Մատչելիության հղումներ

Մարդիկ մշակութային հաստատությունների հետ շփման կարոտ ունեն. Սարդարապատի թանգարանի տնօրեն


Ի տարբերություն նախորդ տարվա, ամառային այս օրերին բաց են և այցելուներին սիրով հյուրընկալում են թե' մայրաքաղաքային, թե' մարզային թանգարանները:

Դրանց թվում է մարզային ամենամեծ թանգարանը՝ Արմավիր քաղաքից 10 կմ հեռավորության վրա գտնվող,1978 թվականից գործող Հայաստանի ազգագրության և ազգային ազատագրական պայքարի պետական թանգարանը՝ մեր լավագույն ճարտարապետներից Ռաֆայել Իսրայելյանի նախագծով կառուցված Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը:

Թանգարանի տնօրեն Կարեն Փահլևանյանի խոսքով, 2020 թվականին այցելուներ չեն ընդունել համավարակի, հետո էլ պատերազմի հետևանքով, իսկ այս տարի այցելուների հոսքն անհամեմատ մեծ է անգամ 2019 թվականին. - «Որքան էլ որ մենք ունեցանք դժվար օրեր՝ համավարակ, պատերազմ, այնուամենայնիվ մեր թանգարանի նկատմամբ հետաքրքրությունը ինչպես արտերկրից, այնպես էլ մեր ներքին զբոսաշրջիների համար չի կորել։ Այսինքն՝ գալիս են մարդիկ, և մենք առաջանցիկ տեմպերով, 2019 թվականի նկատմամբ նույնիսկ ավել ցուցանիշներով գնում ենք առաջ։ Մարդիկ մշակութային հաստատությունների հետ շփման երևի կարոտ ունեին, որովհետև դրանք մարդիկ էին, որոնք բազմաթիվ անգամներ եղել էին մեր թանգարանում, այնպես չէր, որ նոր մարդիկ էին։ Մյուս հանգամանքն այն է, որ մենք նոր ցուցադրություններ դրեցինք մի քանի հատ, մարդկանց գայթակղեցինք»։

Նա ներկայացրեց այդ ցուցադրություններից մի քանիսը. - «Մեր հիմնական ցուցադրություններին ի հավելումն մենք ժամանակավոր ցուցադրություններ ունեցանք։ Առաջինը ներկայացրեցինք դեռևս 1978 թվականից ի վեր չցուցադրված զենքի տարբեր նմուշներ։ Մենք ունենք ավելի քան 140 միավոր զենք՝ սառը և հրազեն, որոնք երբեք չեն ցուցադրված եղել։ Խոսքը վերաբերում է 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին կիրառության մեջ եղած սառը զենքին, հրազենին։ Զենք, որը որ գուցեև օգտագործվել է Առաջին աշխարհամարտի և Սարդարապատի ճակատամարտերի ժամանակ։ Երկրորդը մենք նվիրեցինք առնականությանը, տղամարդուն։ Ունեցանք հայոց իրականության մեջ տղամարդու կերպարի դերին ու նշանակության նվիրված ցուցադրություն։ Այդտեղ ներկայացրեցինք դարձյալ երբևէ չցուցադրված թանգարանային առարկաներ, և բավականին հետաքրքրություն առաջացրեց մեր զբոսաշրջիկների մոտ։ Հիմա այդ ցուցադրությունը փոխարինում ենք նոր ցուցադրությամբ, որը նվիրված է լինելու դրամին՝ դրամ, առևտուր հայոց իրականության մեջ։ Խոսքը գնում է 18, 19 և 20-րդ դարերի մասին, բայց նաև մի փոքր անկյուն ունենք ավելի վաղ ժամանակաշրջանի, վաղ միջնադարից եկած շրջանի»։

Առաջիկայում Հայաստանի ազգագրության թանգարանը պատրաստվում է ոչ միայն հայկական դրամին նվիրված նոր ցուցադրություն բացել, այլև Սարդարապատի, ինչպես նաև մեր նորօրյա ազգային հերոսներին նվիրված ցուցադրությամբ հանդես գալ. - «Մեր մյուս հիմնական ցուցադրությունը՝ մայիսյան հերոսամարտերի, կունենա մի փոքր համալրում ժամանակավոր ցուցադրության տեսքով, նվիրված Հայաստանի Հանրապետության ազգային հերոսներին»։

Խոսելով թանգարանի այցելուների մասին՝ Կարեն Փահլևանյանն ասաց. - «Եթե տոկոսային հարաբերակցությամբ բաժանելու լինենք, ավելի քան ութսուն տոկոսը Հայաստանի Հանրապետության մեր քաղաքացիներն են, իսկ այդ ութսուն տոկոսի մեջ յոթանասունհինգ տոկոսը՝ մեր դպրոցահասակ երեխաները։ Այդ ցուցանիշների վրա մեծ ազդեցություն է ունեցել նաև ԿԳՄՍ նախարարության կողմից շրջանառության մեջ դրված աբոնեմենտային համակարգը, մեր մոտ բավականին մեծ հոսք է եղել հենց այդ աբոնեմենտային համակարգի հետ կապված»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG