Մատչելիության հղումներ

ԵՄ-ը ևս 35 մլն եվրո է տրամադրում Արևելյան գործընկերության երկրների՝ պատվաստանյութերով ապահովմանը


Եվրամիությունում օգտագործվող՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը, արխիվ
Եվրամիությունում օգտագործվող՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը, արխիվ

Եվրահանձնաժողովը 35 միլիոն եվրոյով ավելացրել է Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված վեց երկրներին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի տրամադրմանն ուղղված օժանդակության փաթեթը՝ 40 միլիոն եվրոյից հասցնելով 75 միլիոնի:

Եվրոպական հանձնաժողովի հաղորդագրության համաձայն՝ փաթեթի ընդլայնման նպատակն է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի համար ավելի հասանելի դարձնել պատվաստանյութերը՝ աշխարհում դրանց պակասի պայմաններում, դյուրացնելով ԵՄ անդամ երկրների կողմից պատվաստանյութերի տրամադրումը և փոխհատուցելով դրանց արժեքը: Այս օժանդակությունը լրացնում է COVAX նախաձեռնությանը Եվրամիության մասնակցությունը:

Սկզբնական՝ 40 միլիոն եվրոյի օժանդակության փաթեթը գործադրվել է այս տարվա փետրվարից՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համատեղ:

Եվրամիության հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին հայտարարել է. - «COVID-19 կործանարար համավարակն աննախադեպ լարվածություն է առաջացրել ամբողջ աշխարհով մեկ մարդկանց, առողջապահական համակարգերի և տնտեսությունների համար: Դժբախտաբար, Արևելյան գործընկերությունը բացառություն չէ: Եվրամիությունը վճռական է՝ աջակցելու մեր արևելյան հարևաններին պատվաստման գործընթացն արագացնելու գործում, քանի որ դա վճռական կլինի համավարակին վերջ դնելու և տարածաշրջանի սոցիալ-տնտեսական վերականգնումն սկսելու համար: Մենք հոգում ենք մեր գործընկերների մասին»:

Հիշեցնենք, Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է շուրջ 200 հազար մարդ:

XS
SM
MD
LG