Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ը ուշադրությամբ հետևում է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությանը. Զասը՝ Փաշինյանին


ՀԱՊԿ-ը ուշադրությամբ հետևում է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությանը և մտահոգված է՝ զինված միջադեպերի աշխարհագրության ընդլայնման կապակցությամբ, այսօր ասել է ռազմական դաշինքի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ։

Ըստ ՀԱՊԿ հաղորդագրության, ընդգծվել է, որ ի հայտ եկած լարվածությունը բացասաբար է ազդում Հայաստանի անվտանգության, ինչպես նաև կազմակերպության պատասխանատվության ընդհանուր գոտու վրա և բարդացնում է Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների ղեկավարներ միջև նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին ձեռք բերված համաձայնությունների կատարմանը։

«Իհարկե, մենք կարծում ենք, որ հայ-ադրբեջանական միջադեպերը, որոնց մասին դուք խոսում եք, սպառնալիք են Հայաստանի համար։ Եթե խոսենք լուծման ուղիների մասին, ապա, կարծում ենք, որ այս իրավիճակը քաղաքական ճանապարհով կարգավորելու ուղիները դեռ չեն սպառվել, ինչն, ըստ էության, լավագույն տարբերակը կլիներ բոլորի համար», - ասել է Ստանիսլավ Զասը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաև ընդգծել է, որ կազմակերպության անդամ երկրների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանությունը ռազմական դաշինքի առանցքային առաջնահերթություններից է։

Հայաստանի կառավարությունն էլ հաղորդում է, որ Զասի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը նշել է՝ անհրաժեշտ է ինչպես հարկն է կիրառել այն մեխանիզմները, որոնք գոյություն ունեն ՀԱՊԿ-ում:

«Արդեն 2-3 ամիս է Հայաստանի սահմաններում ճգնաժամային իրավիճակ է, որը կոնկրետ սպառնալիք է պարունակում Հայաստանի Հանրապետության անվտանգության համար: Ցավոք, Ադրբեջանի զինված ուժերն արդեն մի քանի ամիս անօրինականորեն գտնվում են մեր տարածքում: Իհարկե, այդ իրավիճակին ՀԱՊԿ-ի արձագանքի վերաբերյալ շատ քննարկումներ կան: Պետք է ասեմ, որ փաստացիորեն առաջին անգամ ՀԱՊԿ-ում մենք բախվում ենք կոնկրետ նման իրավիճակի հետ և պետք է շատ ուշադիր ուսումնասիրենք իրավիճակը, որպեսզի հետագայում բարձրացնենք ՀԱՊԿ մեխանիզմների արդյունավետությունը: Կարծում եմ, որ այս առումով Ձեր այցը նույնպես շատ կարևոր է: Այդ համատեքստում նույնպես շատ լրջորեն ենք վերաբերում մեր նախագահությանը և պատրաստվում ենք դրան: Այս իրավիճակում մեզ համար կարևոր է գտնել գոյություն ունեցող հարցերի քաղաքական լուծումը, դրա համար բոլոր հնարավորությունները կան», - ընդգծել է Հայաստանի վարչապետը:

«Մենք բարձր ենք գնահատում մեր անդամությունը ՀԱՊԿ-ում: ՀԱՊԿ-ը հանդիսանում է Հայաստանի անվտանգության համակարգի առանցքային տարրերից մեկը, որը պատասխանատվության լայն գոտի ունի: Ցավոք, բավականին շատ վայրերում լարվածությունը մեծանում է», - ընդգծել է Փաշինյանը և հավելել, որ այդ պատճառով լրջորեն պատրաստվում են կազմակերպությունում Հայաստանի նախագահությանը՝ «կապված ոչ միայն այն մարտահրավերների հետ, որոնք ի հայտ են եկել մեզ մոտ վերջին ժամանակներում ՀՀ անվտանգության իմաստով, այլ նաև ավելի լայն իմաստով»:

