Մատչելիության հղումներ

Երևան ժամանեց Ֆրանսիայի ուղարկած պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 25 հազար դեղաչափ


Լուսանկարը՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան

Ֆրանսիայի կողմից ուղարկված AstraZeneca պատվաստանյութի 25 հազար դեղաչափ պարունակող առաջին խմբաքանակն այսօր առավոտյան ստացվել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ ֆրանսիական դեսպանության, ՀՀ Առողջապահության և Արտաքին գործերի նախարարությունների պաշտոնյաների ներկայությամբ:

Ֆրանսիայի դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի շխանությունների հետ համակարգմամբ պատվաստանյութի մնացած առաքումները կշարունակվեն վաղը և գալիք շաբաթների ընթացքում:

«Ֆրանսիան Հայաստանի կողքին է՝ համաճարակին դիմագրավելու նպատակով: Ֆրանսիան 2020 թվականին կորոնավիրուսի բուժման մեջ մասնագիտացված բժիշկների երեք առաքելություն ուղարկեց, իսկ 2021 թվականի օգոստոսի 3-ին Հանրապետության Նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարեց 200 հազար դեղաչափ պատվաստանյութի նվիրատվության մասին», - ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահն այդ առիթով հայտարարել էր. - «Հայերն անցնում են բազում փորձությունների միջով։ Բարեկամաբար և համերաշխությամբ դիմում եմ նրանց՝ Ֆրանսիան միշտ ձեր կողքին կլինի։ Համավարակին դիմակայելու համար, Ֆրանսիան պատրաստ է պատվաստանյութի 200 հազար դեղաչափ ուղարկել Երևան: Միասին մենք կհաղթահարենք համավարակը»։

Այսօր Էմանյուել Մակրոնը Ֆեյսբուքում հետևյալ հայերեն գրառումն է արել․ - «Ինչպես և խոստացել էի նախորդ տարվա օգոստոս ամսին, 25 հազար դեղաչափ պատվաստանյութի առաջին խմբաքանակն այս երեկո կհասնի մեր հայ բարեկամներին։ Համերաշխությունը գործողության մեջ COVID-19 համավարակի դեմ պայքարում»։

XS
SM
MD
LG