Մատչելիության հղումներ

Առաջիկա եռամսյա հավաքները, ըստ ՔՊ պատգամավորի, «կոնկրետ կապված չեն պատերազմի վտանգի հետ»


Հայաստանում օգոստոսի 25-ին մեկնարկող եռամսյա վարժական հավաքները, որոնց մասնակցելու են շուրջ 2 հազար պահեստազորայիններ, պետք է դիտարկել բացառապես մոբռեսուրսի արդիականացման տեսանկյունից: Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարեց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման եթերում իշխանական խմբակցության պատգամավորն ասաց. - «Մենք տեսանք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ մեծ խնդիր ունեինք հենց մոբռեսուրսի հետ, ովքեր չէին կարողանում, չէին տիրապետում մարտական գործողություններին: Եվ հիմա այդ միջոցառումները արվում են, հենց մոբռեսուրսը որպեսզի բերեն այն մակարդակի, որ, Աստված մի արասցե, եթե հայտնվենք նորից պատերազմական իրավիճակում, ապա մեր մոբռեսուրսը տիրապետի զենքին, տիրապետի պատերազմական իրավիճակներին, և այս միջոցառումները կապ ունեն անմիջապես հենց մոբռեսուրսի գործողությունների հետ»:

«Այո, ունենք սահմանին լարվածություն, բայց այս միջոցառումները կոնկրետ կապված չեն պատերազմի վտանգի հետ, այս միջոցառումները արվում են, հենց կոնկրետ որպեսզի երկարաժամկետ առումով մեր մոբռեսուրսները լինեն պատրաստված», - ընդգծեց Հակոբյանը:

Դիտարկմանը, որ բավական մեծ ռեսուրս է պահանջվում այդ հավաքների համար, դրանց պետությունը բավականին լուրջ միջոցներ է հատկացնելու, Հրաչյա Հակոբյանն արձագանքեց. - «Դե բնականաբար, հեշտ գործողություն չի, և, այո, միջոցներ են պահանջվելու, և մենք պետք է այդ միջոցները տրամադրենք, որովհետև խոսքը գնում է մեր մոբռեսուրսի մասին: Մենք պետք է, այո, դրա համար նաև ծախս անենք, բայց, այնուամենայնիվ, մենք պետք է ունենանք համապատասխան մոբռեսուրս»:

«Եթե նախկինում այս գործողությունները, այս միջոցառումները արված լինեին, միգուցե մենք 44-օրյա պատերազմի ժամանակ բոլորովին այլ մոբռեսուրս կունենայինք, և, ինչու չէ, նաև կարող է պատերազմի ելքը բոլորովին այլ լիներ», - շեշտեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը:

Կառավարության օգոստոսի 18-ի որոշմամբ՝ օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը Հայաստանում հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա վարժական հավաք՝ պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման նպատակով։ Ինչպես Պաշտպանության նախարարությունն է նշել՝ ըստ անհրաժեշտության, հավաքների մասնակիցները կներգրավվեն նաև մարտական հերթապահության։

Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG