Մատչելիության հղումներ

«Մենք վճռականորեն պաշտպանելու ենք մեր տարածքները». Արշակ Կարապետյան


ՀԱՊԿ պատվիրակությունը Հայաստանի պաշտպանության նախարարությունում։
ՀԱՊԿ պատվիրակությունը Հայաստանի պաշտպանության նախարարությունում։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով Հայաստանում է։

Կազմակերպության գլխավոր քարտուղարը այսօր հանդիպումներ է ունեցել Արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի, Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի և Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանի հետ։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցը Հայաստան տեղի է ունենում այն պայմաններում, երբ ադրբեջանական զորքերը ամիսներ առաջ ներխուժել են Հայաստանի տարածք և չեն հեռանում, իսկ ՀԱՊԿ-ին ուղղված Հայաստանի դիմումները մնացել են անհետևանք։ Պաշտոնական Երևանի դիմումից մեկուկես ամիս անց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարը հայտարարել էր՝ Հայաստանի հարավում իրավիճակի սրումը «սահմանային միջադեպ է» և չի համապատասխանում կազմակերպության կանոնադրությանը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը նշել է, որ հայկական կողմը ռազմական կառույցից աջակցության ակնկալիքներ ուներ. - «Մենք Ձեր այցին սպասում էինք դեռ մայիս ամսին: Հայաստանի համար այդ պահին բավական լարված ժամանակահատված էր, բայց, ցավոք սրտի, Ձեր այցը տեղի չունեցավ: Այսօր մեր սահմաններին ձևավորվել է կայուն ծանր իրավիճակ: Մայիս ամսին ադրբեջանական զինված ուժերը երկու ուղղությամբ ներխուժեցին հայկական տարածք: Դա մեզ անչափ անհանգստացնում է: Մենք խաղաղության կողմնակից ենք: Մենք որևէ պարագայում չենք ուզում իրադրության լարում մեր սահմաններին: Միևնույն ժամանակ, մենք պատրաստ չենք համակերպվել գործողությունների հետ, որոնք կարող են հանգեցնել Հայաստանի պետական սահմանի խախտմանը: Մենք վճռականորեն պաշտպանելու ենք մեր տարածքները: Մենք, իհարկե, ձգտում ենք խաղաղ ճանապարհով լուծել այս խնդիրը՝ ի ցույց դնելով մեր խաղաղասիրությունը: Միևնույն ժանանակ, մեր համբերությունը նույնպես անսպառ չէ, և մեր սահմաններին ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման բացակայության պարագայում մենք իրավունք ենք վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ»:

Կարապետյանն ափսոսանք է հայտնել, որ ՀԱՊԿ-ում առկա որոշումների կայացման և ճգնաժամային իրավիճակներին արձագանքման մեխանիզմները չեն համապատասխանում օպերատիվ իրադրության զարգացման ներկայիս պահանջներին: Կարապետյանը նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին հրավիրել է օգոստոսի 10-ին այցելել Հայաստանի զորամասերից մեկը:

Իսկ արտգործնախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին է ներկայացրել Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական ԶՈՒ ներթափանցման արդյունքում ստեղծված իրադրությունը, ինչպես նաև Ադրբեջանի պարբերական սադրանքները՝ այդ թվում Նախիջևանի տարածքից։

ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է. - «ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգային և կովկասյան տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հայկական կողմի գնահատականների շրջանակներում Արմեն Գրիգորյանը ուշադրություն հրավիրեց Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքներին և դրանցից բխող սպառնալիքներին։ Երկուստեք շեշտվեց իրավիճակի դեէսկալացիայի անհրաժեշտությունը»։

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և ընդգծվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում արցախյան հիմնահարցի համապարփակ և տևական կարգավորման անհրաժեշտությունը։

Կողմերն անդրադարձել են նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահությանը։ Գրիգորյանը տեղեկացրել է հայկական նախագահության հայեցակարգային մոտեցումների մասին՝ շեշտելով, որ առաջնահերթություններից են լինելու կազմակերպության արդյունավետության բարձրացումը և անդամ պետությունների կարիքներին ժամանակին արձագանքելու մեխանիզմների ամրապնդումը։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, Ստանիսլավ Զասն իր հերթին ընդգծել է ՀԱՊԿ կատարելագործման կարևորությունը և վստահեցրեց, որ ՀԱՊԿ աշխատանքային մարմինները կներդնեն բոլոր ջանքերը հայկական կողմի հայտարարելիք առաջնահերթությունները կյանքի կոչելու համար։

Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի հետ հանդիպմանը ևս քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, դրա շուրջ վերջին զարգացումները և ՀԱՊԿ շրջանակներում առկա մեխանիզմների օգտագործման հնարավորությունները իրավիճակի խաղաղ կարգավորման գործընթացում: Քննարկվել է նաև կազմակերպությունում Հայաստանի առաջիկա նախագահության առաջնահերթությունների նախապատրաստման ընթացքը։

Ռուսաստանի գլխավորած ռազմական դաշինքի գլխավոր քարտուղարի այցը Հայաստան ՀԱՊԿ-ի դիրքորոշումներում էական փոփոխություն չի մտցնի, կարծում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Էական փոփոխություն ՀԱՊԿ վարքագծի և դիրքորոշումների առումով չեմ ակնկալում, որովհետև այդ փոփոխությունները ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մակարդակով քննարկվող հարցեր չեն, որովհետև, հասկանում ենք, ՀԱՊԿ դիրքորոշումը դա անդամ պետությունների քաղաքական դիրքորոշումներով է պայմանավորված, և այդ քաղաքական դիրքորոշումները Ադրբեջանի հանդեպ բոլորիս համար վաղուց պարզ և տեսանելի են։ Ըստ այդմ կարծում եմ՝ այցը հիմնականում ունենալու է աշխատանքային նշանակություն, գուցե առերևույթ որոշակի տրամադրվածություններ արտահայտվեն, որոնք կարող են ինչ-որ իմաստով փոխել ընդհանուր մթնոլորտը և ընդհանուր տպավորությունը ՀԱՊԿ վարքագծի շուրջ, բայց կրկնեմ էական դիրքորոշումների առումով, վարքագծի սկզբունքային փոփոխությունների առումով այս այցը չեմ կարծում ունենա խորքային նշանակություն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բադալյանը։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը ստանձնելուն, Բադալյանի խոսքով, սա գուցեև հնարավորություն տա մթնոլորտի փոփոխման, լինեն որոշակի հայտարարություններ, նախաձեռնություններ կամ քննարկումներ, բայց սա ևս, ըստ քաղաքական մեկնաբանի, չի կարող բերել ՀԱՊԿ վարքագծի սկզբունքային փոփոխության։

Ռազմական կառույցի լրատվական ծառայության փոխանցմամբ՝ վաղը Ստանիսլավ Զասը Երևանում հանդիպելու է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Կառույցի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հանդիպումների ընթացքում գլխավոր քարտուղարը հայկական կողմին կտեղեկացնի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստի նախապատրաստման ընթացքից։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG