Մատչելիության հղումներ

Ըստ երասխցիների՝ ադրբեջանական կողմը երեկ երեկոյան, գիշերը և այսօր օրվա առաջին կեսին կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ


Երասխ համայնքի բնակիչ Շողիկ Մովսիսյանի հետ զրուցել ենք 11:30-ին. սահմանին այսօր էլ հանգիստ չէ. ըստ երասխցիների՝ ադրբեջանական կողմը երեկ երեկոյան, գիշերը և այսօր օրվա առաջին կեսին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ:

«Երեկ երեկոյան կողմ ա եղել, գիշերը, առավոտյան մինչև ժամը 12-ը երևի չկար, հետո սկսեցին, հիմա չկա, հիմա դադար ա: Ընդհանրապես էս 2 օրվա ընթացքում կրակոցներ եղել են դիրքերի վրա, գյուղի վրա չի եղել կրակոց», - ասաց Շողիկ Մավսիսյանը:

Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը այսօր սահմանային իրավիճակի վերաբերյալ տեղեկություն դեռևս չի տրամադրում: Ադրբեջանական կողմը հայտնում է, թե գիշերը 3:27 րոպեին հայկական զինված ուժերի ստորաբաժանումներն են կրակել Նախիջևանի Հեյդարաբադ գյուղի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի վրա։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը սահմանի այս հատվածին անդրադարձել է շաբաթ. այդ օրը ադրբեջանական զինուժը վաղ առավոտից փորձել է ամրաշինական աշխատանքներ կատարել, կրակի տակ է պահել հայկական դիրքերը, նույն օրը երեկոյան թիրախային կրակ է արձակել դիրքեր սնունդ տանող մեքենայի ուղղությամբ՝ լուսանկարում հենց այդ վնասված մեքենան է՝ փշրված ապակիներով: Երասխցի վարորդը՝ Արտուշ Պողոսյանը, բարեբախտաբար, անվնաս է մնացել։

Գեղարքունիքի սահմանին իրավիճակը համեմատաբար խաղաղ է եղել, տեղեկացրեց նախկին մարզպետ Գնել Սանոսյանը:

«Ընդհանուր առմամբ իրավիճակը կայուն է, մեծ առումով միջադեպեր չկան, և մեր զինված ուժերը ամբողջ վերահսկողությունը իրականացնում են սահմանի ողջ երկայնքով», - նշեց Սանոսյանը:

Մարզի Վերին Շորժայի հայկական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինուժը հարձակում էր գործել հուլիսի 28-ին: Այդ մարտերում զոհվեց երեք հայ զինծառայող, վիրավորվեցին այդ օրը 4, հաջորդ օրն էլ՝ մեկ զինծառայող: Վիրավորներից ծայրահեղ ծանր վիճակում էր Վաչագան Մարտիրոսյանը։ Այժմ նրա վիճակը կայունացել է, ըստ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանի, զինծառայողը դեռ պետք է վիրահատվի, մյուս 4 զինվորներն ապաքինման փուլում են:

Սյունիքի սահմանին էլ այսօր, երեկ հարաբերական խաղաղ է, միայն օրեր առաջ ադրբեջանական զինուժը կրակել է Արավուս գյուղի ուղղությամբ։ Համայնքապետ Արգամ Հովսեփյանը շեշտում է՝ պատերազմից հետո առաջին անգամն էր, որ գյուղն էր թիրախավորվում: Հիմա խաղաղ է, ասում է, բայց շարժը շատ է։ Համայնքապետին անհանգստացնում է սահմանի Ադրբեջանի կողմում ակտիվ շինարարական եռուզեռը, որ դադարում է միայն անձրևոտ եղանակին:

«Ուժեղ ինժեներական աշխատանքներ են տանում, լավ աշխատանքներ են», - ասաց Արգամ Հովսեփյանը:

Մայիսի 12-ից ադրբեջանական զինուժը մտավ Հայաստանի տարածք՝ դիրքավորվեց Սյունիքի Սև լճի հայկական ափերին. ի՞նչ իրավիճակ է Սև լճի հատվածում, Գորիսի փոխքաղաքապետի խոսքով՝ անփոփոխ իրավիճակ է. «Ադրբեջանի զորքերը տեղակայված են Հայաստանի Հանրապետության տարածքում»:​

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG