Մատչելիության հղումներ

Սևանա լճից մինչև 75 միլիոն խորանարդ մետր հավելյալ ջրառը կարող է հանգեցնել լճի մակարդակի 5-6 սանտիմետրի նվազման


Սևանա լճից մինչև 75 միլիոն խորանարդ մետր հավելյալ ջրառը կարող է հանգեցնել լճի մակարդակի 5-6 սանտիմետրի նվազման. սա Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանական և մոնիթորինգի կենտրոնի հաշվարկն է։

«Մեկ սանտիմետր Սևանի շերտը կազմում է 12,8 միլիոն մետր խորանարդ», - ասում է կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը։

Նախորդ հինգշաբթի կառավարությունը որոշեց թույլատրել մինչև 75 միլիոն խորանարդ մետր հավելյալ ջրառ իրականացնել Սևանա լճից։ Պաշտոնական պարզաբանմամբ, պատճառը ոռոգման ջրի դեֆիցիտն է։ Այսպիսով կառավարությունն առաջարկում է օրենքով սահմանված տարեկան առավելագույն 170 միլիոն խորանարդ մետր թույլատրելի քանակը ավելացնել ու դարձնել 245 միլիոն խորանարդ մետր։

Գիտությունների ազգային ակադեմիայի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի ղեկավար Էվելինա Ղուկասյանի խոսքով, օրենքով սահմանված 170 միլիոն խորանարդ մետր ջրառի ցուցանիշը հաշվարկվել է այնպես, որ այդ ծավալի ջրի բացթողումը լճի մակարդակի անկման չհանգեցնի. - «Բնականաբար, եթե 75 միլիոն խորանադր մետրն ավելանում է, կարող ենք նաև բացասական հաշվեկշիռ ունենալ, այսինքը՝ լճի մակարդակը կարող է իջնել»։

Ըստ Ղուկասյանի, Սևանի մակարդակի հնարավոր տատանումը անցանկալի է, յուրաքանչյուր սանտիմետրի նվազումը բացասաբար է անդրադառնում լճի վրա, խախտում է էկոլոգիական հավասակշռությունը։ - «Խախտում է ափամերձ տարածքնում ընթացող պրոցեսները, և դա, բնականաբար, անցանկալի երևույթ է։ Սակայն պետք է երևի նաև հաշվի առնել երկրում տիրող վիճակը, հաշվի առնել կլիմայի այս աննախադեպ տաքացումները, այդ խորշակները, որոնք Արարատյան դաշտի բերքին են սպառնում։ Ու նաև, ելնելով մեր երկրի տնտեսական վիճակից, այսօր կտրուկ ասել, որ Սևանա լճից ջրառ չպետք է իրականացվի, այնքան էլ ճիշտ չի լինի, որովհետև յուրաքանչյուրս այս երկրի քաղաքացին ենք ու հասկանում ենք հետևանքները»։

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանական և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանի խոսքով, հավելյալ ջրառ իրականացնելու անհրաժեշտության պատճառը Սևան-Հրազդան կասկադից սնվող ջրամբարներում ջրի պակասուրդն է. - «Հրազդան գետով հոսքը բավական ցածր է, և ոռոգման ջրի պահանջարկ կա։ Մեկ նժարին Սևանի էկոլոգիական վիճակն է, մյուս նժարին գյուղատնտեսությունն է»։

Ազիզյանի խոսքով, հավասարակշռված լուծում է պետք, և առաջարկվող մինչև 75 միլիոն խորանարդ հավելյալ ջրառը ամենաօպտիմալ տարբերակն է. - «Մանավանդ որ մենք հունիս ամսին ունեցանք աննախադեպ, հիդրոօդերևութաբանական պատմության մեջ նման շոգ, չոր... համատեղ չենք ունեցել»։

Հիդրոէկոլոգիայի ինստիտուտի ղեկավար Էվելինա Ղուկասյանը, մինչդեռ, կարծում է, որ խնդիրը հիմնավոր լուծման կարիք ունի, պետք է ոռոգման համակարգը հիմնանորոգել, որովհետև Սևանա լճից ջրառի ընթացքում մեծ ծավալի ջուր է վատնվում. - «Իսկ ջուրը այսօր հարստություն է, և մեր քաղաքականության հիմնական ուղղությունը պետք է լինի այդ ջուրը կուտակելը, ոչ թե այդպես անօգուտ տեղը սպառելը»։

Լևոն Ազիզյանը նույնպես փաստում է, որ ոռոգման համակարգում կորուստներ են լինում. - «Կորուստներ կան, որովհետև Սևան-Հրազդան կասկադը կառուցվել է սկսած 30-ականների վերջից մինչև 60-ական թվականների ընթացքում, մոտավորապես հիսուն տարվա հիդրոտեխնիկական կառուցվածքներ են, և կորուստներ հնարավոր չէ, որ չլինեն»։

«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու համար կառավարության նախագծին հավանություն պետք է տա Ազգային ժողովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG