Մատչելիության հղումներ

Գրիգորյանն ակնկալում է միջազգային հանրության պատշաճ արձագանքը Բաքվի սադրանքներին


Լուսանկարը՝ ԱԳՆ լրատվականի
Լուսանկարը՝ ԱԳՆ լրատվականի

Ադրբեջանը շարունակում է իր ոտնձգությունները՝ հրաժարվելով վերադարձնել հայ ռազմագերիներին, տարածքային պահանջներ ներկայացնելով և փորձելով զավթել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները, արգելափակելով միջազգային մարդասիրական ջանքերի մուտքը Արցախ: Այս մասին հայտարարել է արտգործնախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը՝ երեկ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո անցկացվող Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումին:

«Այս սադրանքները պետք է արժանանան միջազգային հանրության պատշաճ արձագանքին: Մարդասիրական առաքելությունների, և հատկապես ՄԱԿ-ի՝ Լեռնային Ղարաբաղ մուտքը պետք է արագ և անվերապահ կերպով ապահովվի», - Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ շեշտել է Գրիգորյանը:

Նա անհրաժեշտ է համարել հավելյալ միջազգային ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը խթանելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական լուծման շուրջ քննարկումները շարունակելու համար:

«Ադրբեջանը ուժ գործադրեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճնշելու համար` խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, որը, ի թիվս այլոց, հստակ սահմանում է, որ բոլոր միջազգային վեճերը պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով», - ասել է Արմեն Գրիգորյանը:

XS
SM
MD
LG