Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը առաջարկում է խորհրդարանում քննարկել սահմանային իրավիճակը


Ազգային ժողովի նիստ, արխիվ
Ազգային ժողովի նիստ, արխիվ

Մինչ պաշտոնական Երևանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սպառնալիքներին պատասխանում է լռությամբ Ալիևը նոր սպառնալիքներ է հնչեցնում և շարունակում է լարված պահել հայ-ադրբեջանական սահմանը։

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քարվաճառում շրջայց կատարելիս է Ալիևը հայտարարել՝ Սյունիքն ու Սևանը ադրբեջանական տարածքներ են։ Դրանից առաջ էլ նոր պատերազմի մասին Ալիևի սպառնալիքն էր, որից մեկ օր էլ չէր անցել և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրվեց։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այսօր առաջարկեց խորհրդարանում քննարկել սահմանային իրավիճակը։

«Սա առաջին հերթին անհրաժեշտ է նրա համար, որպեսզի մեր ժողովրդի մոտ որևիցե մի մտահոգություն կամ մտավախություն չմնա, որովհետև մեր իշխանությունները կարծես թե հեռացել են այդ գործընթացից: Մարդու իրավունքների պաշտպանն է միայն համապատասխան տեղեկություններ տալիս մեր հանրությանը», - նշեց Սեյրան Օհանյանը:

Թե՛ Օհանյանի առաջարկին պատասխան, թե՛ Ալիևի հայտարարությանը արձագանք իշխանական խմբակցությունից ստանալ մեզ չհաջողվեց։ Չնայած օրվա ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները փակ ֆորմատով քննարկում արեցին, բայց ինչպես խմբակցության ղեկավարից տեղեկացանք՝ ընդդիմության առաջարկը չէր քննարկվել։

Ըստ խորհրդարանական ընդդիմության՝ Ադրբեջանը Երևանի լուռ պահվածքը գնահատել է որպես թուլության նշան ու անցել գրոհի։ «Երբ մենք ասում ենք, որ այսօրվա իշխանություններն են մեղավոր այս ամենի համար՝ պատերազմում կրած պարտություն, այնուհետև բոլոր այս սահմանային խնդիրները, իրենք ասում են՝ մենք չենք մեղավոր, բա Ադրբեջանը, մենք էլ հենց նույն բանն ենք ասում, բա Ադրբեջա՞նը, ինչո՞ւ չեք դուք Ադրբեջանին դատապարտում, ինչո՞ւ դուք միջազգային հանրությանը չեք ներկայացնում, որ Ադրբեջանն է հանցագործը, սադրանք կազմակերպողը: Փոխանակ այս գործով իրենք զբաղվեն, իրենք միայն զբաղվում են ներքին քաղաքական խնդիրներով, իրենց աթոռները պահելով, ռուսական այսպիսի մի խոսք կա, ասում է՝ бей своих чтоб чужие боялись, իրենք այդ գործընթացն են իրականացնում», - ասաց Օհանյանը:

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը սահմանի լարված իրավիճակը հետևանք է համարում նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարության, որտեղ չկան սահմանված անհրաժեշտ մեխանիզմներ այսօրվա սահմանային ճգնաժամից խուսափելու համար։ Բացի այդ մատնանշում է հետպատերազմյան շրջանում սահմանագոտու հետ կապված ԶՈւ-ի անգործությունը:

«Արդյունքում սահմանային տարբեր հատվածներում, սկսած այնտեղից, որոնք նոր իրողությունների պայմաններում նոր սահման են մեզ համար ստեղծել, վերջացրած հետպատերազմյան ժամանակահատվածում տարբեր բնակավայրերի սահմանամերձ բնակավայրի կարգավիճակ ստանալով և դրանից բխող գործողությունների չիրականացմամբ, այսօր մենք ունենք նման զարգացումներ: Սա նաև խոսում է այն մասին, որ բանակցային գործընթացը, որը սկիզբ է առել նոյեմբերից հետո, այսինքն հրադադարի հաստատումից հետո, չի գնում այն ուղղությամբ, որը նախանշված է եղել հետպատերազմյան ժամանակահատվածում: Ադրբեջանն այս ընթացքում հանդես է եկել նոր առաջարկություններով, որոնք ըստ էության պարտադրանք են թվում, դրանք նոր կորուստներ են ենթադրում», - ընդգծեց Աբրահամյանը:

Շուրջ 8 տարի Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը ղեկավարած Օհանյանն ասում է, ակնհայտ է, որ այսօր Ալիևը մի քանի խնդիր ունի իրականացնելու։ Առաջինը որ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. «Որը մեծ հարված կլինի Արցախի ինքնորոշմանը»:

Ադրբեջանի հաջորդ խնդիրը, ըստ Օհանյանի, այսպես կոչված Զանգեզուրյան միջանցք է, որին կարող է տրվել նաև ապաշրջափակում անունը. «Մտավախություն ունենք, որ այս ապաշրջափակումը բերելու է Սյունիքի, Հայաստանի և ինչու չէ նաև Արցախի խորը շրջափակման»:

Այս համատեքստում Օհանյանը ընդգծում է այն հանգամանքը, որ չնայած 44-օրյա պատերազմին, իր գնահատմամբ, Հայաստանի ԶՈւ-ը ի զորու են կատարել իր առջև դրված խնդիրը: «Հայկական բանակի բոլոր հրամանատարները և բոլոր զինվորները ի վիճակի են մեր երկրի անվտանգության ապահովումն իրականացնել՝ մարտական հերթապահության, թե պաշտպանական գործողությունների միջոցով, պարզապես հստակ հրահանգ է պետք տալ դրանց», - նշեց նա:

Միայն օրվա վերջում իշխող խմբակցությունից հայտնեցին՝ կփորձեն վաղը փակ հանդիպում կազմակերպել սահմանային իրավիճակի թեմայով:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG