Մատչելիության հղումներ

«Անլուրջ է՝ «վե՛րջ, կործանվեցինք ողբերգական տոնայնությունը»․ Բարսեղյանն ինքնիշխանության հարցում դրությունն անելանելի և կործանված չի համարում


Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավարի գնահատմամբ՝ Հայաստանի ինքնիշխանությունը երբեք կատարյալ չի եղել, իսկ պատերազմից հետո, Բարսեղյանի խոսքով, այդ վտանգը զգալիորեն աճել է։

«Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ ինքնիշխանության համար տարվող պայքարը Լևոն Բարսեղյանն իրական համարեց և անլուրջ որակեց՝ «վե՛րջ, կործանվեցինք» ողբերգական տոնայնությունը։

Դրությունն անելանելի և կործանված չհամարելով՝ նա որևէ մեկին խորհուրդ չի տալիս այդ տոնայնությամբ շարունակել։

Բարսեղյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Արդյո՞ք արտահերթ ընտրությունները քաղաքական չգնաժամը լուծել են։ Տեսեք, նույն խորհրդարան անցած ուժերն այսօր արդեն ասում են, որ էս Ազգային ժողովն էլ երկար կյանք չի ունենալու։

Լևոն Բարսեղյան․ - Իրենց իրավունքն է, իրենք կարող են ասել։ Ես վստահ եմ, որ զգալիորեն թուլացրել են քաղաքական լարումները երկրում։ Շատ շատերը ողջամիտ կասկածներ ունեին, որ պատերազմից հետո իշխանությունը կորցրել է իր լեգիտիմությունը, ու հազիվ թե հիմա նույնիսկ 20-25 տոկոսի քվեր ունենա։ Դրա ամենաարդյունավետ լուծումը վերաքննություն էր, ինչպես ասել եմ, և այդ վերաքննությունը ես պատկերացրել եմ, այդպես եղավ, դա արտահերթ խորհրդարանական ընտրություններն են։ Սա ամենաողջամիտ՝ ո՛չ հրաշալի, ո՛չ իդեալական, բայց ողջամիտ և եղածների մեջ ամենաարդյունավետ լուծումն է, և այդ վերաքննությամբ մարդիկ ասել են՝ «այո՛», այս իշխանությունը որոշակի քվեներ կորցրել է, տոկոսները հիմա չպատմեմ, բայց 54 և քանի տոկոսով ասել է՝ «այո՛, ես վստահության քվեն տալիս եմ», մասնակիցների մասին է խոսքը, էս էլ է խոսակցության առարկա, որովհետև շատերն ասում են՝ «է քիչ մարդ է մասնակցել, իրանց տված քվեն ինչ»։ Քաղաքականության մեջ այդպես է՝ իշխանության ձևավորումը վերաբերում է նրանց, ով հետաքրքրվում է դրանով։ Հիմա բնակչության կեսն է մասնակցել, իրեն դա է հետաքրքրում, էն մյուսները գնային, իրենց ձայնն ասեին։ Համարում եմ, որ զգալիորեն թուլացրել են քաղաքական լարումները։ Հանրությունը տեսել է, թե որ քաղաքական ուժն, ինչ կշիռ ունի՝ չնայած եղած խախտումներին, ընտրակաշառքի դեպքերին, վարչական ռեսուրսի չարաշահումներին, դրանք զգալի, կամ որակական ազդեցություն չեն ունեցել ստացած քվեների վրա։ Իմ խորը համոզմունքն է սա և մեր դիտորդական առաքելության եզրակացությունն ընդհանուր առմամբ։

Քաղաքակիրթ աշխարհը վերաքննության մեթոդն ունի նման դեպքերում։ Ամենածանր դեպքերում իշխանության քաղաքական որակի քննությունը դա արտահերթ ընտրությունն է։ Եթե ուրիշ ավելի լավ մեթոդ կա, պարտավոր են էս մտքի ընդդիմախոսները հրապարակեն իմանանք, թե մարդկությունն էդ ի՞նչ նոր մեթոդ է հորինել, որից մենք տեղյակ չենք։ Հասկանալի է՝ այդ մեթոդների մեջ բռնի ուժի կիառումը չպիտի լինի։ Դա պիտի բացառվի, հակառակ դեպքում դա բերելու է համանման մեթոդների կիրառման այդ մեթոդները կիրառողների դեմ։ Այս ռիսկը բոլորը պիտի հաշվի առնեն։

«Ազատություն»․ - Դուք Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգ տեսնո՞ւմ եք։

Լևոն Բարսեղյան․ - Հայաստանի ինքնիշխանությունը երբեք կատարյալ չի եղել, պատերազմից հետո այդ վտանգը զգալիորեն աճել է, լրջագույն վնաս ու հարված է ստացել Հայաստանի ինքնիշխանությունն ու ահագին ետ է շպրտվել այն գաղափարից, թե մենք կարող ենք ունենալ իսկապես ինքնիշխան երկիր։ Սակայն, այս իմաստով, ես համարում եմ, որ ինքնիշխանության համար պայքարն իրական է և անլուրջ եմ համարում ողբերգական տոնայնությունը, թե «վե՛րջ, կործանվեցինք» և այլն, և այլն։

«Ազատություն»․ - Եթե մի քիչ փորձի ողնաշարն ուղղել, այս և այնկողմ նայել, պետք է հիշի, որ Արցախում կանգնած են ռուս խաղաղապահները։

Լևոն Բարսեղյան․ - Հասկանում եմ բոլոր ռիսկերը, միաժամանակ մինչև Արցախում ռուս խաղաղապահների լինելը, Հայաստանում կար և կա ռուսական զորք, և այլն, և այլն, բազմաթիվ խնդիրներ, կապիտալի զգալի մասը կառավարվում է Ռուսաստանի կողմից, չեմ ուզում հիմա շատ մանրամասնել։ Ասածս այն է, որ ես դրությունն անելանելի և կործանված չեմ համարում և որևէ մեկին խորհուրդ չեմ տալիս այդ տոնայնությամբ շարունակել, եթե իհարկե հատուկ դիտավորություն չունեն այդ անողները։ Ասենք՝ գործող իշխանությունը դուրս չի գալիս, կամ էսինչը դուրս չի գալիս, բեր ես ասեմ՝ Հայաստան այլևս գոյություն չունի։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորը․

XS
SM
MD
LG