«ՀԱՊԿ-ն, առաջին հերթին կազմակերպություն է, որը խնդիրները լուծում է քաղաքական մեթոդներով: Իհարկե, այն ռազմաքաղաքական կազմակերպություն է, բայց, առաջին հերթին, դա նաև կանոնադրությամբ և այլ նորմատիվ փաստաթղթերով է նախատեսված, անհրաժեշտ է առավելագույն ջանքեր ներդնել, որպեսզի իրավիճակները, տարաձայնությունները և մարտահրավերները, որոնք հայտնվում են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, լուծել քաղաքական մեթոդներով: Եվ կարծում եմ, որ կազմակերպությունն ի հայտ եկած խնդիրները քաղաքական մեթոդներով լուծելու շատ մեծ հնարավորություններ ունի: Անհրաժեշտ է, որպեսզի կազմակերպությունը և մենք որոշակի վճռականություն դրսևորենք այդ հարցերի նկատմամբ: Իհարկե, կոնկրետ իրավիճակներում նախատեսված են նաև գործողության շատ կոնկրետ մեխանիզմներ», - ընդգծել է Հայաստանի կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը ասել է, որ Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային օրակարգի իմաստով կառուցողական է:

«Ակնկալում եմ, որ ՀԱՊԿ շրջանակներում մեզ կհաջողվի կոնկրետ լուծումների հանգել, մասնավորապես՝ իրավիճակի մոնիտորինգի հետ կապված: Սա այն հարցն է, որի հետ կապված պետք է կոնկրետ որոշումներ կայացնել և աշխատել կոնկրետ մեխանիզմների վրա»: Վարչապետը հավելել է, որ ունեն քննարկման շատ թեմաներ, և վստահություն հայտնել, որ կհաջողվի բոլոր հարցերը քննարկել ու կոնկրետ եզրահանգումների հանգել:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն էլ նշել է. «Դուք սահմանի ճգնաժամային իրավիճակի վրա ուշադրություն դարձրեցիք, ես այսօր եղել եմ այնտեղ, այցելեցի մոտոհրաձգային գունդ, վերջինիս ստորաբաժանումներ: Եթե անկեղծ, ես տեսնում եմ, որ այժմ սահման չկա, դա փաստացի զինված բախումների շփման գիծ է, դիմակայության գիծ և պարբերաբար այնտեղ բռնկվում են բախումներ, փոխհրաձգություններ: Իհարկե, այդպես չպետք է լինի: Պետք է ամեն ինչ անել, յուրաքանչյուրն իր առաջնագծով՝ այդ իրավիճակը, ճգնաժամը հաղթահարելու համար»:

«Գիտեմ, որ այժմ Ձեզ մոտ մշակվում է կառավարության գործունեության ծրագիր, չեմ փորձում խորհուրդներ տալ, բայց կարծում եմ՝ դա պետք է լինի կառավարության առաջնային, գլոբալ խնդիրներից մեկը՝ հաղթահարելու այդ ճգնաժամը՝ սահմանին անվտանգության ապահովման համար, որպեսզի հնարավորություն տանք մեր երեխաներին ապրել անվտանգության մեջ, այդ սահմանից ներս, այլ ոչ թե ռազմական բախումների սահմանագծում: Վստահ եմ, որ ունենալով նման կոփվածություն և փորձ՝ Դուք դա կլուծեք դիվանագաիատական-քաղաքական ճանապարհով: Բավական են զոհերը, բավական են պատերազմները, պետք է ամեն ինչ անել՝ խնդիրները խաղաղ լուծելու համար: Վստահ եմ՝ կհաջողվի: Բավական երկար այս թեման քննարկել ենք՝ և մայիսին՝ արտգործնախարարների մակարդակով, և կա ընդհանուր ըմբռնում, որ պետք է անել ամեն ինչ, որպեսզի կողմերը նստեն բանակցությունների սեղանին և լուծեն խնդիրը», - ընդգծել է Ստանիսլավ Զասը։

Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը խաղաղ բանակցությունների միջոցով հանգուցալուծելու հնարավորություններին, ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին, ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգության ապահովմանն ուղղված քայլերին, ինչպես նաև կազմակերպության կատարելագործմանն ու արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր:

XS
SM
MD
LG