Մատչելիության հղումներ

Լիբանանյան ճգնաժամի ֆոնին ՀՀ կառավարությունը դեռ չունի լիբանանահայերի հարցերի, այդ թվում՝ ներգաղթի ծրագիր


Լիբանան - 2020-ի պայթյունի զոհերի հիշատակին կառուցված քանդակը Բեյրութի նավահանգստում
Լիբանան - 2020-ի պայթյունի զոհերի հիշատակին կառուցված քանդակը Բեյրութի նավահանգստում

Վերջին կառավարության հրաժարականից ու քաղաքական ճգնաժամից ավելի քան 1 տարի անց Լիբանանում օրերս ձևավորվեց նոր կառավարություն, սակայն երկրի սոցիալական-տնտեսական խնդիրները մնում են չլուծված։

«Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյան
«Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյան

Լիբանանյան «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանի խոսքով՝ ֆինանսատնտեսական սրված վիճակին գումարվել են քովիդն ու էնեգետիկ խնդիրները։

«Երկրում, կարող եմ ասել, որ ճգնաժամերի կուտակում է և ֆինանսական, տնտեսական ծանր հետևանքներ ճգնաժամի, կենցաղային խնդիրներ, որոշակի առումով նաև անվտանգության խնդիրներ, հատկապես Հարավային Լիբանանում, իսրայելյան օդուժի պարբերական հարձակումներ», - ասաց Քանդահարյանը:

Լիբանանում դեռ չի վերացվել ավելի քան 400 դոլար ամսական կանխիկացնելու արգելքը, 2019-ից ի վեր աննախադեպ անկում է ապրել տեղական արժույթը, արժեզրկվելով մոտ 90 տոկոսով սպառողական ապրանքների գներն աճել են գրեթե 4 անգամ, իսկ անցյալ տարվա Բեյրութի պայթյունն էլ ավելի է խորացրել հուսահատությունը։

«Կյանքը, կենցաղային խնդիրները հետզհետե ավելի սրվում են՝ դարձնելով շատ դժվար քաղաքացիների իրավիճակը. անապահով և աղքատության խավի ընդլայնում, ու այդ բոլորի հաղթահարման ծրագրերի բացակայություն», - ներկայացրեց Քանդահարյանը:

Մազութի դեֆիցիտով պայմանավորված Լիբանանում այս պահին չկա նաև էլեկտրաէներգիայի մշտական մատակարարում, մշտապես հասանելի չէ նաև ինտերնետ կապը։ «Ազդակ» օրաթերթի լիբանանահայ խմբագրի խոսքով՝ ճգնաժամի ֆոնին այնտեղ սրված են արտագաղթելու տրամադրությունները։ Շուրջ 100 հազար մարդուց բաղկացած հայկական համայնքից վերջին տարիներին արտագաղթ եղել է, դեպի Կանադա և արաբական որոշ երկրներ, փոքրաթիվ մարդիկ էլ եկել են Հայաստան։

«Արտահոսքը լրացնելու կամ չզանգվայնացնելու առումով որոշ օբյեկտիվ պատճառներ կան, որովհետև նաև արտահոսքը, հիմնական տեղափոխությունը միջոցներ է ենթադրում, եթե մարդկանց միջոցները սառեցվել են, իրենք զրկվել են այդ միջոցներից: Առավել ևս սառել է նաև առք ու վաճառքը: Եթե մարդն ուզում է իր բնակարանը ծախել, որպեսզի մնայուն տեղափոխվի, այս պայմաններում չի կարողանա», - ընդգծեց Շահան Քանդահարյանը:

Արդյոք Հայաստանի կառավարությունը պե՞տք է ջանքեր գործադրի Լիբանանից դեպի Հայաստան հայերի միգրացիա՝ տեղաշարժ ապահովելու համար, հետաքրքրվեցինք դաշնակցության «Ազդակ» օրաթերթի խմբագրից։

«Դա անխուսափելի է, եթե մարդիկ նախընտրում են թողնել և գնալ, մենք պետք է այնպես անենք, որ այդ հոսքը կարողանանք ուղղորդել դեպի Հայաստանի Հանրապետություն: Սա կարծում եմ, պետք է համակարգված լինի, յուրաքանչյուր ճգնաժամ պետք է իր դիմաց ունենա հակաճգնաժամային ծրագիր, իսկ հակաճգնաժամային ծրագիրը պետք է մշակվի և իրականացվի համատեղ», - պատասխանեց Քանդահարյանը:

Հովհաննես Ալեքսանյան
Հովհաննես Ալեքսանյան

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում մանրամասն տեղյակ են Լիբանանում արդեն տարիներ ի վեր տիրող ու շարունակ խորացող ճգնաժամի մասին, Բեյրութի պայթյունից հետո անցյալ տարվա ամռանը լիբանանահայերի ինտեգրման փաթեթ են մշակել և ուղարկել կառավարություն, սակայն Արցախում սկսված պատերազմը առկախել է ծրագրի ընդունումը: Կոմիետի ներկայացուցիչ Հովհաննես Ալեքսանյանի խոսքով, վերջին մեկ տարում, այնուամենայնիվ, փորձել են իրականացնել ծրագրի բաղադրիչների մեծ մասը։

«Այդ փաթեթի ֆինանսական բաղադրիչը, որը ենթադրում է ժամանակավոր բնակվարձի տրամադրում, դա չի կատարվել, բայց մնացած բաղադրիչները մենք կարողացել ենք իրականացնել», - ասաց Ալեքսանյանը:

Օժանդակել են լիբանանահայերին փաստաթղթերի հարցերում, լուծել են նրանց մի մասի առողջական խնդիրներին առնչվող հարցերը, տեղավորել են երեխաներին դպրոցներ ու մանկապարտեզներ, կրթաթոշակներ են հայթայթել ուսանողների համար, Երևանում տուրքերից ազատված բիզնեսի հնարավորություններ տվել լիբանանահայերին։ Ընդհանուր առմամբ մի քանի հարյուր լիբանանահայ օգտվել է այս ծրագրերից։

«Ազատությունը» սակայն հետաքրքրվեց, թե ո՞րն է կառավարության միասնական մոտեցումը լիբանանում ստեղծված ճգնաժամի ֆոնին հայերի ներգաղթ ապահովելու հարցում։

«Այո, Հայաստանի Հանրապետության կառավարությունը Լիբանանից կազմակերպած այս պահին հայրենադարձություն իրականացնելու ծրագիր չունի, բայց Հայաստանի կառավարության խնդիրն է՝ այն մեր հայրենակիցները, ազգակիցները, ովքեր Լիբանանից պետք է դուրս գան և գտնում են, որ այլևս Լիբանանում հնարավոր չէ և չունեն այդ հնարավոր կենսական պայմանները, ապա նրանց պետք է ուղղորդել հայրենիք և նրանց որոշակի խնդիրներ, իհարկե, այստեղ հոգալ», - ընդգծեց Կոմիետի ներկայացուցիչը:

Իրավաբան Վարուժան Ավետիքյան
Իրավաբան Վարուժան Ավետիքյան

Հայաստանի կառավարությունը պետք է այս պահին մեծ ջանքեր գործադրի լիբանանահայերին դեպի Հայաստան գրավելու համար, ասում է իրավաբան Վարուժան Ավետիքյանը, ում ընտանիքը դեռ 90-ականերին է Լիբանանից տեղափոխվել Հայաստան։ Ավետիքյանի կարծիքով՝ կառավարությունն այս պահին որևէ համալիր ծրագիր չի իրականացնում։

«Ներգաղթեր տեղի են ունենում բացառապես կառավարությունների կամ պետությունների հստակ քաղաքականության շնորհիվ, մեր պատմությունն էլ է դա ցույց տալիս, այլ կերպ չի լինի: Այսինքն՝ շատերը լքում են, ես բազմաթիվ ծանոթներ ունեմ, որոնք արդեն գնում են ուրիշ երկրներ՝ Եվրոպա, Կանադա, Միացյալ Նահանգներ, արաբական երկրներ: Սիրիահայերը, օրինակի համար, գնացին Կանադա, որովհետև Կանադայի կառավարությունը իրենց տվեց այդ ներգաղթելու հնարավորությունը», - ընդգծեց իրավաբանը:

Բնակչության թիվը շեշտակի ավելացնելը ռազմավարական նպատակ հայտարարած Հայաստանի կառավարությունը արդեն ժամանակ է կորցրել, բայց դեռ ուշ չէ լրջորեն զբաղվելու լիբանանահայերին գրավելու հարցով, վստահ է Ավետիքյանը. «Հարցը հետևյալն է՝ մենք հնարավորություն կունենանք ավելի ճարպիկ, ավելի խելացի, ավելի ճկուն գտնվել և քաջալերել մեր հայրենակիցներին՝ գալ Հայաստան և չնախընտրել, ենթադրենք, Արաբական Միացյալ Էմիրությունները, կամ Քաթարը, կամ Կանադան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG