Մատչելիության հղումներ

Հակոբ Արշակյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխխոսնակի պաշտոնում


Հակոբ Արշակյան

8-րդ գումարման խորդրադարանն այսօր Ազգային ժողովի նախագահի տեղակալ ընտրեց իշխանական «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ Հակոբ Արշակյանին։

Գաղտնի քվեարկությանը մասնակցեցին միայն իշխանական պատգամավորները։

Խորհրդարանը երեկ փոխխոսնակի պաշտոնում արդեն ընտրել էր «Քաղաքացիական պայմանագրից» Ռուբեն Ռուբինյանին։

Այս պահին քննարկվում է երրորդ փոխխոսնակի՝ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը ներկայացնող Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը։ Սահմանադրության պահանջ է, որ Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալներից մեկը պետք է լինի ընդդիմադիր խմբակցությունից։

«Մենք չենք կարող համերաշխ լինեն մի իշխանության հետ, որի պատճառով վտանգված է երկրի տարածքային ամբողջականությունը», - իր ելույթն այսպես սկսեց Իշխան Սաղաթելյանը՝ պնդելով, որ մերժում են իշխանությունների վարած քաղաքականությունը, որը երկիրը «տանում է ոչնչացման»։ - «Երկրում գոյություն ունեցող համակարգային ճգնաժամը հաղթահարված չէ։ Հետևաբար մեր գնահատումները նույնն են, օրակարգը անփոփոխ՝ այս իշխանությունը պետք է հեռանա։ Պայքարը շարունակվում է»։

Իշխան Սաղաթելյանին խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնում ներկայացրեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Թվարկեց նրա կրթական, մասնագիտական, քաղաքական ոլորտներում հաջողությունները. ավարտել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, պատմությունների գիտությունների թեկննածու է, եղել է Գեղարքունիքի մարզպետ, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրի ստորագրումից հետո համակարգել է Հայրենիքի փրկության շարժումը, որը պահանջում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Իշխանական թիմից հիշեցրին, որ այս ձեռքբերումների մեջ չի մտնում բանակում ծառայելը, ինչին ի պատասխան Սաղաթելյանին ներկայացնող Օհանյանը բացատրեց՝ Սաղաթելյանը օգտվել է նպատակային ուսումնառության համար տրվող տարկետումից։

Ազգային ժողովի ընդդիմադիր փոխխոսնակի թեկնածուին իշխանական թևից հարց չհնչեց։ Փոխարենը քիչ չէին ընդդիմադիր պատգամավորների հարցերը թեկնածուին ներկայացնող Սեյրան Օհանյանին։ Պաշտպանության նախկին նախկին նախարարը հիմնականում խոսեց բանակից, անվտանգության խնդիրներից։ Ընդդիմադիր պատգամավորներն այս հարցերի միջոցով փորձում էին համեմատականներ տանել՝ ինչ են արել նախկին և ներկա իշխանությունները բանակաշինության, անվտանգության ամրապնդման հարցերում։

44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով ստեղծելու անհարժեշտության մասին խոսելիս Օհանյանը պնդեց , թե հանձնաժողովը արդյուանվետ կլինի, եթե տրվի ընդդիմությանը։ Դրա չիրականացման դեպքում, ընդդիմությունը փաստահավաք խումբ ստեղծելու նախաձեռնություն կանի. - «Իրականության մեջ ամենաթանկը մեր հողն է։ Եվ այդ հողի պաշտպանության առումով Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը, նաև խորհրդարանը ժամանակին ոչինչ չի ձեռնարկել։ Ոչինչ չի ձեռնարկվել նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո մեր սահմանները ամրապնդելու», - ասաց Սեյրան Օհանյանը։

Սեյրան Օհանյանի այս հայտարարությանն իր ելույթում արձագանքեց Ազգային ժողովի նորընտիր փոխխոսնակ Հակոբ Արշակյանը. - «Դուք ի՞նչ եք արել այդ ժամանակ տաս տարի առաջ, որպեսզի Հայաստանի բանակը նույնպես տեխնոլոգիապես և գիտելիքներով զարգանա այդ ուղղությամբ։ Արել ենք այնքան, որքան հնարավոր է եղել։ Եվ համոզված եմ, որ ձեր կառավարման ժամանակ դուք էլ եք արել այնքան, որքան հնարավոր է եղել։ Իհարկե, մենք նաև փաստեր գիտենք, որ շքեղ առանձնատներ են կառուցվել, որ միջոցներ են յուրացվել և այլն։ Եվ դրանք բարձրաձայնելով նույնպես ուզում ենք արձանագրել, որպեսզի հետագայում այլևս որևէ մեկի մտքով չանցնի զինվորի հացը գողանալ։ Եվ երբ որ դուք քննադատության եք ենթարկում որևէ բան, պիտի խնդրեմ, որ նաև դրանք հիշեք։ Նաև հիշեք, որ դուք ութ տարի շարունակ պատասխանատու եք եղել հենց այն ժամանակաշրջանում, երբ ադրբեջանական բանակը զինվում էր ամենաժամանակակից սպառազինությամբ»։

Երկու տասնյակից ավելի ելույթները երկրի անվտանգությանն էին առնչվում, շոշափվեց նորից Մարտի 1-ի և Հոկտեմեբրի 27-ի արյունալի իրադարձությունների հարցը։ Եվ անգամ այս համատեքստում կողմերը նորից չմոռացան բոլոր ձախողուոմների մեջ մեղադրել միմյանց։

Նիստը կշարունակվի վաղը, և ամենայն հավանականությամբ հենց օգոստոսի 5-ին պարզ կդառնա՝ կընտրվի՞ արդյոք ընդդիմադիր Իշխան Սաղաթելյանը ԱԺ նախագահի երրորդ տեղակալ, թե ոչ։

Խմբակցություններից միայն «Պատիվ ունեմ»-ն այսօր հասցրեց հայտարարել, որ պաշտպանելու է «Հայաստան» դաշինքի խմբակցության ԱԺ փոխխոսնակի թեկնածությունը։

XS
SM
MD
LG