Մատչելիության հղումներ

Ռուսաստանն, ըստ դեսպանի, ակտիվ մասնակցում է հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով սահմանապահներ տեղակայելու քննարկումներին


Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկին, արխիվ

Ռուսաստանն ակտիվորեն մասնակցում է հայ - ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով սահմանապահներ տեղակայելու քննարկումներին՝ ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հանրային հեռուստաընկերության եթերում։

Անդրադառնալով այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ դեսպանն ասել է․ - «Այդ գաղափարը մասամբ իրագործվել է Սյունիքի մարզում, որտեղ խնդրահարույց հատվածներում ռուս սահմանապահների ուղեկալներ են տեղակայված՝ ի հավելումն այն ծառայության, որն ավանդաբար պատվիրակվում էր ռուս սահմանապահներին. խոսքը Իրանի և Թուքրիայի հետ սահմանի մասին է»։

Անցած շաբաթ՝ կառավարության նիստում, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե հարկ է դիտարկել ռուս սահմանապահներին հայ - ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով տեղակայելու հնարավորությունը, և նշել, որ պատրաստվում է այս հարցը քննարկել ռուս գործընկերների հետ։

«Ռուսաստանից բավական շատ հավելյալ միջոցներ են ներգրավվել, այդ թվում՝ զինվորական անձնակազմ, որը տեղակայվել է սահմանի խնդրահարույց՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով խաչաձևվող հատվածներում», - ասել է Կոպիրկինը, հավելելով՝ խնդրահարույց մյուս հատվածների վերաբերյալ հարցերն ակտիվորեն քննարկվում են ռուսական կողմի հետ։

Ընդ որում, խոսելով խնդրի կարգավորման մասին՝ Ռուսաստանի դեսպանն ընդգծել է, որ դրա շուրջ քննարկումներին պետք է նաև ադրբեջանական կողմը մասնակցի։

«Մենք հասկանում ենք այս խնդրի կարևորությունը։ Ռուսական կողմը պատրաստ է համապատասխան քայլեր ձեռնարկել, և սա մի հարց է, որը հավելյալ քննարկումների կարիք ունի եռակողմ՝ Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան ձևաչափով։ Այդ՝ գործնական աշխատանքը տարվում է», - ասել է Կոպիրկինը։

Ամիսներ առաջ, երբ ադրբեջանական բանակը հատել էր Հայաստանի սահմանը Գեղարքունիքի և Սյունիքի հատվածներում, վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր հայելային եղանակով ետ քաշել զորքերը, վիճահարույց՝ Սոթք-Խոզնավար հատվածում ռուս սահմանապահների տեղակայել՝ Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներն առանց բախումների իրականացնելու համար։ Բացի այդ, վարչապետն առաջարկել է նաև ՀԱՊԿ դիտորդների տեղակայել, միաժամանակ նշել, որ դրա անհնարինության դեպքում Հայաստանի համար ընդունելի կլինեն նաև միջազգայնորեն ընդունված այլ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը։

XS
SM
MD
LG