Մատչելիության հղումներ

«Աշխատեք, ապրեք, ճամփորդեք Հայաստանի ամենականաչ սրտում»


Տաթևիկ Աղաբաբյանն իր հյուրատանը զրուցում է «Ազատության» հետ
Տաթևիկ Աղաբաբյանն իր հյուրատանը զրուցում է «Ազատության» հետ

«Աշխատեք, ապրեք, ճամփորդեք Հայաստանի ամենականաչ սրտում». այսպիսի կարգախոս ունի Լոռու մարզի Դեբետ գյուղի հյուրատներից մեկի սեփականատիրոջ՝ Տաթևիկ Աղաբաբյանի այցեքարտը։

Աղաբաբյանն ասում է՝ հինգ տարի առաջ Գերմանիայից եկել է Հայաստան, պատահաբար այցելել Դեբետ, ու հիացմունքն իրեն ստիպել է մնալ այստեղ։ Տուն է կառուցել ու գյուղի մշտական բնակիչ դարձել։

«Այո, նյութապես Գերմանիայում ես շատ ապահովված էի, ես ունեի շատ բարեկեցիկ կյանք: Բայց ինչ-որ մի պահ է գալիս, երբ որ դու ուրիշ բաների վրա ես սկսում ուշադրություն դարձնել՝ արդյոք իմ արած աշխատանքը ո՞ւմ է պետք: Ու ես Հայաստանում ինձ շատ ավելի արժևորված եմ զգում, և ես կարծում եմ՝ Հայաստանը իմ կարիքը շատ ավելի շատ ունի, քան՝ Գերմանիան, Գերմանիան իմ կարիքը չունի», - «Ազատության» հետ զրույցում նշեց Տաթևիկը:

Ասում է՝ եկել է, տեսել ու ինքն իրեն հարց տվել՝ իսկ ինչո՞ւ ոչ։ Ինչո՞ւ ապրելակերպ չդարձնել գյուղը, որտեղ կարող ես ինչ-որ բան փոխել և օրինակ լինել ուրիշների համար։

Մասնագիտությամբ դիզայներ Տաթևիկը, որ դեռ կորոնավիրուսի համավարակից առաջ հեռավար էր աշխատում գերմանական ընկերություններից մեկի համար, շարունակում է Դեբետում անել նույն գործը։ Հետո որոշում է իր տունը հարմարեցնել նաև օտարներին, որոնք նույն կերպ կցանկանան աշխատել այս միջավայրում։ Արդեն ավելի քան մեկ տարի իր տան անունը «Դեբետ-լայֆ» է, ու հյուրեր է ունենում աշխարհի տարբեր կողմերից, որոնք գյուղ են գալիս մեկ շաբաթով, մեկ ամսով, նույնիսկ՝ երկարատև։ Մանավանդ համավարակի թեժ շրջանում դրա պահանջարկը մեծ էր, ասում է Տաթևիկը։

Այստեղ արդյունավետ աշխատանքին նպաստում են մաքուր օդը, անկրկնելի բնությունն ու անաղմուկ միջավայրը. - «Եվ իրենց համար էլ է դառնում գյուղում ապրելը ինչ-որ շատ լեգիտիմ տարբերակ, և իրենք խորհում են, գոնե խորհում են դրա շուրջ, եթե ոչ անմիջապես ընդունում են որպես իրենց համար նոր կյանքի մոդել, բայց, ամեն դեպքում, խորհում են դրա շուրջ»:

Ֆրանսիացի Վենսանը մեկ ամսով է եկել Դեբետ՝ հեռավար աշխատելու։ Խոսեց Հայաստանի մարդկանց անսահման հյուրընկալ լինելու մասին։ «Իսկ ինչ սիրեցի Լոռիո՞ւմ՝ դուք պարզապես նայեք պատուհանից: Այստեղ խաղաղ է, հանգիստ։ Շա՛տ կանաչ է։ Ես կասեի՝ սա բնության կենտրոնն է։ Պարզապես հատուկենտ տներ են երևում ու վերջ, ամբողջը կանաչ է», - ասաց:

Գերմանական քաղաքակրթությունը Դեբետի կանաչ ու հանգիստ միջավայրի հետ փոխարինած Տաթևիկը գյուղի կենտրոնում գնած հին տունը հիմնովին քանդել, նորն է կառուցել։ Բայց, ասում է, պահպանել է տանը եղած բոլոր իրերը, որոնք գուցե անպիտան թվային։ Ոչինչ չի թափել:

«Մենք սիրում ենք շեշտել, որ մենք հին ենք, հին ազգ ենք, հին մշակույթ ենք, բայց իրականում մեր կենցաղում մենք հինը չենք գնահատում և ոչ մի ձև հնի հետ չենք աշխատում: Ճիշտ է՝ դա ջանք է պահանջում, դա հավելյալ ծախսեր է պահանջում, միգուցե ես ավելի էժան մեկ ուրիշ բան գնեի, բայց դա նաև ունի էմոցիոնալ արժեք, որ դու էդ իրը կամ էդ նյութը մինչև վերջ... Հիմնականում նյութերի նկատմամբ եմ ես էդպես, որովհետև աղբ ստեղծելը հեշտ է», - ընդգծում է Աղաբաբյանը:

Ասում է՝ ընդհուպ հյուրատուն դարձած իր տան կահույքը շինարարության ընթացքում բետոնի համար օգտագործված տախտակներից է պատրաստել. - «Սրանք, բառիս բուն իմաստով ինձ խորհուրդ էին տալիս, որ թափեմ, կամ վառեմ, անգամ վարպետները ասում էին՝ «օֆ, էնքան դանակ պետք ա չփացնենք, մինչև սա մաքրենք», անգամ վարպետները չէին ուզում, չէին դիտարկում սա որպես նյութ, էն դեպքում, երբ որ սա մի անգամ էր ընդամենը օգտագործվել: Ու ես ասեցի՝ «չէ, հատ-հատ պետք ա մեխերը հանենք, հատ-հատ պետք ա էդ փայտերը մաքրվի, չգիտեմ, ինչ անում եք, արեք, բայց ես սրանից կահույք եմ ուզում»:

Տաթևիկը դեռ կշրջագայի աշխարհով մեկ, բայց ասում է՝ ուր էլ որ լինի, աշխարհի ամենականաչ ու հանգիստ այս վայրում միշտ սպասված է ու միշտ անելիք ունի՝ կվերադառնա։

Միայն անցած տարի Դեբետում երեք հյուրատուն է բացվել։ Եվս չորսը կսկսեն գործել մինչև այս տարեվերջ։

XS
SM
MD
LG