Մատչելիության հղումներ

ՊՆ-ն առաջարկում է պահեստազորայիններին ներգրավել վարժական հավաքներում, ընդհուպ՝ մարտական հերթապահության մեջ


Պաշտպանության նախարարությունը առաջարկում է օգտագործել պահեստազորայինների ներուժը՝ նրանց ներգրավելով վարժական հավաքներում, ընդհուպ՝ մարտական հերթապահության մեջ։

Նախօրեին քննարկման դրված նախագծով նախատեսվում է օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ն անցկացնել ավելի քան 2000 պահեստազորայինների մասնակցությամբ հավաք։ Ռազմական մեկնաբան Դավիթ Հարությունովի կարծիքով՝ սա չի նշանակում, որ սպասվում է խոշորածավալ պատերազմ, բայց կապը սահմանագծին աճող լարվածության հետ միանշանակ է։

«Դա անպայման չէ, որ իր հետ բերի խոշորածավալ տարբերակ, այս լարվածության աճն ինչ-որ տեղ առիթ է նմանատիպ գործողությունների համար, ասեմ՝ դա ընդհանրապես բնականոն գործընթաց է զինված ուժերի համար: Ուզում եմ ընդգծել, որ տարբերություն կա անցյալ տարվա համեմատ, ծավալները համեմատաբար մեծ է ու մեկ էլ տրանսպորտային միջոցների գործոնն է: Դա կարելի է ասել այդպես հստակ փոխկապակցվածություն չկա, եթե հիմա ինչ-որ որոշակի շրջանից հետո սկսվեն նաև զորավարժություններ, էդ հավանականությունը որոշակի լարվածության աճի ավելի է մեծանում, որովհետև դա ընդհանրապես միջազգային պրակտիկա է, որ եթե վտանգը շատ մեծ է, պետք է բանակը բերել ոչ բացահայտ ռազմական դրության, զորավարժությունները դրա ճանապարհն է, որ դա քողարկված ճանապարհով արվի», - նշեց Հարությունյանը:

Թեև կառավարության նախագիծը դեռևս որոշման տեսք չի ստացել, բայց արդեն որոշ պահեստազորայինների ծանուցագրեր են ուղարկվել։ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայության հետ կապ հաստատել չի հաջողվում՝ այս և այլ հարցերի պատասխանները ստանալու համար։

Արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառվում է կառավարության որոշման երկու նախագիծ։ Երկուսի նպատակն էլ վարժական հավաքների կազմակերպումն է պահեստազորայինների մասնակցությամբ։ Առաջին փաստաթղթով նախատեսվում է եռամսյա վարժական հավաքներին ներգրավել ավելի քան 800 քաղաքացու՝ շարքային, ենթասպայական, սպայական կազմերից պահեստազորայիններ: Սահմանվում են նաև նրանց մասնագիտությունները, որոնք 10-ն են՝ մոտոհրաձգային, հրթիռա-հրետանային, հակաօդային պաշտպանության, հետախուզական, կապի, ինժեներական, ռադիոէլեկտրոնային պայքարի և այլն։ Ըստ այս որոշման նախագծի, սրանով կապահովվի պահեստազորայինների վարժական հավաքների անցկացումը և խնդիրների կատարման համար մարտունակ ստորաբաժանումների ավելացումը։

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը խոսում է Զանգեզուրի միջանցքի, սահմանագծման և սահմանազատման մասին, և պահեստազորայիններին մարտական պատրաստվածության բերելը կարող է դիտարկվել որպես դրա արձագանք, կարծում է ռազմական մեկնաբանը։

«Հիմա եթե հայկական կողմը չի զիջում ճնշման այս մակարդակի պայմաններում, այստեղ արդեն առաջանում է խնդիր՝ կա՛մ ադրբեջանական կողմը պետք է մեծացնի այդ ճնշումը, բայց դա իր մեջ պարունակում է ռիսկեր իր համար, որովհետև կա ռուսական գործոնը, որովհետև ռուսական կողմի ներկայությունը Հայաստանի տարածքում արդեն խնդիր է լինելու իրենց համար, կա՛մ պիտի այս տարբերակն ավելի երկարատև լինի, այսինքն այս հիմիկվա էսկալացիայի մակարդակն իրենք ուղղակի պահպանեն ամիսների ընթացքում, հույս ունենալով, որ հայկական կողմը կզիջի», - ասաց նա:

Հարությունովն ընդգծում է, որ պահեստազորայինները միշտ են ներառվել վարժական հավաքներում, բայց մեծամասամբ այն ձևական է եղել։ Եվ Արցախյան երկրորդ պատերազմը բացահայտեց այս համակարգի խնդիրները. «Մարդիկ ավարտում էին ծառայությունը, ֆորմալ ֆիքսվում էր, որ պահեստազորում են ու գործնականում ինտենսիվ աշխատանք իրենց մարտունակությունը պահպանելու համար չի արվել»:

Պաշտպանության նախարարության մշակած երկրորդ փաստաթղթով սահմանվում են վարժական հավաքների այլ ժամկետներ՝ օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը կզորակոչվի ավելի քան 2100 քաղաքացի՝ մոտոհրաձգային, հրթիռա-հրետանային, կապի, հետախուզական, ինժեներական մասնագիտություններով: Միևնույն ժամանակ, կառավարությունը մտադիր է վարժական հավաքների համար նույն ժամանակաշրջանում հավաքագրել մինչև 110 տրանսպորտային միջոց։

Համաձայն երկրորդ նախագծի, Պաշտպանության նախարարությունը մտադիր է պայմանագրեր կնքել պահեստազորայինների հետ, որոնցով նրանք կներգրավվեն մարտական հերթապահության։

Ստեղծված իրավիճակում սա նորմալ է, նշում է ռազմական մեկնաբանը. «Այդ տարբերակն ընդհանրապես նախատեսված է, այսինքն դա տեսականորեն հնարավոր տարբերակ է ու եթե հիշեք, պատերազմից հետո նման բան էլի կիրառվել է: Բայց էլի սա խոսում է, իհարկե, որոշակի լարվածության մասին ու արտառոց իրավիճակի»:

Նշվում է, որ վարժական հավաքների անցկացման ժամկետում անհրաժեշտությունը վերանալու դեպքում հավաքներին ներգրավված քաղաքացիներին ժամկետից շուտ կարող են արձակվել պահեստազոր։ Թե ինչ անհրաժեշտության մասին է խոսքը, Պաշտպանության նախարարությունը չի մանրամասնում։ Ռազմական մեկնաբանի կարծիքով՝ դա կարող է պայմանավորված լինել ինչ որ ռիսկային գործոններով, որոնց համար էլ նախատեսվում են նման միջոցառումները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG