Մատչելիության հղումներ

Ամերիկահայ բարերարները Գյումրիում բնակարանաշինական նոր ծրագիր են սկսում՝ տնակներում ապրողների համար


Գյումրիի քաղաքապետարանի շենքը

Ամերիկահայ բարերարները Գյումրիում սկսում են բնակարանաշինական նոր ծրագիր՝ տնակներում ապրող ընտանիքների համար: Գյումրիի համայնքապետարանը ևս իր մասնակցությունը կունենա: Ծրագիրն իրականացնող «ԱՌՔ» բարեգործական հիմանդրամի ներկայացուցիչ Հրահատ Ստեփանյանն ու Գյումրիի քաղաքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանը երեկ հուշագիրը ստորագրեցին:

«Գյումրու քաղաքապետարանը Անի թաղամասում «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամին անհատույց հատկացնում է հողատարածք՝ բազմաբնակարան շենք կառուցելու համար և տրամադրում է արտաքին ինժեներական ցանցերի կառուցման նախագիծ։ Գյումրի համայնքից ընտրվում են շահառու ընտանիքներ՝ առաջնահերթություն տալով քաղաքի կենտրոնական հատվածներում և կանաչ գոտիներում տեղադրված ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքներին», - ասաց Սանոյանը։

Նոր բնակարանները կկառուցվեն Գյումրիի Անի թաղամասում՝ խորհրդային շրջանի կիսակառույց շենքերի հիմքերի վրա: 350 քառակուսի տարածքում նախատեսում են կառուցել քառահարկ շենք:

Առաջին փուլում 15-ից 18 բնակարան կկառուցեն, նշեց բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Հրահատ Ստեփանյանը՝ հավելելով, որ ծրագիրը շարունակական կլինի, քանի որ բնակարանների տրամադրաման նոր մեխանիզմ կկիրառվի:

Բնակարանի արժեքի 50 տոկոսն անհատույց հիմանդրամն է տրամադրում մյուս 50 տոկոսը շահառու ընտանիքն է մուծելու՝ 10 տարվա ընթացքում՝ առանց հավելյալ տոկոսի:

«Ծրագիրն, ինքն իր մեխանիզմով արդեն շարունակականություն է ենթադրում, որովհետև էն 50 տոկոսը, որ պետք է 10 տարվա մեջ ամեն ամիս վճարումների ձևով հետ վերադարձնեն շահառուները, դրանք ամբողջովին ներդրվելու են հաջորդ փուլի շինարարության ժամանակ։ Էնպես որ Աստծուց առաջ չընկնենք, բայց վստահաբար երկար ճանապարհ ունենք անցնելու, շատ լավ ճանապարհ ունենք անցնելու», - ասաց Ստեփանյանը։

Վանաձորում ևս հիմնադրամը, նույն սկզբունքով, բնակարանաշինական ծրագիր է իրականացնում։ Հրահատ Ստեփանյանն հաշվարկ է անում, թե ամեն ամիս բնակարան ստացած ընտանիքը որքան գումար է մուծելու:

«Վանաձորում արդեն ամեն ինչ հստակ է, որ սկսել ենք, այնտեղ հիմքից տներ ենք կառուցում՝ քարաշեն տներ ենք կառուցում՝ զրոյից։ 79 քառակուսի մետրանոց 3 սենյականոց բնակարան են լինում, արժեքն արդեն հայտնի է՝ 12,5 միլիոն, ամսական հետվճարի գումարը կազմում է շուրջ 50 հազար դրամ։ Ստեղ, եթե նկատի ունենանք, որ 3-ից 4 բնակարան մեկ հարկի վրա պետք է կառուցվի, շատ ավելի քիչ կլինի։ Քառակուսի մետրից է կախված էդ վճարի գումարը, կարծում եմ 20-ից 25 հազար դրամի մասին խոսք կլինի ամեն ամսվա հետվճարը 10 տարվա ընթացքում, որը, վստահաբար, պետք է որ բոլորի համար հասանելի լինի, կամ շատերի համար հասանելի լինի», - ասաց Ստեփանյանը։

Բնակարանը ստանալուց հետո 10 տարվա ընթացքում շահառուն այն օտարելու իրավունք չի ունենա: Ծրագիրն ավելի շատ միջին եկամուտ ունեցող ընտանիքներին կվերաբերի, քանի որ տնակներում ապրող այդ խմբի ընտանիքները գրեթե միշտ դուրս են մնացել աջակցության ծրագրերից:

«Սա այն խավն է, որ միշտ չենք ընտրել, մի փոքր եթե վճարունակ են եղել, ավելի լավ են եղել, միշտ թողել ենք, ամենակարիքավորին ենք ընտրել, մի քիչ արդարության բան կա էստեղ․ մենք ամենավատ պայմաններումին ենք ընտրել սոցիալականի համար, սա արդեն ուրիշ է։ Մարդ պիտի պայմաններ ունենա, մարդը տարիներով դոմիկի մեջ է մնացել, հիմա իրանց էլ է շանս տրվում», - նշեց «ԱՌՔ» բարեգործական հիմանդրամի ներկայացուցիչը։

Ծրագիրը դեռ պետք է հաստատվի Գյումրիի ավագանու կողմից, որից հետո հնարավոր է արդեն այս տարի սկսվեն աշխատանքները: Գյումրիի քաղաքպետի տեղակալ Ռուբեն Սանոյանն ասում է՝ պարտադիր պայման է, որ բնակարան ստացողի տնակն ապամոնտաժվի․ - «Պարտադիր տնակները քանդելու են»։

Սանոյանը նաև անօթևանների հաշվառման համար կառավարության կողմից կազմված հանձանաժողվի անդամներից է։ Հարցին, թե որքա՞ն ժամանակավոր կացարան է ի վերջո հաշվառվել Գյումրիում, Սանոսյանը պատասխանեց․ - «Անօթևանության կարգավիճակ ունեցողների հարցը շատ քիչ է մնացել՝ այնտեղ 414 բնակարանի մասին է խոսքը, բայց ովքեր ունեն կարգավիճակ, իսկ դրսից եկած և տարբեր կերպ տնակներ ձեռք բերած՝ մոտ 2 հազար 800 տնակի մասին է խոսքը»։

Շահառու ընտանիքներին հիմնադրամի ու քաղաքապետարանի համատեղ հանձնաժողովը կորոշի: Ծրագրի առաջին փուլը նախատեսում են 2 տարվա ընթացքում ավարտել:

XS
SM
MD
LG