Մատչելիության հղումներ

Գործ ունենք բացառապես քաղաքական հետապնդման հետ. Արմեն Գևորգյանի փաստաբան


Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյան

Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին նոր մեղադրանք է առաջադրվել, հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը։

Ըստ ՀՔԾ-ի, Գևորգյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2004-2018 թվականների ընթացքում օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով շուրջ 5 միլիարդ դրամի եկամուտները։

Ըստ նախաքննական մարմնի, Գևորգյանը պաշտոնեական դիրքը չարաշահելով, ներգործել է մի շարք մարզերի համայնքների ղեկավարների վրա՝ վերջիններիս դրդելով գործող օրենսդրության խախտմամբ` ձևական աճուրդներ անցկացնելու եղանակով, համայնքներին պատկանող որոշ հողատարածքների նկատմամբ սեփականության իրավունքը գրանցել իր հետ փոխկապակցված անձանց անվամբ։

Նախկինում տարբեր բարձր պաշտոններ զբաղեցրած Արմեն Գևորգյանը այսօր Հատուկ քննչական ծառայութայն շենքից դուրս գալով հայտարարեց, որ մեղադրանքը չի ընդունում, ասում է նաև, թե փորձ է արվում խաթարել իր գործունեությունը որպես Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի շտաբի պետ․ - «Ես հրաժարվել եմ ընդհանրապես որևէ գործ ունենալ Հատուկ քննչական ծառայության հետ։ Կյանքը ցույց է տվել, որ այս կառույցը միայն քաղաքական պատվերներ է կատարում և քաղաքական գործեր է իրականացնում։ Ես մեղադրանքին չեմ ծանոթացել և չեմ ծանոթանալու։ Ինձ դա չի հետաքրքրում, դա ինչ-որ մակուլատուրա է»։

Այս քրեական գործը հարուցվել էր դեռ մեկ տարի առաջ, և Գևորգյանը դատավարական որևէ կարգավիճակ չի ունեցել։

Մայիսի 17-ին հայտարարվեց, որ Արմեն Գևորգյանը կղեկավարի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը։ Հաջորդ օրը՝ մայիսի 18-ին այս քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվելու որոշում է ստացել։

«Գործ ունենք բացառապես քաղաքական հետապնդման հետ», - ասում է Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ - «Եթե լիներ բավարար ապացույցների համակցություն պարոն Գևորգյանին մեղադրանք առաջադրելու, ապա կառաջադրեին ամենասկզբում։ Եվ ես շատ եմ կասկածում, որ անգամ այս պայմաններում ներկա պահին այդ ապացույցների համակցությունը գոյություն ունի։ Քանի որ ուսումնասիրելով և ծանոթ լինելով այս մեղադրանքին՝ այս մեղադրանքը սկզբից մինչև վերջ ուղղակի իրականությանը չի համապատասխանում, և անգամ տրամաբանական կապը չկա այս փաստական հանգամանքների մեջ։ Ես ուզում եմ, որպեսզի մենք հստակ ֆիկսենք՝ փողերի լվացման հանցակազմը իրենից ներկայացնում է հետևյալը․ պետք է լինի նախորդող դեպքը, որևէ հանցավոր գործողություն պետք է կատարված լինի, օրինակ՝ կաշառքի հանցակազմի տեսքով, ապօրինի հարստացման տեսքով, որպեսզի հետագայում նոր հաջորդի այս հանցակազմը՝ փողերի լվացումը։ Այսինքն՝ եթե չկա նախորդող դեպք, փողերի լվացման հանցակազմի մասին խոսելն ուղղակի ավելորդ է։ Թեև նշված է ընդհանրական, վերացական ձևով, որ այդ գույքերը ձեռք են բերվել հանցավոր ճանապարհով, սակայն հանցավոր ճանապարհի ինչպիսի եղանակի մասին խոսքը կգնար, այդ փաստական հանգամանքների մեջ ուղղակի որևէ նկարագրություն չկա։

Փաստաբանի խոսքով, մեղադրանքը սկզբից մինչև վերջ ապօրինի է, վարույթն իրականացնող մարմնի կայացրած ցանկացած որոշում կբողոքարկվի․ - «Կատարվել են բազմաթիվ ապօրինություններ, մասնավորապես այդ գործով թե՛ նրա, թե՛ նրա ընտանիքի անդամների գույքի վրա արգելանք էր դրվել։ Եվ հետագայում մեր կողմից, ինչպես մինչդատական վարույթի նկատմամբ հսկողության շրջանակներում դատախազին համապատասխան բողոք էինք ներկայացրել, այնպես էլ հետագայում դատական կարգով այդ որոշումը բողոքարկվել է և մեր բողոքը բավարարվել է։ Եվ մենք ունենք այսօր փաստացի օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով հաստատվել է, որ այդ գույքի վրա կալանք դնելու մասին վարույթ իրականացնող մարմնի որոշումը եղել է ապօրինի։ Եվ այդ ապօրինի լինելու կետերից մեկը այն է, որ այն դրվել է փաստացի կարգավիճակ, մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ չունեցող անձանց գույքերի վրա»։

XS
SM
MD
LG