Մատչելիության հղումներ

Հազարավոր մարդիկ Քաբուլի օդակայանում ծանր պայմաններում են հայտնվել


Կանադացի զինծառայողներն օգնություն են տրամադրում օդակայանում հավաքված մարդկանց, Քաբուլ, 24 օգոստոսի, 2021թ.

Աֆղանստանից հեռանալու մտադրություն ունեցող հազարավոր մարդիկ այս պահին գտնվում եմ մայրաքաղաք Քաբուլի Համիդ Քարզայի օդակայանի տարածքում:

Ըստ ականատեսների՝ նրանք հայտնվել են անտանելի ծանր պայմաններում, չունեն ջուր և սնունդ:

Միացյալ Նահանգները հայտնել է, որ օգոստոսի 25-ի դրությամբ Աֆղանստանից ընդհանուր հաշվով տարհանվել է ավելի քան 75 հազար մարդ՝ օտարերկրացի դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների աշխատողներ և «վտանգված աֆղանստանցիներ»: ԱՄՆ-ում և արևմտյան մյուս երկրներում այդպես են անվանում երկու տասնամյակի ընթացքում Արևմուտքի հետ համագործակցած աֆղանստանցիներին՝ թարգմանիչներին, վարորդներին, միջազգային կառույցների և իրավապաշտկան կազմակերպությունների աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին: Այդ մարդիկ վախենում են երկիրը գրաված թալիբների վրեժխնդրությունից:

Արևմտյան երկրները փորձում են տարհանումն ավարտել մինչև թալիբների հետ համաձայնեցրած ժամկետը՝ օգոստոսի 31-ը:

Թալիբները պնդում են, որ սեպտեմբերի 1-ից երկրի տարածքում գտնվող ցանկացած արտասահմանյան ստորաբաժանում կհամարվի զավթիչ, որի նկատմամբ կկիրառվեն համապատասխան գործողություններ:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ հարկ եղած դեպքում ամերիկյան ուժերի տեղակայումը կերկարգձվի: Բայդենը նախազգուշացրել է, որ ամերիկացի զինծառայողների նկատմամբ որևէ թշնամական գործողություն կարժանանա չափազանց կոշտ ռազմական պատասխանի:

Բայդենը չի բացառել, որ նման գրոհներ կարող են իրականացնել «Աֆղանստանի թալիբների մահացու թշնամիներ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները»:

Թալիբները Միացյալ Նահանգներին կոչ են արել «չդրդել երիտասարդ կիրթ աֆղանստանցիներին լքել երկիրը»:

XS
SM
MD
LG