Մատչելիության հղումներ

Երկու ճանապարհահատվածների բացման շուրջ բանակցությունները վերսկսվել են․ Սյունիքի փոխմարզպետ


Հայ զինվորը հսկողություն է իրականացնում Շուռնուխի հատվածում, արխիվ

Կարմրաքար-Շուռնուխ, Գորիս-Որոտան ճանապարհահատվածների բացման շուրջ բանակցությունները վերսկսվել են, «Ազատությանը» փոխանցեց Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը։

«Գորիսից Որոտան ճանապարհի մի հատվածն էլ է փակ այս պահին՝ առավոտվանից։ Իմ ունեցած տեղեկություններով՝ հիմա բանակցություններ են ու չեմ կարող ասել, թե ինչի շուրջ են բանակցությունները», - ասաց փոխմարզպետը։

Այսօր առավոտյան Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդեց, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են:

Ավելի ուշ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հայտնեց, որ ադրբեջանական զինծառայողներն այսօր փակել են նաև Գորիսից Որոտան տանող ճանապարհը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում, կառավարության ծրագիրը ներկայացնելիս, պարզաբանեց՝ ադրբեջանցիները փակել են ճանապարհը՝ բատճառաբանությամբ, թե «նախորդ գիշեր միջադեպ է տեղի ունեցել․ հայկական կողմից մարդիկ են մտել և դանակահարել ադրբեջանցի սահմանապահներին»։

Փաշինյանը պաշտոնապես հայտարարեց՝ դանակահարության վերաբերյալ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում՝ շեշտելով՝ ճանապարհների փակումը հակասում է Պաշտպանության նախարարության 2020 թվականի դեկտեմբերի 19-ի պայմանավորվածությանը, որը ձեռք է բերվել Հայաստանի և Ռուսաստանի միջև։

XS
SM
MD
LG