Մատչելիության հղումներ

Պատգամավորական ծախսերի համար ամսական 50 հազար դրամի հնգապատկումը քաղաքական կոռուպցիա է. Հոկտանյան


Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյան

Պատգամավորական ծախսերի համար հատկացվող ամսական 50 հազար դրամը 250 հազար դարձնելը Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն ուղղակիորեն կոռուպցիա չի համարում, բայց անուղղակի մի շարք խնդիրներ է թվարկում։

Ասում է՝ պատգամավորները պետք է հաշվետվություն ներկայացնեն. - «Ճիշտ կլիներ, որ այդ ծախսերը ինչ-որ տեղ հաշվետու լինեին պատգամավորները, հասկանալի լիներ, թե ի վերջո ինչի վրա է ծախսվում»։

Նախագծի հեղինակ, իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանն երեկ ԱԺ-ում նշել է, որ ավելացված գումարները հիմնականում սպասարկման, մարզային այցելությունների, վառելիքի և այլ ծախսերի համար են օգտագործվում, նախկին՝ 50-հազար դրամը չի բավարարել։ Հոկտանյանի դիտարկմանը, թե պետք է հաշվետվություն ներկայացվի, Ենգիբարյանն արձագանքեց, թե դրա համար լրացուցիչ հաստիքներ պետք է բացվեն, որ 107 պատգամավորների հաշվեռություններն ընդունեն. - «Նման փոքր բյուջեի առումով պահանջել ֆինանսական հաշվետվություն, կնշանակեր ադմինիստրատիվ մեծ... ու վախենամ էնքան, ինչքան էս բյուջեն ա, էնքան էլ գումար պահանջվեր, որպեսզի Ազգային ժողովը հավելյալ ադմինիստրատիվ անձնակազմ պահեր այս ֆինանսական հաշվետվությունը ապահովելու համար»։

Հոկտանյանը հակադարձեց՝ եթե նոր խորհրդարանի 107 պատգամավորներ առավոտից երեկո զբաղված են լինելու մարզային այցելություններով և այնպիսի գործերով, որոնք լրացուցիչ ծախսեր են պահանջում, ապա արդարացված է։ Բայց նա կասկածներ ունի, թե բոլորն են այդպես լծվելու իրենց գործին։ Ըստ Հոկտանյանի, սա քաղաքական կոռոպցիա է։

Վիկտոր Ենգիբարյանը ասաց՝ եթե այդպես է, ուրեմն եվրոպական բոլոր երկրների խորհրդարաններն են կոռումպացված։

Հակակոռոպիցոն կենտրոնի տնօրենը իր հերթին հիշեցրեց եվրոպական երկրների ու Հայաստանի բյուջեների տարբերությունը։ Իսկ առհասարակ, ըստ Հոկտանյանի, պետական աշխատողների աշխատավարձը պետք է բարձրացվի. - «Աշխատավարձերը բարձրացրեք, վերջացրեք։ Ինչի՞ եք անընդհատ ինչ-որ պարգևավճար, փոխհատուցում, նման այլ հոդվածներով, այլ ճանապարհներով եկամուտը ավելացնում։ Եկամուտը, ես համաձայն եմ, բարձր չի։ Նորից եմ կրկնում՝ կա սոցիալական խնդիր, բարձրացրեք նաև մյուսների... Ես հասկանում եմ, որ աշխատավարձ բարձրացնելու համար պետք է բյուջեն մեծանա։ Ուրեմն մենք նորից գալիս ենք այն չարչրկված, ծեծված հարցին՝ ինչպե՞ս անենք, որ տնտեսական լուրջ աճ ունենանք»։

Վիկտոր Ենգիբարյանն ասաց, որ նախկինում էլ պատգամավորները 50 հազար դրամը ծախսելու համար հաշվետվություն չեն ներկայացրել։

Կատարված փոփոխությունները ուժի մեջ կմտնեն նոր խորհրդարանի գործունեության ժամանակ։

«Հայաստան» դաշինքի կազմում խորհրդարան անցած դաշնակցական Իշխան Սաղաթելյանը համարում է, որ այս փոփոխությունների ժամանակը չէր, այլ ծախսեր կան։

Հարցին, թե արդյոք կօգտվեն այդ գունարներից, պատասխանեց, որ կորոշեն այն ժամանակ, երբ մանդատները վերացնելու հարցը հստակեցնեն։

Ինքն անձամբ դա առավել արդյունավետ կօգտագործի, իսկ գործընկերների որոշան մասին չի կարող խոսել. - «Դեռ մանդատ չենք վերցրել, որ ձեր էդ հարցին անդրադառնամ։ Ինչ որ ասեմ, անձնական դիրքորոշում է։ Ես էդ գումարը ավելի արդյունավետ տեղ կծախսեմ»։

Մի քանի տասնյակ հազար դրամ թոշակ ստացող քաղաքացիները և հարկատուներն արդյո՞ք համաձայն են, որ պատգամավորական ծախսերի համար տրվող 50 հազարը 250 հազար դառնա։

Մարդկանց կարծիքներն այս հարցում տարբեր էին։ Ոմանք համարում էին, որ դա ընդունելի է, մյուսները հակառակ կարծիքն էին հայտնում։

«Ավելի լավ կլիներ էդ գումարը ծախսեին թոշակների և նպաստների վրա», - ասաց մի կին։

Իսկ թոշակառու մի տղամարդ ասաց. - «Իմ թոշակը բավարար է։ Թո ինձ ավելի քիչ թոշակ տան, բայց լավ ծառայեն ժողովրդին»։

XS
SM
MD
LG