Մատչելիության հղումներ

ԱՄՆ պետդեպարտամենտում Կովկասի հարցերով կզբաղվի Էրիկա Օլսոնը


Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունում տեղի են ունեցել կադրային կարևոր փոփոխություններ:

Էրիկա Օլսոնն, ով մինչ այդ զբաղվել է Հյուսիսային Եվրոպայի, Բալթյան երկրների և Արկտիկայի հարցերով, հետայսու պատասխանատվություն է ստանձնում Կովկասի, տարածաշրջանային հակամարտությունների և Հարավային Եվրոպայի, այդ թվում՝ Թուրքիայի, Հունաստանի և Կիպրոսի քաղաքականության համար:

Նախկինում Պետական դեպարտամենտում Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի խնդիրներով պատասխանատու էր փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը, ով նաև կարգավորել է ամերիկյան քաղաքականությունն Ուկրաինայում, Բելառուսում և Մոլդովայում:

Նրա փոխարեն ուկրաինական, բելառուսական և մոլդովական ուղղությունները ստանձնում է Ռոբին Դաննիգանն, ով պատասխանատու կլինի ամբողջ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի համար և պետք է կարգավորի Լեհաստանում, Հունգարիայում ու Չեխիայում ամերիկյան դեսպանատների աշխատանքը:

Դաննիգանը համարվում է կարիերային դիվանագետ, ով ժամանակին մասնագիտացել է էներգետիկայի ոլորտում և 2014-17 թվականներին աշխատել է Պետական դեպարտամենտի էներգետիկ պաշարների վարչությունում:

Անցած երեք տարիների ընթացքում Դաննիգանը ծառայել է Վիեննայում ԱՄՆ դեսպանատանը նախ որպես առաքելության ղեկավարի տեղակալ, ապա Ավստրիայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար:

Դաննիգանը նախկինում հայտնի էր որպես «Հյուսիսային հոսք-2» նավթատար խողովակաշարի ծրագրի խիստ քննադատ:

Այդ խողովակաշարն անցնում է Բալթյան ծովի հատակով և ռուսների արդյունահանած բնական վառելիքը պետք է հասցնի Գերմանիա, որտեղից էլ կփոխադրվի եվրոպական այլ երկրներ: Այդ գրեթե ավարտին հասցված ծրագրի շահագործման դեպքում Ուկրաինան կզրկվի գազի տարանցման համար տարեկան ստացվող մոտ 2 միլիարդ դոլարի եկամուտից:

Միացյալ Նահանգները տարիներ շարունակ պայքարել է «Հյուսիսային հոսք-2» նախաձեռնության դեմ, սակայն Գերմանիայի հետ հարաբերությունները չսրելու նպատակով նախագահ Ջո Բայդենն այս տարվա մայիսին ասել է, որ Վաշինգտոնը չեղարկում է ծրագրի օպերատոր Nord Stream 2 AG շվեյցարական ընկերության նկատմամբ սահմանված պատժամիջոցները:

2015-ի նոյեմբերին Արևելյան Ուկրաինայում ռուս անջատականների դեմ պայքարում Կիևին ռազմական և քաղաքական օգնություն տրամադրելու թեմայով քննարկման ընթացքում Դաննիգանն անդրադարձել է «Հյուսիսային հոսք-2» գազատարի ծրագրին և դիմելով եվրոպացիներին, ասել է.- «Դուք պետք է հարց տաք, թե ինչո՞ւ է Արևմուտքը մի ձեռքով սատարում Ուկրաինային և մյուս ձեռքով խեղդում»:

Բայդենի վարչակազմի որոշմամբ՝ Ամոս Հոխշտայնը պետք է հսկի Գերմանիայի հետ ԱՄՆ համաձայնության կատարման ընթացքը:

Հոշտայնը 2014-17 թվականներին աշխատել է որպես էներգետիկայի հարցերով հատուկ բանագնաց և հսկողության տակ է պահել Պետդեպարտամենտի էներգետիկ պաշարների վարչության գործունեությունը հենց այն շրջանում, երբ այնտեղ ծառայել է Ռոբին Դաննիգանը: Բացի այդ, Հոխշտայնը եղել է նաև Naftogaz ուկրաինական պետական ընկերության տնօրենների խորհրդի անդամ:

Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունից «Ազատության» թղթակից Թոդ Փրինսին հայտնել են, որ նշված կադրային փոփոխությունները կատարվել են Պետական դեպարտամենտում ընդունված ռոտացիայի՝ անձնակազմի կանոնավոր փոփոխության քաղաքականության շրջանակներում:

Արդեն նախկին փոխպետքարտուղարի տեղակալ Քենթի հետագա պաշտոնավարման մասին տեղեկություններ այս պահին չկան: Փոխպետքարտուղարի պաշտոնում աշխատելուց առաջ Քենթը Կիևում աշխատել է որպես ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալ, մինչ այդ էլ բարձր պաշտոններ է զբաղեցրել ԱՄՆ դեսպանություններում Լեհաստանում, Թաիլանդում և Ուզբեկստանում:

2019 թվականին Քենթը հանդես է եկել որպես առանցքային վկա նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի դատավարության ընթացքում: Ուկրաինայում Քենթը խստորեն քննադատել է երկրի ղեկավարներին համատարած կոռուպցիայի դեմ հարկ եղած ուժով չպայքարելու համար և կոչ է արել հետաքննել բարձրաստիճան պաշտոնյաների և օլիգարխների ապօրինի գործարքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG