Մատչելիության հղումներ

«Կա անկախության սերնդի գրականություն, որը հետաքրքիր է աշխարհին»


Անկախության 30 տարիներին մի նոր գրական սերունդ է ասպարեզ եկել՝ իր ասելիքով ու արտահայտչաձևով, որը գուցե շատերի համար արտասավոր էր, երբեմն անհասկանալի, բայց և նոր, անսպասելի: Ժամանակի ընթացքում աստիճանաբար հատկապես երիտասարդ սերնդի համար ճանաչելի ու սիրելի դարձան հեղինակները՝ երիտասարդ գրողներն ու հրապարակախոսները, որոնցից յուրաքանչյուրի համար Հայաստանի անկախության այս 30 տարիները, հատկապես այս օրը՝ սեպտեմբերի 21-ը չափազանց նուրբ և անձնական զգացողության տեղիք է տալիս:

Այս տարի առաջին անգամ Հայաստանը եվրոպական գրական մրցանակաբախշությանն էր մասնակցում, և բազմաթիվ հեղինակների շարքում արձակագիր և հրապարակախոս Արամ Պաչյանն արժանացավ եվրոպական գրական մրցանակին:

«Ազատության» հետ զրույցում ներկայացնում է, թե ինչ զգացողություններ ունի այսօր` Անկախության 30-ամյակին. «Շատ անձնական է, շատ կուզեի օրինակ` հայրիկիս շնորհավորել, որովհետև գիտեմ` ինքն ինչքան երջանիկ կլիներ, ինչքան տխուր կլիներ նրանից, ինչ եղավ վերջին մի տարվա ընթացքում: Մտածում եմ անընդհատ, որ այս 30 տարին թերծվելու է որպես խարան, կառմա, որ էս 30 տարին սենց, նենց, ճշգրտվածության կիսատության 3 տասնամյակ է հիշվում: Պետք է մտածել, խորհել, թե պատմականորեն, սոցիալ-տնտեսական առումներով ինչ փոփոխություններ էին, ոնց ապրեցինք, ոնց կրթություն ստացանք: Չեմ ուզում հեշտ խոսել այդ 30 տարիների մասին, ուզում եմ խորհել, մտածել անցածի ու գալիքի մասին ու դրական առումով»:

Գրող, թատերագետ Անուշ Ասլիբեկյանի մանկության մի հատվածն անցել է մինչև Հայաստանի անկախություն ձեռք բերելը, բայց իբրև քաղաքացի և գրող` ինքն իրեն անկախության սերնդից է համարում. «Հիմա, երբ հետ եմ նայում, կարծես անկախությունն աստվածատուր պարգև էր մեզ, որ կերտեցինք գիտակցված և արյան գնով, տառապանքի գնով, բայց կարծես մի էյֆորիկ տրամադրության մեջ ընկանք և չկարողացանք ըստ արժանվույն գնահատել այդ անկախությունը և փոխարենը ամեն օր դողալու և փայփայելու, մենք տարվեցինք ցնծությամբ, ուրախությամբ, անտեր թողեցինք այդ պարգևը, արդյունքը եղավ անդառնալի»:

Ըստ թատերագետի` անկախության զգացումը շատ թևեր է տվել, ինչը երևում է նաև ստեղծագործություններում, բայց հիմա տեսնում են շատ բացթողումներ. «Եթե պետական մտածողություն լիներ, ու երկիրը կառավարողների ագահությունն այդ չափերի չլիներ, մենք պարզ ճակատակով կլինեինք մեր երեխաների առաջ»: Նկատում է` հայրենիքը պետք էր բարեկեցությունից ավելի շատ սիրել:

Այս տարվա Գրքի երևանյան փառատոնի առաջին մրցանակին արժանացած երիտասարդ գրող Լուսինե Եղյանը խառը զգացողություններով է դիմավորում անկախության 30-ամյակը. «Իբրև գրող` կարող եմ ասել, որ ուրախ եմ, որ մեր սերնդի մասին խոսելիս մեզ դիտարկում են իբրև անկախության սերնդի գրողներ: Մեր սերդնի համար, կոնկրետ ինձ համար անկախությունը խիստ կարևոր ֆենոմեն է եղել ու ֆենոմեն է, մենք մեզ հնարավորություն ենք տվել ավելի բաց, ավելի կոմպետենտ տեքստեր գրելու: Ֆանտաստիկ է եղել անկախությունն այդ առումով: Ամենակարևոր տոնն է Հայաստանի` մեր պետության համար, բայց այս տարի ես հուսախաբության զգացում ունեմ»:

«Արի» գրական գործակալության հիմնադիր տնօրեն Արևիկ Աշխարորյանի համոզմամբ` վերջին 10 տարիներին հատկապես բավական ակտիվ և աշխույժ է անկախության գրական սերունդը, որի ներկայացուցիչները նաև իրենց գործակալության ջանքերով այսօր հրատարակվում են ոչ միայն Հայաստանում, այլև եվրոպական երկրներում թարգամանաբար:

«Կա անկախության սերնդի գրականություն, այսինքն` մի գրականություն, որը սկսեց շոշափել թեմաներ, որոնք նախկինում չէին շոշափվում` թե անթույլատրելի էին, թե ակտուալ չէր, տարբեր պատճառներով, բայց դա նաև այն գրականությունն է, որը հետաքրքիր կարող է լինել աշխարհում», - նշում է Աշխարորյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG