Մատչելիության հղումներ

Տոկիո 2020. Հայաստանն առաջին մեդալը նվաճեց


Ճապոնիա - Առաջին երեք տեղերը գրաված մարմնամարզիկներ հարավկորեացի Շին Ջիհվանը, ռուսաստանցի Դենիս Աբլիազինը և հայաստանցի Արթուր Դավթյանը, Տոկիո,2-ը օգոստոսի, 2021թ.
Ճապոնիա - Առաջին երեք տեղերը գրաված մարմնամարզիկներ հարավկորեացի Շին Ջիհվանը, ռուսաստանցի Դենիս Աբլիազինը և հայաստանցի Արթուր Դավթյանը, Տոկիո,2-ը օգոստոսի, 2021թ.

Օլիմպիական երկուշաբթին հայ մարզիկների համար հաջող դասավորվեց։ Հայաստանի ընդամենը 17 հոգանոց հավաքականը Տոկիո 2020-ի տասներորդ օրն առաջին մեդալը նվաճեց։ 28-ամյա մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հենացատկի եզրափակիչում երրորդ լավագույն արդյունքը ցույց տվեց՝ նվաճելով բրոնզե մեդալ։

Հայ մարզիկը հազարերորդական միավորով զիջեց ոսկե մեդալ նվաճած հարավկորեացի Շին Ջի Հուանին։ Սա անկախ Հայաստանի պատմության առաջին օլիմպիական մեդալն էր մարմնամարզությունում։

Այսօր ավելի վաղ էլ պայքարի մեջ մտան հունահռոմեական ոճի հայ ըմբիշները. 97 կիլոգրամ քաշային, 2016-ի Ռիոյի խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը եզրափակիչի ուղեգիր նվաճեց։ «Սպիտակ արջը» կիսաեզրափակիչում մրցեց Իրանը ներկայացնող Մուհամեդ Սարավիի հետ, ծանր պայքարում Ալեքսանյանը, չնայած վնասվածք ստացավ, այդուհանդերձ 4:1 հաշվով հաղթանակի հասավ։ Անկախ Հայաստանի պատմության օլիմպիական երկրորդ չեմպիոնը վաղն իր ոսկե մեդալը կփորձի պաշտպանել Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն ներկայացնող Մուսա Եվլոևի հետ գոտեմարտում։ Այսինքն առնվազն արծաթե մեդալն Ալեքսանյանի համար ապահովված է և այսպիսով՝ Հայաստանն այս պահին երկու օլիմպիական մեդալ ունի։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Կարապետ Չալյանը 77 կիլոգրամ քաշային կարգում հասավ կիսաեզրափակիչ, սակայն, Ղրղըզստանը ներկայացնող ըմբիշի արգելքը հաղթահարել չստացվեց։ Չալյանը վաղը կպայքարի բրոնզե մեդալի համար։ 67 կիլոգրամ քաշային կարգում վաղը 1/8 եզրափակիչում իր առաջին գոտեմարտը կանցկացնի Կարեն Ասլանյանը։

Երեքշաբթի օրը ոսկե մեդալի համար կպայքարի 109 կիլոգրամ քաշային ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը, որն, ըստ մասնագետների և բուքբեյքերների, չեմպիոնության գլխավոր հավակնորդն է։ Քառորդ եզրափակիչում վաղն իր մենամարտը կանցկացնի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը՝ Ուզբեկստանից Էլնուր Աբդուրայմովի հետ հաջորդ փուլի ուղեգիր խաղարկելով։ Հայաստանը ներկայացնող մյուս բռնցքամարտիկներն արդեն լքել են պայքարը։

Վաղը որակավորման փուլում հեռացատկորդ Լևոն Աղասյանը կփորձի եզրափակիչի ուղեգիր նվաճել։ Հայաստանի օլիմպիական հավաքականն այժմ մեդալային հաշվարկում 74-րդն է։ Առաջատարը Չինաստանն է, երկրորդը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, լավագույն եռյակը եզրափակում է Ճապոնիան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG