Մատչելիության հղումներ

Արթուր Ալեքսանյանն ու Սիմոն Մարտիրոսյանը՝ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ


Ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը, արխիվ
Ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը, արխիվ

Տոկիո 2020-ի օլիմպիական խաղերում Հայաստանի համար ամենասպասված՝ 11-րդ օրը Հայաստանի հավաքականից օլիմպիական ոսկու հավակնող երկու մարզիկները՝ ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանն ու ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը, ամենաբարձր արդյունքին հասնել չկարողացան՝ բավարարվելով արծաթե մեդալներով։

Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն, 97 կիլոգրամ քաշային հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում 5:1 հաշվով զիջեց Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն ներկայացնող Մուսա Եվլոևին: Արծաթե մեդալի արժանացած Ալեքսանյանը վնասվածքով էր մասնակցում վճռորոշ գոտեմարտին։

Հայաստանի հավաքականի ոսկու համար պայքարի մյուս ֆավորիտը՝ 109 կիլոգրամ քաշային Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 423 կիլոգրամ արդյունքում երկրորդն էր։ Ոսկե մեդալ նվաճած Ուզբեկստանը ներկայացնող Ակբար Ջուրաևը Մարտիրոսյանին գերազանցեց 7 կիլոգրամով։

63 կիլոգրամ քաշային կարգում բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակիչում ընդհանուր 5:0 հաշվով վստահ հաղթանակի հասավ Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլնուր Աբդուրայիմովի հետ մենամարտում՝ դուրս գալով կիսաեզրափակիչ։ Հայ մարզիկն առնվազն բրոնզե մեդալ ապահովեց, իսկ երեք օր անց ԱՄՆ-ը ներկայացնող Քիյշուան Դևիսի հետ կայանալիք մենամարտում կփորձի հավակնել ոսկե մեդալին։

Հայաստանը ներկայացնող մարզիկներից այսօր առաջինը պայքարի մեջ մտավ հեռացատկորդ Լևոն Աղասյանը, նա գրանցեց 16.42 մետր արդյունք, ինչը բավարար չէր եզրափակիչ դուրս գալու համար, Աղասյանն ավարտեց ելույթները Տոկիո 2020-ում։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Կարեն Ասլանյանն իր առաջին գոտեմարտում հաղթանակի հասավ, սակայն քառորդ եզրափակիչում պարտվեց Եգիպտոսը ներկայացնող Մուհամեդ Իբրահիմ Էլ Սայիդին։ Հայ մասնագետները պնդում են՝ Ասլանյանը պարտություն կրեց մրցավարական սխալի պատճառով։

Ըմբշամարտիկ Կարապետ Չալյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում զիջեց Ադրբեջանը ներկայացնող մարզիկին։

Հայաստանի առաջին օլիմպիական մեդալը երեկ հենացատկում նվաճեց մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, նա այդ վարժությունում երրորդն էր։

Տոկիոյի օլիմպիական խաղերում Հայաստանն այժմ ունի երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալներ։ Այս ցուցանիշով ընդհանուր ցուցակում 58-րդն է։ Մեդալների հաշվարկում այս պահին լավագույնը Չինաստանի հավաքականն է, երկորդը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, լավագույն եռյակը եզրափակում է խաղերը հյուրընկալող Ճապոնիան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG