Մատչելիության հղումներ

Հայաստանում COVID-19-ով վարակվածության դեպքերը նկատելիորեն աճում են


Կորոնավիրուսով վարակվածության դեպքերը Հայաստանում նկատելիորեն աճում են։ Այսօր գրանցվել է վերջին ամիսների ամենաբարձր ցուցանիշը. հաստատվել է քովիդով վարակված 391 նոր դեպք։

Նախօրեին հիվանդությունից 6 մահվան դեպք է գրանցվել, կորոնավիրուսով վարակված ևս մեկ անձ այլ հիվանդության պատճառով է մահացել։ Այս պահին հիվանդանոցներում և տանը բուժում է ստանում ավելի քան 5400 մարդ։

Արդեն երկու օր է ինչ Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Covid բաժանմունքի վերակենդանացման բոլոր 40 մահճակալները զբաղված են, ասում է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

«Հուլիսի 27-ին Միքայելյան համալսարանական հիվանդանոցում դեպքերի աճի պատճառով բացվել է քովիդ բաժանմունքը։ Ձեզ կարող եմ այսօրվա տվյալները ասել, որ թերապևտիկ մահճակալների 80-ից 74-ը զբաղված է, իսկ վերակենդանացման բաժանմունքի 40 մահճակալներից 40-ն էլ զբաղված են, դա այսօր առավոտվա տվյալներ են», - ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավարը։

Դանիելյանն ընդգծում է՝ առողջապահական համակարգը լարված է, բուժաշխատողները ծանրաբեռնված աշխատանք են իրականացնում. «էս պահի դրությամբ վերակենդանացման բաժանմունքը, ինչպես ասացի, բավականին լարված է աշխատում, դա արդեն իսկ վկայում է այն մասին, որ դեպքերը ավելի ծանր են լինում, այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ բավականին ծանր, լարված իրավիճակ է համալսարանական հիվանդանոցում»։

Քովիդով վարակվածների աճին զուգահեռ աճում է հոսպիտալացման կարիք ունեցող հիվանդների թիվը, ընդգծում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը։ Այս հիվանդանոցում հիմնականում ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վարակակիրներն են բուժում ստանում։

«Հիվանդանոցային բուժման կարիք ունեցողների թիվը զգալիորեն սկսել է աճել վերջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում։ Որը տենդենց ունի, ըստ այսօրվա նկատառումների, դեռևս աճի միտում ունի։ Դրան զուգահեռ, իհարկե, ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդների թվաքանակն է աճում», - ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը:

Բուժկենտրոնի փոխտնօրենի խոսքով՝ հիվանդանոցը ծանրաբեռնված է գրեթե առավելագույն սահմաններում։ Մահճակալային ֆոնդի 85-90 տոկոս զբաղվածություն կա. «Առղջապահական համակարգը շարունակում է լարված աշխատել, ցավոք: Սա հետևանք է ամառային սեզոնի ակտիվ շփմանը, դրսից հյուրերի Հայաստան գալու կամ մեր քաղաքացիների դուրս գնալ-գալու հետ։ Վիրուսը ընթացքում վերափոխվում է։ Այսօրվա հիվանդների մեջ նկատվում է մի քիչ ավելի ագրեսիվ, ավելի արագ բարդացող, երիտասարդների շրջանում ավելի հաճախ հանդիպող բարդ դեպքերը»:

Այս պահին քովիդով հիվանդներին սպասարկում է 9 բժշկական կենտրոն, որոնցից 2-ը՝ մարզերում։ Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 82, ծանր վիճակում՝ 452 մարդ։ Վերակենդանացման բաժանմունքներում ընդհանուր առմամբ 184 մահճակալ կա, որից 153-ն արդեն զբաղված է, ազատ է միայն 31 մահճակալ։

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է նաև, որ կամավոր և անվճար շարունակվում է պատվաստման գործընթացը։ Ապրիլից մինչ օրս Հայաստանում պատվաստվել է ավելի քան 204 հազար քաղաքացի։ Վարչապետի հանձնարարականով առանձին վիճակագրություն է վարվում, թե պատվաստվածներից քանիսն են Հայաստանի քաղաքացի, քանիսը՝ օտարերկրացի։

Վիճակագրությունը, սակայն, վարվում է հուլիսի 15-ից։ Այդ օրվանից մինչև օգոստոսի 4-ը ներառյալ, առողջապահության նախարարի փոխանցմամբ, պատվաստվել է 58 հազար 108 անձ, որոնց շուրջ 96 տոկոսը կամ 56 հազար 10 եղել են Հայաստանի քաղաքացիներ։ Սակայն չկա վիճակագրություն, թե զբոսաշրջիկների մեծ հոսքի շրջանում՝ մինչև հուլիսի 15-ը, պատվաստված շուրջ 132 հազար քաղաքացիներից քանիսն էին հայաստանցիներ, քանիսը՝ օտարերկրացիներ։

Այժմ Հայաստանում 18-ից բարձր բոլոր անձանց համար անվճար և կամավոր երեք տեսակի պատվաստանյութ է հասանելի՝ ռուսական «Սպուտնիկ Վի», բրիտանա-շվեդական «ԱստրաԶենեկա» և չինական «Կորոնավակ»։

Առողջապահության նախարարությունը այս պահին բանակցություններ է վարում նոր պատվաստանյութեր ներկրելու համար․ աշնանը Հայաստան կբերվեն ամերիկյան Johnson & Johnson, ինչպես նաև Novavax-ի արտադրության փոքր խմբաքանակով պատվաստանյութեր։

XS
SM
MD
LG