Մատչելիության հղումներ

«Գյուղացին տխուր ու դժբախտ է գյուղում»․Անտոնյանը գտել է պատասխանը՝ պետությունը վերջին 30 տարում չի կարևորել գյուղատնտեսությունը


Հարթագյուղ, արխիվ

«Այս ամբողջը ես մենակ եմ մշակել»․ հարթագյուղցի Աննա Պողոսյանն ասում է՝ սիրով է զբաղվում հողագործությամբ։ Իր ունեցած 4 հազար մետր հողից ակնկալում է մինչև 20 տոննա կարտոֆիլ ստանալ։ Երաշխիքը ոչ թե թունաքիմիկատներն ու թունավոր պարարտանյութերն են, այլ գոմաղբն իրենց հարստությունն է համարում և հույսը դրա վրա դնում։ Արդյունքն էլ կա, ասում է։

«Ցանկացած գործ ունի իր դժվարությունը, բայց հողի հետ շատ հաճույքով եմ աշխատում, շատ հաճելի գործ է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Աննա Պողոսյանը։

Բայց Հարթագյուղում բոլոր չեն այսպես մտածում։ Շատերը հողից կտրվել խոպանում են գործ փնտրում։ Եղած 700 հեկտար վարելահողերի միայն 20-25 տոկոսն է մշակվում։

«Աստղիկ» բարեգործական հիմնադրամի ղեկավար Մարիամ Անտոնյանը, որ վերջին 4 տարիներին հոլանդացի գյուղատնտեսների հետ զարգացման ծրագրեր է իրականացնում, եզրահանգել է՝ գյուղացին տխուր ու դժբախտ է գյուղում․ - «Գյուղացին իրեն համարում է դժբախտ, որ ինքը ծնվել է գյուղում, դա մեր ամենամեծ խնդիրն է։ Ամեն անգամ, երբ գալիս եմ էստեղ, ասում եմ՝ «վայ, ինչ հաճելի է, ինչ մաքուր օդ է, ինչ խաղաղություն է, ինչ հանգստություն է», ինձ բոլորը նայում են տարօրինակ հայացքներով՝ «դու Երևանից եկել ես ստեղ, կյանքը Երևանում է, այստեղ ոչ մի կյանք չկա»։ Ասում եմ՝ «մաքուր սնունդ եք ուտում, հանգստության մեջ եք, ոչ մի քաղաքական թոհուբոհ չկա ձեզ մոտ, ինչո՞ւ եք այդքան տխուր և դժբախտ»։

Գյուղացիների հետ չորս տարվա ամենօրյա շփումների ընթացքում ինչ-որ չափով Մարիամը գտել է պատասխանը․ պետությունը վերջին 30 տարիներին երբեք չի կարևորել գյուղատնտեսությունը։ Ասում է՝ գյուղացին իր արածը քաղաքի համար անպետք է համարում, գյուղի համար՝ անիմաստ։

Նրա խոսքով՝ գյուղացին այսօր իր գործը որպես բիզնես չի դիտարկում, շատերին հարցնես, թե որքա՞ն եկամուտ կստանաս քո ցանքսից, չգիտեն, այսինքն՝ չունեն հաշվարկներ, նպատակներ՝ որքան ցանեն, որքան ստանան, ինչպես ծախսեն, ինչի վրա ներդնեն և այլն։ Դա է պատճառը, որ գյուղացու գործը բիզնես չի դառնում, ասում է Մարիամն ու նաև շեշտում, որ հողագործը չի կարող միաժամանակ կառավարիչ լինել։

«Այսինքն՝ ինքն արտադրում է, ինքը չի ուզում մտածի՝ «գնամ Երևան, ֆեյսբուքով տարածեմ իմ վաճառքի մասին, կիլո-կիլո ընկնեմ բակերով վաճառեմ»։ Դա այնքան ժամանակ, էներգիա և ռեսուրս է ծախսում գյուղացուց։ Չէ, ինքը պետք է միայն մտածի արտադրելու մասին», - ասաց Անտոնյանը։

Արդեն չորս տարի Մարիամ Անտոնյանը բարեգործների օժանդակությամբ օգնում է գյուղացիներին լուծել այս խնդիրները, տեղանքի համար ավելի արդյունավետ մշակաբույսեր գտնել ու արտադրությունը կազմակերպել։ Գյուղերում համատարած կարտոֆիլ ու ցորեն են մշակում, մինչդեռ Հայաստանում մեծ պահանջարկ ունեն ոլոռը, ոսպը, հնդկաձավարը։ Հարթագյուղում այս տարի անգամ փորձնական գետնանուշ են ցանել, բայց, ասում է, ինչ էլ անես, ի վերջո գյուղմթերքի մթերման կայաններ են պետք, որտեղ արտադրողն ու գնորդը միմյանց կհանդիպեն։ Հաճախ սպառողը չգիտի՝ որտեղ կարող է գտնել իր ցանկացած ապրանքը, մինչդեռ գյուղերում այդ պահանջված ապրանքը գուցե փչանում է։

«Այսինքն՝ մենք ունենք մի իրավիճակ․ արտադրող գյուղացի և գնորդ քաղաքացի, իրար չեն հանդիպում։ Դրա համար, երբ ես ասում եմ, որ մեզ պետք են մթերման կայաններ, այդ մթերման կայանի գաղափարը նա է, որ գնորդը և արտադրողն իրար հանդիպեն», - ասաց Մարիամը։

Մարիամ Անտոնյանը կոնկրետ դեպքերով է պատմում, գյուղացիները չգիտեն ինչպես վարվել հիվանդ բույսերի ու դաշտերի հետ, հաճախ թունաքիմիկատներ են օգտագործում՝ մեծ ու արգելված չափաբաժիններով, նույնիսկ, իրենց արտադրանքը վնասակար դարձնելով, և դա անում են անգիտակցաբար, համոզված է Մարիամ Անտոնյանը։ Իրենք ամեն ինչ անում են, որ գյուղացին բույսերի բուժման ու պարարտացման համար առավելապես օրգանական միջոցներ օգտագործի։

«Գյուղացին պետք է թունաքիմիկատների խանութ գնա ոչ թե հիվանդ տերևով, ասի՝ «սրա համար ի՞նչ անեմ», չէ, ինքը պետք է գնա հստակ դեղատոմսով, նույնիսկ չափաբաժինները մեջը նշած», - ասաց Մարիամ Անտոնյանը։

Հարթագյուղի համայնքապետի նորանշանակ պաշտոնակատար Հարություն Սարգսյանը, ղեկավար դառնալուց հետո որոշել է՝ գյուղապետարանի 11 հաստիքների մի մասին կկրճատի՝ անարդունավետ են, դրա փոխարեն գյուղատնտեսի պարտադիր հաստիք է մտցնելու՝ գյուղացու խնդիրները տեսնելու և լուծման ձևեր գտնելու համար։

«Մեզ հողաշինարար պետք չի, մեզ գյուղատնտես է պետք, որ հասկանա գյուղից, բերքից՝ բերքն ինչու է փչանում, ինչն է խնդիրը, ոնց կարելի է ուղղել էդ խնդիրը, ոչ թե հողաշինարար, որ միայն հողերը չափի, մեզ դա պետք չի», - ասաց համայնքապետի պաշտոնակատարը։

Մարիամ Անտոնյանն էլ հավելեց․ - «Շատ ենք էս հարցերը քննարկում հոլանդացիների հետ։ Մի օր ինձ ասացին՝ «մենք հիմա, որ վերլուծում ենք, Հայաստանի գյուղատնտեսությունն էս պահին նույնն է, ինչ-որ Հոլանդիայում էր 50 տարի առաջ, այսինքն՝ մենք էսքան հետ ենք։ Կամ պետք է շատ արագ փորձենք ծրագրեր մշակել, որ մենք շատ արագ գնանք առաջ, կամ պետք է մտածենք, որ 50 տարի հետո նոր կհասնենք Հոլանդիային»։

XS
SM
MD
LG