորեն համագործակցում է Իսրայելի հետ ռազմարդյունաբերական համալիրի ոլորտում։ Ռուս վերլուծաբանները, օրինակ, համարում են, որ իրականում Իրանը դժգոհ է Թուրքիայից, սակայն հարաբերությունները չսրելու համար նման պատասխան է տվել։
«Վալդայ» ակումբի փորձագետ Ֆարհադ Իբրահիմովը, օրինակ, “Коммерсантъ”-ին ասել է, թե Իրանի և Ադրբեջանի դժգոհությունները միմյանցից միշտ առկա են, դրանք բացարձակ փոխադարձ են։ Հարցն այն է, թե ինչպես է իր հյուսիսային հարևանի նկատմամբ քաղաքականություն կառուցելու Իրանի նոր նախագահ Էբրահիմ Ռաիսին։ Մի կողմից՝ Ռաիսին հասկանում է, որ հակամարտությունը չի կարելի խորացնել, դրա համար էլ զանգահարել է Ալիևին, որպեսզի շնորհավորի նրան տարածքային ամբողջականության վերականգնման կապակցությամբ։ Մյուս կողմից՝ նա չի կարող չհետևել իր երկրի շահերին, որոնք արտահայտվում են տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության աճ թույլ չտալու համար։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարությունը շատ ավելի կոշտ է արտահայտվել։ Երբ տեղական Rokna պարբերականի լրագրողը խնդրել Է ԻՀՊԿ հրամանատարի տեղակալ Ալի Ֆադավիին մեկնաբանել նախագահ Ալիևի խոսքերը, նա փոխաբերական պատասխան է տվել. - «Եթե փոքր երեխա մոտենա և սկսի վիրավորել ձեզ, դուք պարզապես շոյեք նրա գլուխը», - ասել է Ֆադավին՝ Ադրբեջանի նախագահին համեմատելով, փաստորեն, փոքր երեխայի հետ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG