Մատչելիության հղումներ

14 տարվա շահագործումից հետո «Շիրակ» օդանավակայանի վազքուղին հիմնանորոգվում է, նաև ժամանման նոր սրահ է կառուցվում


«Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերության տեխնիկական տնօրեն Աշոտ Միրզոյան
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերության տեխնիկական տնօրեն Աշոտ Միրզոյան

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում հուլիսի 15-ից դադարեցված են թռիչքները: Օդանավակայնում վազքուղու հիմանորգում է իրականացվում նաև նոր ժամանման սրահ է կառուցվում: Հատկապես վազքուղու հիմնանորգման անհրաժեշտություն կար, քանի որ 10 տարվա փոխարեն այն արդեն 14 տարի է շահագործվում:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերության տեխնիկական տնօրեն Աշոտ Միրզոյանի գնահատմամբ, վազքուղու վիճակը կրիտիկական էր: «14 տարի շահագործումից հետո բազմաթիվ ճաքեր էին առաջացել վազքուղու վրա, կորցրել էր իր հատկությունը և կրիտիկական վիճակ էր, դա համար որոշվեց վերակառուցել», - ասաց Միրզոյանը։

Վազքուղին հիմնանորոգելու համար 6 մլն դոլար է ներդրվելու: 3 հազար 220 մետր երկարություն ու 45 մետր լայնություն ունեցող վազքուղին հիմնանորգելուց հետո, կիրառվող հատուկ նյութերի շնորհիվ, ավելի երկար կծառայի, վստահեցնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերության տեխնիկական տնօրենը:

«Ասֆալտի հետ մենք խառնում ենք նաև հատուկ հավելանյութեր, որը մենք օգտագործել ենք «Զվարթնոց» օդանավակայանում, մեր հանրապետությունում նման հավելանյութեր չեն օգտագործվում, դրսում օգտագործվում են, մեզ մոտ չեն օգտագործում դեռ։ Մենք նախատեսում ենք, որ 15 տարուց ավելի կծառայի, ավելի երկար, քան՝ նախորդներն՝ ի շնորհիվ այդ հավելանյութերի, իհարկե նաև աշխատանքները լավ որակով են արվում, 15 տարի առնվազն նախատեսում ենք պահպանել վազքուղին», - ասաց Միրզոյանը։

«Շիրակ» օդանավակայնը միակն է, որը սպասարկում է և՛ քաղաքացիական, և՛ ռազմական օդանավերի: «Մեր վազքուղին Պաշտպանության նախարարության և Քաղավիացիայի հետ համատեղ օգտագործվում է, վազքուղու ծածկույթը հիմնականում ծառայում է և՛ զինվորականների, և՛ քաղաքացիական ավիացիայի համար, էնպես չի, որ սա պարտադիր արվում է միայն զինվորականների համար», - ասաց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերության տեխնիկական տնօրենը:

Հարցին, թե ի՞նչ հաստության ասֆալտաշերտ պետք է լինի, որ դիմանա և՛ ռազմական, և՛ ուղևորատար ինքնաթիռների ծանրությանը, Միրզոյանը պատասխանեց․ - «Դա կախված է ինքնաթիռի տեսակից, տիպից, քաշից։ Մեր էս վազքուղին ունի տարբեր շերտեր, 63 թվականից կառուցվել է, մի քանի անգամ նորոգվել է, ու միշտ շերտերն ավելացել են։ Կլինի մոտավորապես էս վազքուղու տակի շերտը մոտ 40-50սմ, որտեղ կա և՛ բետոնային հիմք, և՛ ասֆալտային ծածկույթ»։

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերությունը 1.5 մլն դոլար է տրամադրել նոր ժամանման սրահի կառուցման համար: Շինությունը գրեթե պատրաստ է, ներքին հարդարման աշխատանքներ են իրականացվում: Հին ու նոր սրահները միասին հնարավորություն կտան տարեկան սպասարկվող ուղևորների թիվը գրեթե եռապատկել, ասում է ընկերության ենթակառուցվածքների շինարարության ղեկավար Սևան Թահմասյանը:

«Նոր ուղևորային համալիր ենք կառուցել, քանի որ հինը, ուղևորների քանակի առումով և նորմատիվներով, չէր համապատասխանում պահանջներին։ Փաստացի հիմա սպասարկում ենք Գյումրիում 250 հազար ուղևոր՝ տարեկան, նոր համալիրն ընդլայնելով կսպասարկենք մինչև 700 հազար ուղևոր», - ասաց Թահմասյանը։

Ե՛վ վազքուղին, և՛ նոր ժամանման սրահը նախատեսվում է շահագործման հանձնել սեպտեմբերի 1-ին:

XS
SM
MD
LG