Մատչելիության հղումներ

Սերբիայում հայտնաբերվել և ձերբակալվել է Հայաստանի կողմից հետախուզվող մակեդոնացին


Հայաստանի գլխավոր դատախազության շենքը, Երևան
Հայաստանի գլխավոր դատախազության շենքը, Երևան

Հայաստանի գլխավոր դատախազությունը հաղորդում է, որ Սերբիայի Հանրապետության իրավասու մարմինները հայտնաբերել են Հայաստանի կողմից հետախուզվող, Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացի Միլե Միլենկովսկուն և ձերբակալել։ Այժմ սպասում են մեղադրյալին արտահանձնելու որոշմանը։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն «Ազատությանը» փոխանցեց, որ Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացի Միլենկովսկին Հյուսիսային Մակեդոնիայի, Բուլղարիայի և Ուկրաինայի 5 քաղաքացիների մասնակցությամբ օգնել է Հայաստանից փախչել «Հյուսիս-հարավ» ճանապարհային ծրագրով շինարարական աշխատանքներն իրականացրած ֆրանսիական ընկերություններից մեկի ներկայացուցիչ, Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացի Բրանիսլավ Դիմիտրիևիկին։

«Ըստ պաշտոնապես դատախազությանը հայտնված տվյալների` այո, հայտնաբերվել և ձերբակալվել է Սերբիայի Հանրապետության իրավասու մարմինների կողմից, ինչի կապակցությամբ դատախազության կողմից այս պահին արդեն իսկ նախապատրաստվում են համապատասխան փաստաթղթերը նրան Հայաստանի Հանրապետությանը հանձնելու գործընթացի շրջանակներում», - ասաց Գոռ Աբրահամյանը:

Մակեդոնիայի հեռուստաընկերություններից մեկը հաղորդում է, որ ձերբակալվածը ԵԱՀԿ-ում Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալն է։ Գլխավոր դատախազի խորհրդականը փոխանցեց՝ նման տվյալների չի տիրապետում։

Հայաստանի հյուսիսը հարավին կապող ավելի քան 1.5 միլիարդ դոլարանոց ծրագիրն իրավապահների ուշադրության առանցքում է հայտնվել 2018-ի հեղափոխությունից հետո, հարուցված քրեական գործով նախնական տվյալներով` 2009-2018 թվականներին ծրագրի իրականացման ընթացքում պետությանը պատճառվել է շուրջ 50 միլիոն դոլարի վնաս։ Ըստ իրավապահների` ծրագրի հետ կապ ունեցած պաշտոնյաներն ու տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ խախտումներ են թույլ տվել, որի հետևանքով այն անարդյունավետ է իրականացվել, և շուրջ 10 տարվա ընթացքում չեն ավարտվել Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման աշխատանքները։

Այս գործով դեռ 2019-ին մեղադրանք էր առաջադրվել նաև «Հյուսիս-հարավ» ծրագրի տեխնիկական հսկողություն իրականացնող ֆրանսիական «Սաֆեջ Էս. Ա. և Էպտիսա» համատեղ ձեռնարկության ծրագրի թիմի ղեկավար Բրանիսլավ Դիմիտրիևիկին, որին էլ համերկրացի դիվանագետը, ըստ իրավապահների, օգնել է փախչել Հայաստանից։ Գլխավոր դատախազության տվյալներով` Բրանիսլավ Դիմիտրիևիկը ստորագրություն էր տվել չհեռանալու մասին, բայց Միլենկովսկու և այլ օտարկերացիների օգնությամբ 2019-ին հեռացել էր Հայաստանից՝ փորձելով խուսափել արդարադատությունից։

«Խոսքը վերաբերում է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության մի քաղաքացու, որը հանդիսանում է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցք ծրագրի շրջանակներում կատարված շինարարական աշխատանքներին ներգրավված ընկերություններից մեկի ներկայացուցիչը, նրան մեղադրանք է առաջադրվել հարուցված քրեական գործի շրջանակներում Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի հատկանիշներով», - մանրամասնեց Աբրահամյանը:

Գլխավոր դատախազի խորհրդականը փոխանցեց, որ ֆրանսիական ընկերության պատասխանատուին՝ Հայաստանից փախչել օգնողներից մեկի գործն արդեն դատարանում է։ Խոսքը Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացի Զորան Սպիրևի մասին է։ Նա և «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային վերահսկողության բաժնի ավագ հսկիչ Գևորգ Գևորգյանը մեղադրվում են «Հյուսիս-հարավ» ծրագրի ֆրանսիական ընկերության ներկայացուցիչ Դիմիտրիևիկին Հայաստանից փախցնելու համար։

Գևորգյանը մեղադրվում է պաշտոնական անփութության համար։ Նա, ըստ քրեական գործի, չի ստուգել, որ Դիմիտրիևիկը Հայաստանը լքել է ոչ թե իր, այլ հանցավոր խմբավորման անդամ Զորան Սպիրևի անձնագրով։ Աբրահամյանը պատմեց՝ «Հյուսիս-հարավ» ծրագրով մեղադրյալին օգնելով իր անձնագրով հեռանալ Հայաստանից` Սպիրևը մի քանի օր մնացել է Հայաստանում։ Հետո ընկերները նրա անձնագիրը հետ են ուղարկել Հայաստան։ Եվ երբ Սպիրևը որոշել է մեկնել Հայաստանից, սահմանի վրա ԱԱԾ-ն կասկածել է, թե ինչպես է ստացվել, որ անձնագիրը հայտնվել է նրա մոտ այն դեպքում, երբ դրանով օրեր առաջ մեկ այլ անձ դուրս է եկել երկրից և չի վերադարձել։

«Տվյալ մեղադրյալը, որի նկատմամբ խափանման միջոց ստորագրություն էր ընտրված եղել, նա ապօրինի խմբի օգնությամբ, օժանդակությամբ հատել է ՀՀ սահմանը: Տվյալ քաղաքացին, ում անձնագիրը եղել է հեռացողի մոտ, մնացել է Հայաստանի Հանրապետությունում, հետագայում հենց վերջինիս հեռանալը կազմակերպելու պահին էլ հանցագործությունը բացահայտվել է», - հայտնեց Աբրահամյանը:

Դատախազությունը հաղորդում է, որ արտասահմանցիների այս հանցավոր գործողություններն իրականացվել են այն ժամանակ, երբ Հայաստանում Եվրամիության գագաթնաժողովն էր անցկացվում, և այդ պատճառով օդանավակայանը ծանրաբեռնված էր։ Մի շարք միջազգային կազմակերպությունների տրամադրած վարկային միջոցներով իրականացվող «Հյուսիս-հարավ» ծրագրով մեղադրյաներ են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ» ընկերությունների ղեկավար Սեդրակ Առուստամյանը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանը, որը հետախուզվում է։ Մեղադրյալների թիվը մոտ երկու տասնյակ է։

XS
SM
MD
LG