Մատչելիության հղումներ

29-րդ անգամ կանցկացվի «Թատերական Լոռի» միջազգային փառատոնը


Վաղը՝ սեպտեմբերի 25-ին Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթի մշակույթի պալատում կմեկնարկի «Թատերական Լոռի» միջազգային 29-րդ փառատոնը, որը տարիներ շարունակ մշակութային շատ սիրելի իրադարձության է վերածվում՝ հնարավորություն տալով տեղի թատերասերներին ծանոթանալ թե' այլ մարզերի թատերախմբերի, թե մայրաքաղաքային, նաև արտերկից ժամանած թատերախմբերի նոր բեմադրություններին:

««Թատերական Լոռին» ես համարում եմ կարևորագույն թատերական միջոցառումներից մեկը։ Արդեն բավական երկար կենսագրություն ունի, և ասեմ, որ իր գոյության ընթացքում փայլուն է կատարում իր դերը տարածաշրջանում թատերարվեստի զարգացման գործում, հանդիսատեսի կրթման, ձևավորման գործում։ Ամեն տարի լինելով Լոռիում, ես ապշում եմ հանդիսատեսի կուլտուրայի վրա, հիանում եմ մասնակցող հանդիսատեսի կրթվածությամբ։ Այն հանդիսատեսը, որը ունի Լոռին, այսօր երևի թե ոչ մի մարզ չունի։ Թող մյուսները չնեղանան։ Համեմայն դեպս, լավագույններից է», - ասում է Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը։

«Թատերական Լոռի» փառատոնը վաղը կբացվի թումանյանական բեմադրությամբ՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնը կներկայացնի «Անուշը»՝Վահե Շահվերդյանի բեմադրությամբ։

Ինչպես նշում է փառատոնի տնօրեն, Ալավերդու թատրոնի գլխավոր ռեժիսոր Հրաչյա Պապինյանը, սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 5-ը 14 բեմադրություն կներկայացվի հանդիսատեսին մարզային տարբեր թատրոններում. - «Սովորաբար մենք փառատոնն անց ենք կացնում Ալավերդու Մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում, որը չորս հարյուր տեղանոց է։ Բայց բացումն անում ենք ավելի մեծ դահլիճում՝ ինը հարյուր տեղանոց։ Վստահ եմ, որ լեփ-լեցուն կլինի»։

Հրաչյա Պապինյանի խոսքով, համավարակի պատճառով այս տարի արտերկրից միայն 3 թատրոն է մասնակցում՝ երկու ռուսական և մեկ վրացական:

Այս տարի «Թատերական Լոռի» միջազգային փառատոնը նվիրված է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հիմնադրման 90-ամյա հոբելյանին: Բայց ընդհանուր առմամբ, փառատոնն առանձնանում է նոր ներկայացումներով:

«Հիմնականում փառատոն ենք հրավիրում այնպիսի ներկայացումներ, որոնք նոր ներկայացումներ են։ Առավելապես այնպիսի ներկայացումներ են, որոնք նաև արտասահմանյան տարբեր փառատոների են մասնակցել ու մեծ հաջողության են հասել», - նշեց Պապինյանը։

Անդրադառնալով փառատոնի դերին ու առաքելությանը՝ նա ասաց. - «Տարիներ շարունակ ինքը հանդիսատես է կրթում, ինքը մշակութային կրթություն է անում։ Ալավերդին բավականին հեռու է։ Երեք ու կես – չորս ժամվա ճանապարհ է մինչև Երևան։ Ալավերդցիները հեռու են մնում մայրաքաղաքի, ասել է թե՝ ընդհանրապես Հայաստանի մշակութային կյանքից։ Փառատոնը ինչ-որ չափով մայրաքաղաքային թատերական կյանքը մոտեցնում է մեր քաղաքին։ Մանավանդ, որ հիմա փառատոնը արդեն ոչ միայն Ալավերդում ենք անցկացնում, այլև Վանաձոր, Տաշիր, Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում։ Գուցե մեծամտություն թվա, բայց մտածում եմ, ինչու չէ, սա նպաստում է մարդկանց արտագաղթի գաղափարի ինչ-որ տես կասեցմանը, մեղմացմանը, ռիսկերի մեղմացմանը։ Երիտասարդների, պատանիների դաստիարակությանը»։

Թատրոնի հիմնախնդիրներից նա առանձնացրեց հանդիսատեսի խնդիրը. - «Մարզային փոքր քաղաքները գնալով շագրենի կաշվի նման նեղանում են, փոքրանում են։ 90-ականներին մենք շաբաթական երեք ներկայացում էինք խաղում լեփ-լեցուն դահլիճներով։ Հիմա շատ քիչ ենք կարողանում անել, պրեմիերայից հետո տասը ներկայացումից ավելի հնարավոր չի լինում խաղալ, որովհետև բոլորը հասցնում են տեսնել։ Ես բոլորին հրավիրում եմ մեր փառատոնին։ Սա մի փառատոն է, որը նպաստում է նաև միջմշակութային կապերի ամրապնդմանը»։

XS
SM
MD
LG