Մատչելիության հղումներ

ԱԺ աշխատակազմը և պատգամավորները պարգևավճարներ են ստացել. ընդդիմադիրները հայտարարում են՝ գումարից չեն օգտվելու


Պատգամավորներն ու Ազգային ժողովի աշխատակիցները խորհրդարանի նախագահի որոշմամբ անկախության 30-ամյակի առթիվ պարգևավճարներն են ստացել։ Օրենսդիրների հաշվեհամարներին այսօր շուրջ 400 հազար դրամ է փոխանցվել. լուրը տարածվելուն պես կրկին թեժացավ պարգևավճարների շուրջ բանավեճը։

Պարզ մաթեմաթիկական հաշվարկով միայն պատգամավորներին աշխատավարձի 75 տոկոսով պարգևատրելու համար պետբյուջեից ավելի քան 40 միլիոն դրամ կամ 83 հազար դոլար է հատկացվել, չհաշված Ազգային ժողովի մյուս բոլոր աշխատակիցներին տրամադրված միանվագ գումարները։

Խորհրդարանի աշխատակազմից «Ազատությանը» պարգևավճարների ընդհանուր գումարը չհայտնեցին, այս տեղեկությունը հնարավոր չէ գտնել նաև Ազգային ժողովի կայքում. Ալեն Սիմոնյանի որոշման հավելվածները տեղադրված չեն։

Իշխանական խմբակցությունից տասնյակ հազարավոր քաղաքացիների մի քանի ամսվա աշխատավարձի չափով միանվագ պարգևատրումը սիմվոլիկ են համարում։

«Աշխատակազմը և պատգամավորները, անկախ՝ որ խմբակցության պատգամավոր են, անկախության տոնի առթիվ ստացել են իրենց որպես սիմվոլիկ պարգև գումար», - ասաց Հերիքնազ Տիգրանյանը:

Երկու ամիս առաջ էլ խորհրդարանը որոշեց պատգամավորական ծախսերի համար օրենսդիրներին տրամադրել ամսական 250 հազար դրամ՝ 473 հազար դրամ աշխատավարձից զատ։ Ստացվում է, որ այս ամիս պատգամավորներն ընդհանուր առմամբ 1 միլիոն, 100 հազար դրամ գումար կստանան։

Ընդդիմադիրներն այսօր հայտարարեցին, որ գումարից չեն օգտվելու, ուղղելու են սոցիալական ծրագրերի իրականացմանը։

«Հայաստան» խմբակցությունից Իշխան Սաղաթելյանը դաշինքի անունից հայտարարեց՝ պարգևատրումները երկրում առկա սոցիալական ծանր խնդիրների պայմաններում անընդունելի են համարում. - «Երբ որ երկրում կան սոցիալական ծանր խնդիրներ, կան 10 հազարից ավելի վիրավորներ, հաշմանդամներ և այս իրավիճակում շարունակում են պետական պաշտոնյաները, այդ թվում նաև Ազգային ժողովի պատգամավորները ստանալ պարգևավճար: Մենք հավատարիմ մնալով մեր նախընտրական ծրագրին և նախընթաց ժամանակահատվածում արված մեր հայտարարություններին, այդ գումարից չենք օգտվելու, հավանաբար կա՛մ կվերադարձնենք պետական բյուջե, կա՛մ Հայաստանի սահմանամերձ մարզերում այդ գումարներով կիրականացնենք որևէ ծրագիր»:

Ընդդիմադիր երկրորդ խմբակցությունը՝ «Պատիվ ունեմ»-ը նույնպես հրաժարվում է պարգևատրումներից։ Ֆեյսբուքյան գրառմամբ դաշինքը հայտնում է՝ այդ գումարն ուղղելու են պատերազմի հետևանքով առաջացած խնդիրների լուծմանը։

Իշխանական խմբակցությունից պարգևավճարներից հրաժարվելու մասին չեն հայտնել։ Կապվեցինք «Քաղաքացիական պայմանագրից» Հովիկ Աղազարյանի հետ, նա թեև ողջունեց ընդդիմադիրների՝ գումարը սոցիալական խնդիրների լուծմանն ուղղելու որոշումը, այդուհանդերձ, նշեց, որ կվերցնի գումարը։

Հայաստանի իշխանությունները պարգևավճարների պատճառով պարբերաբար քննադատության են ենթարկվում։ Դեռ երկու տարի առաջ վարչապետ Փաշինյանը ասել էր, թե այդ ավանդույթը կշարունակվի, քանի դեռ չի լուծվել պետական համակարգում աշխատողների ցածր աշխատավարձի խնդիրը։

Թրասնփարեսնի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի կարծիքով, շատ ավելի ճիշտ ու ազնիվ կլինի, եթե պարզապես աշխատավարձերը բարձրանան. - «Պարգևավճարի գաղափարը իմաստազրկվում ա։ Այսինքն՝ լավ աշխատես, վատ աշխատես, մեկ ա քեզ պարգևավճար կտան, որովհետև աշխատավարձը ցածր ա»։

Իշխանությունները հայտնում են, որ Անկախության տոնի առթիվ պարգևավճարներ են ստացել պետական համակարգում աշխատող բոլոր քաղաքացիները։ Թե որքան գումար է հատկացվել, առայժմ չի հրապարակվել։

XS
SM
MD
LG