Մատչելիության հղումներ

Հայաստանում երեկ գրանցվել է քովիդով վարակվածության վերջին ամիսների ամենաբարձր ցուցանիշը


Կորոնավիրուսի դեմ պատվաստման շրջիկ կետ Երևանում, արխիվ
Կորոնավիրուսի դեմ պատվաստման շրջիկ կետ Երևանում, արխիվ

Հայաստանում երեկ գրանցվել է քովիդով վարակվածության վերջին ամիսների ամենաբարձր ցուցանիշը՝ 1011 նոր դեպք։ Կորոնավիրուսից մահացել է 16 մարդ, ևս 2-ը, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով։ Այս պահին հիվանդանոցներում և տանը բուժում է ստանում ավելի քան 11 հազար մարդ։

Օրեցօր աճող քովիդի այս թվերը կանխատեսելի էին, ասում է հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը։ Սա, ըստ մասնագետի, կապվում է ուսումնական հաստատությունների բացման հետ։

«Կարծում եմ՝ թվերի աճ մենք կունենանք մինչև հոկտեմբեր առնվազն, հոկտեմբերի սկիզբ, հետո կգնա կայունացում, հետո էլի կիջնի։ Որովհետև մեր մոտ ալիքների տևողությունը 10-12 շաբաթ է, այսինքն՝ մոտավորապես 2-2,5 ամիս։ Բայց կարևոր է, թե մե՛նք ինչպես կարձագանքենք այդ ալիքին, այսինքն՝ որքանով կդրսևորենք հակահամաճարակային վարքագիծ, որքանով կպատվաստվենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մելիք-Մուբարյանը՝ շարունակելով․ - «Այդ թվերը, որ մենք ասում ենք, կանխատեսումները, դա վերաբերում է պասիվ վիճակում, որը Հայաստանում տեղի է ունենում ամիսներ շարունակ, բայց եթե մենք փոխենք մեր վարքագիծը, դա ազդեցություն կունենա նաև հիվանդացության վրա»։

Հայաստանում կես տարի առաջ մեկնարկած պատվաստումային գործընթացը շարունակվում է, թեև տարածաշրջանում երկիրը պատվաստումների ամենացածր ցուցանիշն ունի։ Մինչ օրս, ըստ Առողջապահության նախարարության, կատարվել է ավելի քան 365 հազար պատվաստում։

Այսօր շրջեցինք թե՛ քաղաքում գտնվող պատվաստման շրջիկ կետերում, թե՛ պոլիկլինիկաներում։ Հանգստյան օրերով պայմանավորված՝ պատվաստման գործընթացն այսօր ավելի պասիվ էր։ Իսկ աշխատանքային օրերին, ըստ բժիշկների, մարդկանց մեծ հոսք է նկատվում։

«Միջինը 80-100 պատվաստում կատարվում է, անընդմեջ հոսքը այս կաբինետում կա։ Բայց այսօր՝ որպես շաբաթ օր, արդեն առավոտ ժամը 10-ից մինչև հիմա 20 այցելու ունեցել ենք, պատվաստվել են հանգիստ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Երևանի թիվ 17 պոլիկլինիկայի իմունականխարգելման կաբինետի բժիշկ Արևիկ Մոսինյանը։

Նրա խոսքով՝ հատկապես վերջին օրերին դիմելիության աճ է նկատվում։ Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերի 1-ից եթե աշխատող քաղաքացիները պատվաստված չեն լինում, ապա պետք է 14 օրը մեկ գործատուին քովիդ թեստի բացասական պատասխան ներկայացնեն, որպեսզի կարողանան աշխատանքի ներկայանալ։ Բացառություն են կազմում հակացուցում ունեցողները։

Թիվ 17 պոլիկլինիկայի բուժքրոջ խոսքով՝ հիմա նաև ընտանիքներով են գալիս պատվաստվելու։ Իսկ իմունականխարգելման կաբինետի բժիշկը հավելում է՝ այժմ շատ են դեպքերը, երբ բուժքույրերը հենց աշխատավայրերում էլ իրականացնում են պատվաստումը։

«Բացի մեր պատվաստումների կաբինետից և բուժքրոջից՝ ունենք նաև վերապատրաստված բուժքույրեր, որոնք թիմով գնում են արտագնա պատվաստումների։ Այդպես, բժիշկը, բուժքույրը, պատվաստողը նախապես պայմանավորվում է, շատ կան հիմնարկներ, որ դիմում են, որպեսզի կուտակումներ չլինեն, աշխատանքը չտուժի և այլն, իրենք նախապես իրենց մոտ ցանկացողներին ցուցակագրում են, մեզ հետ պայմանավորվում են, որ «ունենք այսքան անձ, որ ցանկանում է պատվաստվել այս, այս պատվաստանյութերը», նախապես պայմանավորված, այդպես, մեր արտագնա թիմը՝ համապատասխան պատվաստանյութերով, ժամ է պայմանավորվում, մոտենում է հիմնարկ և տեղում իրականացնում է պատվաստումները», - մանրամասնեց Արևիկ Մոսինյանը։

Երևանի մեկ այլ՝ թիվ 13 պոլիկլինիկայում, օրինակ, այսօր օրվա առաջին կեսին արդեն 45 պատվաստում էր իրականացվել։ Բժշկի խոսքով՝ պատվաստումների սկզբնական փուլում քաղաքացիներն ավելի քիչ ու դժվարությամբ էին գալիս։ Հիմա արդեն պատկերն այլ է։ «Բնակիչը գալիս է տեղամասային թերապևտի մոտ, կատարում է ստուգում, առաջին՝ ջերմությունը չափում եք, սատուրացիան է որոշում, թոքերն եք լսում, սիրտը լսում է, և այդ բոլորից հետո արդեն ամփոփվում է։ Ունի՞ հակացուցում, իհարկե՝ անկետան թերթելով սկզբից մինչև այդ օրը, եթե կա ինչ-որ հակացուցում, ուրեմն չի արվում», - փոխանցեց թիվ 13 պոլիկլինիկայի բժիշկ Մարիամ Հովհաննիսյանը։

Քաղաքում գործում են նաև պատվաստումների համար նախատեսված շարժական կետեր, Երևանում դրանք 8-ն են։ Դրանց համակարգողներից Հայկ Միլիտոնյանի խոսքով՝ այստեղ ևս հատկապես վերջին օրերին մեծացել է պատվաստվողների թիվը։ Ըստ նրա՝ միայն շրջիկ կայաններում օրական մոտ 250-300 պատվաստում է իրականացվում։

«Կարելի է ասել, որ վերջին շրջանում դրական շարժ կա մեր՝ Հայաստանի քաղաքացիների պատվաստման գործընթացում, քանակը ավելացել է, այսինքն՝ մեր քաղաքացիները դարձել են ավելի գիտակից պատվաստման վերաբերյալ, ու պետք է ասեմ, որ վերջին մի քանի օրվա ընթացքում պատվաստված հայ քաղաքացիների թիվը երկու անգամ շատ է, քան՝ օտարերկրացիներինը», - ասաց Միլիտոնյանը։

Շարժական կետերից դեռ միայն մեկում կարելի է նախապես հերթագրվել և նոր մոտենալ, մյուսներում հերթագրման համակարգ դեռևս չի ներդրվել։ Հայկ Միլիտոնյանի խոսքով, սակայն, մնացյալում ևս սպասվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG