Մատչելիության հղումներ

Անցած գիշերը ադրբեջանական կողմը կրակ է բացել Սոթքի հատվածում


Գիշերը ադրբեջանական կողմը կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, իսկ առավոտյան` Երասխի ուղղությամբ։

Պաշտպանության նախարարության տեղեկացմամբ, գիշերը 3-ն անց 30-ի սահմաններում Ադրբեջանի զինուժը թիրախավորել է Գեղարքունիքի հայկական դիրքրեը, կրակել են տարբեր տիպի հրաձգային զինատեսակներից, հայկական կողմից տուժածներ չկան։

Սոթքի հանքավայրի հատվածում է լարված իրավիճակ եղել, գիշերը շուրջ 150 աշխատակիցներ տարհանվել են, «Ազատությանը» տեղեկացրեց «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը. - «Ստեղծված լարված իրավիճակի պատճառով ընկերությունը ստիպված էր ժամանակավորապես դադարեցնել հանքավայրի աշխատանքը, և որոշում կայացրեց տարհանել աշխատակիցներին, որպեսզի ապահովվի նրանց անվտանգությունը։ Այդ պահին հերթապահության աշխատում էր հարյուր հիսուն մարդ են, և բոլորը տարհանվել են։ Այժմ բնականոն աշխատանքը վերականգնված է, հանքը աշխատում է, առավոտյան աշխատակիցները վերադարձել են գործի»։

Սոթքի հանքավայրը 670 աշխատակից ունի։ Այս պատերազմից հետո, երբ եռակողմ հայտարարությամբ Քարվաճառի շրջանն անցավ Ադրբեջանին, սահմանը գծվեց հենց հանքավայրի միջով. - «Ուստի մենք չենք կարող դա վերագրել, որ լարվածությունը եղել է հենց հանքավայրի ուղղությամբ։ Քանի որ սահմանը անցնում է հենց մեր հանքավայրի միջով, այն, ինչ որ տեղի էր ունենում սահմանին, վերաբերում էր և մեզ»։

Պաշտոնական Բաքուն Գեղարքունիքի սահմանային լարվածությունն այլ կերպ է ներկայացնում. թե հայկական կողմն է կրակի տակ պահել Քարվաճառի շրջանի ադրբեջանական դիրքերը։

Հայաստանի պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ հայկական կողմը դիմում է հակազդող գործողությունների՝ որպես պատասխան։

Ուրբաթ օրն էլ Սոթք-Կութի հատվածում էր փոխհրաձգություն եղել, վիրավորվել էին երեք հայ զինծառայողներից։ Նրանցից ժամկետային զինծառայող Արման Աթասյանի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր, նա ձախ երիկամի վիրավորում էր ստացել։

Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանի տեղեկացմամբ, զինծառայողի երկամը հեռացվել է, նրա վիճակն այժմ կայուն է. - «Ներկա պահին անջատված է արհեստական շրչառության սարքից, կոնտակտի մեջ է մտնում, ադեկվատ է։ Ներկա վիճակը գնահատում ենք կայուն, բայց աստիճանը դեռևս մնում է ծայրահեղ ծանր, որովհետև բավականին վնասվածքներ է ունեցել, և հետվիրահատական ընթացքը ասել անցել է հարթ, կարելի է մեկ շաբաթ հետո»։

Արման Աթասյանի կյքնին այժմ վտանգ չի սպառնում, հավելեց գնդապետ Օհանյանը։

Մյուս երկու զինծառայողները՝ պայմանագրայինններ Լեռնիկ Նավոյանն ու Յուրիկ Օհանյանը, նրա փոխանցմամբ, ոտքերի գնդակային վիրավորում էին ստացել. - «Ներկայումս վիճակները բավարար է, երևի թե կարճ ժամանակ հետո կվերադառնան շարք»։

Այսօր առավոտյան ու կեսօրից հետո՝ 15-ն անց 30-ից սկսած ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել նաև Երասխի ուղղությամբ։ «Գյուղի վրա կրակոցների չի եղել, բայց ներքևի դիրքերի վրա մի տասնհինգ րոպե կրակոցնել եղել են», - «Ազատությանն» ասաց Երասխի բնակիչ Շողիկ Մովսիսյանը։

Նա հավելեց, որ առավոտյան կրակոցները շարունակվել են մոտ 15 րոպե։ Կեսօրից հետո՝ ավելի կարճատև, բայց խոշոր տրամաչափի զենքերից։

Այժմ Երասխի սահմանին խաղաղ է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG