Մատչելիության հղումներ

Փորձագետները կառավարության ծրագրում նշված նպատակներին հասնելու ճանապարհային քարտեզ չեն տեսնում


Կառավարության երեկ ընդունած հնգամյա ծրագրի անվտանգությանը և տնտեսությանը վերաբերող դրույթներում փորձագետները կոնկրետություն՝ ուղենշված նպատակներին հասնելու ճանապարհային քարտեզ չեն տեսնում։

«Այնտեղ կար այպիսի կետ` Արցախի հարցի արդարացի լուծում, սակայն խնդիրը նա է, որ մինչև հիմա պարզ չէ, թե ընդհանրապես ներկայիս կառավարությունն Արցախ ասելով ինչ է հասկանում, այսինքն` ո՞րն է այդ Արցախը», - ասում է քաղաքագետ Բենյամին Պողոսյանը:

«Այնպայման չէ, որ կոնկրետ ծրագրեր նշվեն, այլ քաղաքականությունն այդ ոլորտում, քաղաքականության մասով, մոդելի մասով չկան մոտեցումներ այս ծրագրի մեջ», - նկատում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Նոր ձևավորված կառավարության 2021-2026 թվականների 6 բաժիններից բաղկացած ծրագրի անվտանգային հարցերին վերաբերող դրույթներում ներառված են զինված ուժերի բարեփոխման, հայ-ռուսական ռազմավարական դաշինքի, ռուսական 102-րդ ռազմաբազայի ու սահմանապահ զորքերի, ՀԱՊԿ-ի, ղարաբաղյան հիմնախնդրի լուծման, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի առանցքային դերի, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին դրույթներ։

Ըստ կառավարության ծրագրի՝ տարածաշրջանում խաղաղությունը և կայունությունը Հայաստանի երկարատև ռազմավարությունն է, և սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու:

Այս կետերում կոնկրետությունն է բացակայում, պարզ չէ, թե ինչպես է Փաշինյանի կառավարությունը հասնելու այս նպատակներին, շեշտում է քաղաքագետ Բենյամին Պողոսյանը։ Ըստ նրա` շատ կարևոր հարցերի վերաբերյալ այս փաստաթուղթը պարզություն չի մտցնում. «Ինչպե՞ս ենք մենք պատրաստվում, օրինակ, դուրս շպրտել ադրբեջանական ուժերին Հայաստանի Հանրապետության տարածքներից: Կառավարությունը խոսում է, որ պետք է աստիճանաբար Պաշտպանության նախարարության կամ զինված ուժերը հետ քաշել, մեծացնել սահմանապահ զորքերը, ծառայությունը փոխանցել սահմանապահ զորքերին, նաև էականորեն ավելացնել Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմաններին, սակայն այս ամենը որևէ կերպ պատասխան չի տալիս այն հարցին, թե առաջին` այն տարածքները, որոնք արդեն Ադրբեջանը գրավել է, դրանց հետ ինչ է լինելու, և մենք ինչ ենք պատրաստվում անել, եթե Ադրբեջանը շարունակում է անընդհատ լարվածության մեջ պահել և հրետակոծել մեր սահմանները»:

Կառավարության հնգամյա ծրագրում սահմանված տնտեսական թիրախային ցուցանիշներն են. ՀՆԱ-ի տարեկան նվազագույնը 7 տոկոսի աճ, գործազրկության ցուցանիշի նվազեցում 10 տոկոսից ցածր մակարդակի, ծայրահեղ աղքատության վերացում, նվազագույն աշխատավարձի բարձրացում և այլն:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի գնահատամամբ` այն, որ տարբեր ոլորտների վերաբերյալ գործադիրի ծրագրում թիրախային ցուցանիշներ են գրված, դրական է և թույլ կտա հաջորդ 5 տարիների ընթացքում չափել ու գնահատել կառավարության աշխատանքը, սակայն ինչպես է գործադիրը հասնելու իր նպատակներին, ըստ տնտեսագետի ներկայացված չէ. օրինակ` նշված չէ՝ նախանշված ծրագրերի համար անհրաժեշտ եկամուտները որտեղից են ներառվելու. «Կառավարությունը նախանշել է ծախսային ծրագրեր տարբեր ուղղություններով, օրինակ` երեք և ավելի երեխա ունեցողներին 50 հազար դրամ նպաստ, թոշակները պետք է բարձրացվեն և այլն: Միանշանակ շատ կարևոր է, ողջունելի է, բայց այդ եկամուտները, որոնք պետք է ապահովեն այդ ծրագրերի իրականացման համար, դրա մասին տեղեկատվություն չկա: Կառավարությունը նշում է, որ պարտք ՀՆԱ հարաբերակցությունը 60 տոկոսից չի անցնելու, այսինքն` պարտքի հաշվին դա չի անելու, բայց ներքին միջոցների, ներքին եկամուտների մասին որևիցե տեղեկատվություն չկա»:

Նորընտրիր կառավարության հնգամյա ծրագիրը հաջորդ շաբաթ ներկայացվելու է խորհրդարանում։

XS
SM
MD
LG