Մատչելիության հղումներ

«Քաբուլի անկումը նախագահ Բայդենի Սայգոնն է»


Աֆղանստան - Մարդիկ ամեն կերպ ձգտում են հայտնվել օդանավում՝ երկրից հեռանալու համար, Քաբուլի օդանավակայան, 16-ը օգոստոսի, 2021թ.

Մեկնաբանելով անասելի խուճապն ու քաոսը, որն օգոստոսի 16-ին տիրում էր Քաբուլի օդանավակայանի տարածքում, ամերիկացի քաղաքական գործիչներից շատերը, հատկապես հանրապետականները, ինչպես նաև վերլուծաբաններից մի քանիսն ասում են, թե «սա նախագահ Ջո Բայդենի Սայգոնն է»:

1975 թվական: Վիետնամի մոտ 20-ամյա արյունալի պատերազմը մոտենում է ավարտին: Միացյալ Նահանգների կորուստները հասնում են 60 հազարին, Հյուսիսային և Հարավային Վիետնամի ընդհանուր կորուստները գերազանցում են 1 միլիոն 100 հազարը:

Կոմունիստական, նույն ինքը Հյուսիսային Վիետնամի բանակը գրավում է ամբողջ երկիրը: 1975-ի ապրիլի 30-ին կոմունիստները ներխուժում են Հարավային, նույն ինքը Դեմոկրատական Վիետնամի մայրաքաղաք Սայգոն:

Հյուսիսային Վիետնամի բանակը ներխուժում է Հարավային Վիետնամի մայրաքաղաք Սայգոն (ներկայիս Հոշիմին), 30-ը ապրիլի, 1975թ.
Հյուսիսային Վիետնամի բանակը ներխուժում է Հարավային Վիետնամի մայրաքաղաք Սայգոն (ներկայիս Հոշիմին), 30-ը ապրիլի, 1975թ.

Ամերիկացիները դրան նախորդող օրերին սկսում են դուրս հանել դիվանագետներին, ԱՄՆ և արևմտյան երկրների քաղաքացիներին, ինչպես նաև ամերիկյան կողմի հետ համագործակցող վիետնամցիներին, ովքեր գիտեն, որ կոմունիստների կողմից ձերբակալվելու դեպքում կդատապարտվեն երկարատև ազատազրկման, կամ էլ, ինչն առավել հավանական է՝ կգնդակահարվեն:

Եվ հազարավոր վիետնամացիներ նետվում են դեպի ամերիկյան դեսպանատուն, աղաչում են իրենց էլ տանել, կախվում են ուղղաթիռներից, վայր ընկնում, մի քանիսը զոհվում են:

Այդպիսին էր Սայգոնի անկումը: 20-րդ դարում դա Միացյալ Նահանգների միակ լուրջ ռազմական ձախողումն էր:

Վիետնամի կոմունիստներին զենքով, զինամթերքով, ռազմական տեխնիկայով, փողով և քաղաքական-դիվանագիտական լծակներով սատարել են ԱՄՆ աշխարհքաղաքական հակառակորդները՝ Խորհրդային Միությունը և Չինաստանը:

Վիետնամի պատերազմը մեծագույն դեր ունի Ամերիկայի բազում սերունդների համար, որոշիչ ազդեցություն է գործել ոչ միայն պատմության, այլև ամերիկյան քաղաքակրթության, մտածելակերպի և մշակույթի վրա:

Ոչ միայն ամերիկյան նապալմից հրկիզված վիետնամական գյուղերը, այլև Սայգոնում ուղղաթիռներից կախված հուսահատված վիետնամացիներն են այդ արյունալի պատերազմի դաժան սիմվոլը:

Սայգոնի անկումը դարակազմիկ երևույթ էր: Կոմունիստները հետագայում Սայգոնն անվանել են ի պատիվ նրանց շարժման լիդերի՝ Հոշիմին:

Եվ հիմա ԱՄՆ-ում շատերը կարծիք են հայտնում, որ Քաբուլի կորուստն էլ Ամերիկայի պատմության և ամբողջ աշխարհում Ամերիկայի համբավի ու դերակատարության վրա այդօրինակ մեծ ազդեցություն կգործի:

Խոսքը դեմոկրատական աշխարհի լիդերի առաքելությունը ստանձնած թիվ մեկ գերտերության նվաստացման մասին է: Սկզբունքային հակառակորդներն էլ Վիետնամի պատերազմի օրերից չեն փոխվել՝ նույն Չինաստանն ու Ռուսաստանն են:

Հանրապետականները մռայլ կանխատեսումներ են անում: Սենատում փոքրամասնության լիդեր Միթչ ՄըքՔոնելի համոզմամբ՝ Քաբուլի անկումը հրճվանքով են ընդունում մոլորակի ծայրահեղականները:

«Կարծում եմ՝ Աֆղանստանը կորսված է: Աշխարհում բոլոր ահաբեկիչները հիմա ցնծության մեջ են՝ Սիրիայում, Եմենում, Աֆրիկայում, բոլորը տեսան, որ «Թալիբան»-ը առավելության է հասնում Ամերիկայի նկատմամբ, գործնականում պարտության է մատնում Ամերիկան», - ասել է ընդդիմադիր կուսակցության բարձրաստիճան ղեկավարը:

Միթչ ՄըքՔոնելի խոսքով, նախագահը պարտավոր է անհրաժեշտ թվով զինվորներ ուղարկել Քաբուլ՝ մարդկանց տարհանումն ապահովելու, ոչ միայն ամերիկացիներին, այլև դաշնակից աֆղանստանցիներին անվտանգ դուրս հանելու համար:

«Սա տխուր օր է Ամերիկայի Միացյալ Նահանգների համար», - ասել է ԱՄՆ Սենատում հանրապետականների փոքրամասնության ղեկավարը:

Այնուամենայնիվ, Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենը վերջին օրերին մշտապես պնդում է, որ ստեղծված իրավիճակում այլընտրանք չուներ:

XS
SM
MD
LG