44-օրյա պատերազմի ֆոտոպատմության ցուցադրությունը կտևի երեք օր, կցուցադրվի նաև Միքայել Նազարենկոյի նկարահանած նույն խորագիրը կրող կարճամետրաժ վավերագրական ֆիլմը:
Ուշագրավ է, որ հեղինակը պատերազմի յուրաքանչյուր օրը մեկ լուսանկար է արել, որոնք այսօր ներկայացրել է ցուցադրության՝ ի հայտ բերելով «պատերազմի խաղաղ կողմը»: Այդ լուսանկաներից որևէ մեկում չես գտնի պատերազմի ահասարսուռ տեսարաններ:
«Ինչո՞ւ «1080 ժամ» և ինչո՞ւ «Պատերազմի խաղաղ կողմը»։ 1080 ժամը 45 օր է, ոչ թե 44 օր, սակայն այնտեղ գտնվող, մարտնչող մարդկանց, զինծառայողների համար այդ ամենը տևեց ոչ թե 44 օր, այլ 44 օր պլյուս որոշակի մի քանի օր։ Իսկ ինչու մի քանի օր, որովհետև ամեն մեկը տարբեր ժամանակաշրջանում իմացան։ Եվ վերացական 44 գումարած մեկ օր որոշվեց որ լինի, 45 օր, որն էլ արդեն 1080 ժամ է։ 1080 ժամը ապրեցնող... անվերջությունից 1080 պակաս, էդպես եմ ես սիրում մեկնաբանել։ Նաև ասում եմ, որ ինքը պատերազմի խաղաղ կողմն է։ Քանի որ պատերազմը ինքնին դաժան բան է, իսկ անգամ ամենադաժան բանը ունի շատ չնչին խաղաղ կողմ, շատ չնչին խաղաղություն։ Փորձելով ներկայացնել այդ դաժանության մեջ չնչին խաղաղություն, մենք ստացանք «1080 ժամ» նախագիծը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Միքայել Նազարենկոն։
Իսկ թե ինչու է պատերազմի յուրաքանչյուր օրը մեկ լուսանկար արել, Միքայել Նազարենկոն հետևյալ կերպ է բացատրում. - «Այդ ծանր շրջանում, երբ որ դու զբաղված ես լինում, դու շատ չես կարում նկարել՝ չնայած որ դու լուսանկարիչ ես։ Եթե ունենայի ռեսուրս և ժամանակ, և հնարավորություն իհարկե, ես շատ-շատ կնկարեի, մինչև երեսուն-քառասուն հազար լուսանկար, սակայն հենց էդ մի լուսանկարով ես փորձել եմ նկարել հենց մի օր, յուրաքանչյուր օրը։ Ես տեսնում եմ նկարները, ինձ համար ինքը ընդհանուր մի օր ա, ինքը էդ օրն ա բնութագրում։ Կարող ա ե՞ս եմ անցել այդ ամենի մեջ»։
Պատերազմի ընթացքում ամենամեծ ցավը զոհված ընկերներն են, որոնց հիշատակին մեկական լուսանկար է նվիրել. - «Շատ հաճախ մտքիս նրանք իմ հետ են, բնականաբար։ Անգամ երկխոսության մեջ ես մտնում... Ինչ-որ մի բան անելուց առաջ էնպես ա ստացվում, որ թույլտվության նման մի բան հարցնեմ, և հարցնում եմ։ Ոնց որ դու տեսնում ես, որ կյանքը շարունակվում է, իրանք են թելադրում, որ կյանքը շարունակվի, և հենց էդ ա մեզ պարտավորեցնում, որ մենք իրանց փոխարեն նույնպես ավելի կատարելագործվենք ամեն մեկս մի ոլորտում»։
Արցախյան 44-օրյա պատերազմին նվիրված ֆոտոպատմության վերջին՝ 45-րդ լուսանկարը «Վառվող տունն է», որին հետևյալ հետգրությունն է կցված. «Մենք հաղթեցինք պատերազմում, սակայն, պարզվում է, հանձնեցինք: Վերջը, որը պետք սկիզբ դառնա»: