Մատչելիության հղումներ

Լյովա Սարգսյանը, նրա որդին և դուստրը՝ մեղադրյալներ, կալանավորումը՝ նախկին նախագահի եղբոր խափանման միջոց


Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրում է եղբորը՝ Լյովա Սարգսյանին, 22-ը մարտի, 2016թ․

Հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քրեական գործի շրջանակում երեկ ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել Լյովա Սարգսյանին և վերջինիս դստերը` Անի Սարգսյանին Քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: ՔՕ 310.1-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել նաև Լյովա Սարգսյանի որդուն` Նարեկ Սարգսյանին, ասված է ՀՔԾ հաղորդագրությունում:

«Այսպես, «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ բաժնետեր Նարեկ Սարգսյանի բնակության վայրում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են նրա, իր հետ համատեղ բնակվող հոր՝ Լյովա Սարգսյանի և քրոջ՝ Անի Սարգսյանի անվամբ 2017թ.-ի 2-րդ կիսամյակի ընթացքում որպես ավանդ ՀՀ-ում գործող բանկերից մեկում ներդրված շուրջ 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար գումարով ավանդի պայմանագրեր», - հիշեցնում է ՀՔԾ-ն՝ շարունակելով․ - «Քննությամբ պարզվել է, որ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, պաշտոնատար անձ հանդիսացող Լյովա Սարգսյանն ու վերջինիս դուստրը 2017թ.-ի հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարատու պաշտոնատար անձի համար սահմանված դեպքերում և կարգով ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացրել իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը, որտեղ չեն հայտարարագրել իրենց կողմից որպես ավանդ ներդրված գումարները և թաքցրել են դրանք, ինչը հանգեցրել է Լյովա Սարգսյանի և Անի Սարգսյանի մասով առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաև հաշվետու ժամանակահատվածում նրանց գույքերի ավելացումն էականորեն գերազանցել է նրանց օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվում հայտարարագրերով, այսինքն` վերջիններս ապօրինի հարստացել են»:

Պարզվել է նաև, ասված է հաղորդագրությունում, որ «Նարեկ Սարգսյանը, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի կազմի մեջ մտնող անձ, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին չի ներկայացրել 2017 թվականի գույքի և եկամուտների հայտարարագիրը՝ այդ կերպ քողարկելով հաշվետու ժամանակահատվածում իր ապօրինի հարստացումը», այսինքն` «Նարեկ Սարգսյանի գույքի ավելացումը նույնպես էականորեն գերազանացել է նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով»:

«Այսպիսով, քննությամբ հիմնավորվել է, որ Լյովա, Անի և Նարեկ Սարգսյաններն ապօրինի հարստացել են` թաքցնելով հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի` 19.196.608 ՀՀ դրամի, 1.683.851.175 ՀՀ դրամին համարժեք՝ 3.482.269 ԱՄՆ դոլարի, 286.950.000 ՀՀ դրամին համարժեք 600.000 ԱՄՆ դոլարի, 992.978.234,25 ՀՀ դրամին համարժեք 1.928.009 ԱՄՆ դոլարի և 358.858.273 ՀՀ դրամին համարժեք 744.133 ԱՄՆ դոլարի գումարները», - հաղորդում է ՀՔԾ-ն:

Երեկ Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Լյովա Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը նույն օրը դատարանի որոշմամբ բավարարվել է:

Լյովա և Անի Սարգսյանների նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Անի և Նարեկ Սարգսյանների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի ընտանիքին առնչվող քրեական գործի հարուցման մասին մեկ շաբաթ առաջ հաղորդել էր կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն: Նախկին նախագահի մյուս եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի ընտանիքի անդամները ևս անցնում են մի քանի քրեական գործերով:

Քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասը վերաբերում է «հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելուն, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրմանը», 310.1-ին հոդվածի 1-ին մասը՝ «ապօրինի հարստանալուն», այդ հոդվածները նախատեսում են նաև ազատազրկում՝ 3-ից մինչև 6 տարով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG