Մատչելիության հղումներ

Մենենդեսի հարցերին ի պատասխան՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածուն խոստացել է վերահաստատել Հայոց ցեղասպանության ճանաչումը


ԱՄՆ - Սենատոր Ռոբերտ Մենենդես, արխիվ
ԱՄՆ - Սենատոր Ռոբերտ Մենենդես, արխիվ

Երեկ հաստատման լսումների ժամանակ Միացյալ Նահանգների Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը ճնշում է գործադրել նախկին սենատոր, Թուրքիայում ԱՄՆ հաջորդ դեսպանի թեկնածու Ջեֆ Ֆլեյքի վրա՝ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հաստատման ֆոնին Թուրքիայի շարունակական ժխտողականության վերաբերյալ, հաղորդում է Ամերիկայի Հայկական համագումարը:

Նյու Ջերսի նահանգից դեմոկրատ սենատոր Մենենդեսը, հաղորդագրության համաձայն, հայտարարել է․ - «Երկար տասնամյակներ շարունակ Հայոց ցեղասպանությունը հերքվել է այն իրագործողների ժառանգների կողմից: 2019 թվականին Սենատն առաջին անգամ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Այս տարվա ապրիլին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, նախագահ Բայդենը միացավ մեզ՝ ճանաչելով այս ճշմարտությունը: Նախկինում դուք դեմ եք քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերին: Դուք կմիանա՞ք այս կառույցին ու վարչակազմին՝ Հայոց ցեղասպանությունը վերահաստատելու գործում»:

Հանրապետական նախկին սենատոր Ֆլեյքը պատասխանել է. - «Այո»:


Բոբ Մենենդեսի մեկ այլ հարցին՝ «Եթե Ձեր թեկնածությունը հաստատվի, կկրկնե՞ք այդ հանձնառությունը ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը», Ջեֆ Ֆլեյքը պատասխանել է. - «Ես կանեմ»:

Սենատոր Ջեֆ Ֆլեյք, արխիվ
Սենատոր Ջեֆ Ֆլեյք, արխիվ

Բացի այդ, հանձնաժողովի նախագահը, իր գործընկերների հետ միասին, մի շարք մտահոգություններ է հայտնել ռուսական արտադրության S-400 (C-400) հակաօդային համալիրներ գնելու Թուրքիայի շարունակական մտադրությունների վերաբերյալ, ինչը ռազմական վերլուծաբանները սահմանել են որպես ՆԱՏՕ-ի և ԱՄՆ անվտանգության համար վտանգ պարունակող: Նրանք նաև հարցեր են բարձրաձայնել Թուրքիայի կողմից մարդու իրավունքների և մամուլի ազատության նկատմամբ հարգանքի ակնհայտ բացակայության վերաբերյալ:

«Հաշվի առնելով Թուրքիայի կողմից ռուսական սպառազինությունների շարունակական հետապնդումը և դրա վերաբերյալ ՆԱՏՕ-ի բացասական վերաբերմունքի նկատմամբ արհամարհանքը, երկկուսակցական հիմքով ընդգծվեց Պատժամիջոցների միջոցով ԱՄՆ-ի հակառակորդներին հակազդելու ակտի (CAATSA) հաստատման կարևորությունն ու անհրաժեշտությունը», - ասված է հաղորդագրությունում։

Դեմոկրատական կուսակցությունից մեկ այլ սենատոր՝ Քրիս Վան Հոլենը մտահոգություններ է հայտնել, որ «նախագահ Էրդողանը Թուրքիային շեղել է ուղուց և սխալ ուղղությամբ է տարել՝ թե՛ ընդհանուր ՆԱՏՕ-ի հանձնառությունների, թե՛ տարածաշրջանում այլ նենգ գործողությունների, թե՛ սեփական պետության ներսում մարդու իրավունքների ոտնահարման ոլորտներում… Մենք նաև տեսել ենք, որ նա օգնում և աջակցում է Հայաստանի դեմ հարձակումներին»:

Իր գրավոր վկայության մեջ Ֆլեյքը հայտարարել է. - «Եթե իմ թեկնածությունը հաստատվի, ես կխրախուսեմ Թուրքիային աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կայուն, երկարաժամկետ լուծում գտնելու ջանքերին և կխրախուսեմ խաղաղ ու դիվանագիտական լուծումներ Արևելյան Միջերկրականի տարաձայնություններին»:

Ամերիկայի Հայկական համագումարը ողջունել է «Մենենդեսի նվիրվածությունը մարդու իրավունքներին, ժողովրդավարական արժեքներին և ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության հաստատման կարևորությանը»: «Բացի այդ, ԱՄՆ-ի համար չափազանց կարևոր է մնում շարունակել աջակցել հայ ժողովրդին՝ Ադրբեջանից և Թուրքիայից բխող շարունակական ագրեսիայի և սպառնալիքների պայմաններում», - հավելել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

XS
SM
MD
LG