Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է սահմանում Մինսկի նկատմամբ


Ընտրությունների առաջին տարվա առիթով Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը հանրության ներկայացուցիչների հետ, Մինսկ, 9-ը օգոստոսի, 2021թ.

«Ցանկացած գնով իշխանությունից կառչած մնալու փորձեր»

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երեկ հրապարակել է հայտարարություն Բելառուսի նախագահական վիճահարույց ընտրությունների առաջին տարեդարձի կապակցությամբ: Այդ մասին հաղորդագրությունը տեղադրված է Սպիտակ տան պաշտոնական կայքէջում:

«Մեկ տարի առաջ ճիշտ այս օրը Բելառուսի ժողովուրդը փորձեց լսելի դարձնել իր ձայնը և ապագան կայացնել դեմոկրատական ընտրությունների ճանապարհով, սակայն ժողովրդի կամարտահայտության հանդեպ հարգանք դրսևորելու փոխարեն Լուկաշենկոյի ռեժիմը գերադասեց ընտրակեղծիքների և ընդդիմախոսներին բիրտ հալածանքների ենթարկելու ուղին:

Ձերբակալվել են հազարավոր մարդիկ, բանտեր են նետվել ավելի քան կես հազար ակտիվիստներ, քաղաքացիական հասարակության լիդերներ, լրագրողներ և քաղաքական բանտարկյալներ, միջազգային բոլոր նորմերին հակառակ՝ չվերթի ուղղության փոփոխություն և վայրէջք է պարտադրվել քաղաքացիական օդանավին:

Լուկաշենկոյի ռեժիմի գործողությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ ցանկացած գնով իշխանությունից կառչաց մնալու փորձեր», - ասվում է Բայդենի հայտարարությունում:

Պատժամիջոցների ցանկում մի քանի տասնյակ իրավաբանական և ֆիզիկական անձ

ԱՄՆ նախագահը հավաստիացրել է, որ Վաշինգտոնը դաշնակիցների և գործընկերների հետ կշարունակի պաշտպանել Բելառուսում մարդու իրավունքները և ազատությունները: Նա տեղեկացրել է, որ նոր պատժամիջոցներ է սահմանում նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի նկատմամբ:

Ցանկում ֆիզիկական և իրավաբանական անձինք են, որոնց գործողությունների հետևանքով Բելառուսում ոտնահարվում են մարդու իրավունքները և դեմոկրատիան:

Դա այսօրվա դրությամբ ամենախոշոր ցուցակն է՝ Բելառուսի ազգային օլիմպիական կոմիտե, «Բելառուսկալի», «Բելտեֆտեգազ», «Բելկազատրանս Ուկրաինա», «Էներգո-Օյլ», «Ինտերտոբակո», «Աբսոլյուտբանկ» և Բելառուսի քննչական կոմիտե:

Բացի այդ, ցուցակում 23 ֆիզիկական անձ է, գործարարներ և բելառուսական պետական ընկերություններ ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ալեքսեյ Օլեքսինը, Անդրեյ Բանոկովը, Լեոնիդ Չուրոն և այլք: ԱՄՆ արտաքին գերատեսչության խոսնակը մեկնաբանել է սանկցիաների թեման:

Կպատժվեն նաև Լուկաշենկոյի «դրամապանակները»

«Այսօր Միացյալ Նահանգները հստակ նկատել է տալիս, որ մենք սատարում ենք Բելառուսի ժողովրդին և նրա դեմոկրատական ձգտումներին, ավելի վաղ Սպիտակ տունը հայտնեց, որ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է նախագահ Լուկաշենկոյի ռեժիմի նկատմամբ նոր պատժամիջոցների հրամանագիրը, որով մենք արձագանքում ենք Բելառուսի ճգնաժամին», - ասել է պետական դեպարտամենտի մամլո խոսնակ Նեդ Փրայսը:

Նրա խոսքով, Բելառուսում մարդու իրավունքները ոտնահարողները թանկ գին կվճարեն, կպատժվեն Բելառուսի տնտեսության բնագավառում մեծ դեր կատարող հիմնարկները և այն մարդիկ, որոնց անվանում են Լուկաշենկոյի «դրամապանակներ», գործարարներ և մեծահարուստներ, ովքեր իրենց վրա են վերցնում ռեժիմի ֆինանսական ծախսերը: Փրայսի փոխանցմամբ, Ամերիկան միայնակ չի գործում:

«Մենք ողջունում ենք Միացյալ Թագավորության, Կանադայի և Եվրոպական միության ընդունած որոշումները, մենք ողջունում ենք նաև Լիտվայի, Լեհաստանի, Ուկրաինայի և այլ երկրների գործադրած ջանքերը, որոնց նպատակն է սատարել Բելառուսի ժողովրդին և նրա դեմոկրատական մղումներին», - ասել է Նեդ Փրայսը:

«Բելառուսի իմ տեսլականը հիմա շատերն ունեն»

Բելառուսում զանգվածային ընդվզումները սկսվել են անցյալ տարվա ընտրություններից հետո, դրանց պաշտոնական արդյունքներով հաղթել է երկիրը 1994 թվականից ղեկավարող Լուկաշենկոն:

Նրա մրցակիցներից ընդդիմադիր բանկիր Վիկտոր Բաբարիկային և ընդդիմադիր բլոգեր Սերգեյ Տիխանովսկուն ռեժիմը բանտ է նետել:

Կեղծված ընտրությունների առաջին տարվա կապակցությամբ Բաբարիկան քրեակատարողական հիմնարկից այս ուղերձն է փոխանցել.- «Երբեք այդքան շատ չեմ ցանկացել ապրել Բելառուսում, որքան այսօր: Ու թեպետ ես իմ երկիրն անցած տարվա հունիսի 18-ից հետո չեմ տեսել, ես հասկանում եմ՝ Բելառուսի այն տեսլականը, որն ունեմ գլխումս է, հիմա շատերն ունեն»:

«Դեմոկրատիայի հաղթանակն անխուսափելի է: Ձգտե՛ք հաղթանակի»

Իսկ բլոգեր Տիխանովսկին, որի կինը՝ Սվետլանա Տիխանովսկայան, քաղաքական ճակատագրի բերումով ստանձնել է Բելառուսի ընդդիմության լիդերի ծանր բեռը, բանտից դիմել է հայրենակիցներին:

«Իշխանությունը չհանձնելու համառությունն ամբողջությամբ ոչնչացրել է խոսքի և հավաքների, ինֆորմացիա ստանալու և տարածելու ազատությունը, հանգեցրել է անկախ մամուլի և իրավապաշտպան կազմակերպությունների հալածանքներին, դատական համակարգի հանդեպ վստահության բացակայությանը:

Բայց բելառուսներն առաջին անգամ իրենց ազգ են զգացել, դուրս են եկել պայքարի և ստացել աշխարհի աջակցությունը, փաստորեն, սա Բելառուսի համաշխարհային գովազդ է, դեմոկրատիայի հաղթանակից հետո, իսկ այն անխուսափելի է, մենք այդ համաշխարհային համբավը կօգտագործենք մեր պետության դինամիկ զարգացման համար, դա ասում եմ որպես 15 տարվա փորձ ունեցող գովազդի մասնագետ, ձգտե՛ք հաղթանակի»,- հայտարարել է Սերգեյ Տիխանովսկին:

XS
SM
MD
LG