Մատչելիության հղումներ

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորության թեկնածուի և ևս 2 անձի կողմից ընտրակաշառք տալու փաստով քրգործի նախաքննությունն ավարտվել է


«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածուի և ևս երկու անձի կողմից ընտրակաշառք տալու փաստով քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, հաղորդում է Հատուկ քննչական ծառայությունը:

Ըստ նախաքննական մարմնի, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի սատարած դաշինքի պատգամավորի թեկնածուն և ևս երկու քաղաքացի նախնական համաձայնությամբ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընտրողներին առաջարկել և խոստացել են 20-հազարական դրամ կաշառք` արտահերթ ընտրություններին մասնակցելու և դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար: Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են՝ խմբի կազմում նախնական համաձայնությամբ երկու և ավելի անձանց կաշառք տալու` առաջարկելու և խոստանալու համար մեղադրանք է առաջադրվել երկու քաղաքացիներին, նրանցից մեկն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը։

Նույն մեղադրանքով մեղադրյալ է ներգրավվել «Պատիվ ունեմի» պատգամավորի թեկնածուն։ Վերջինս հետախուզվում է, նրա խափանման միջոցը կալանավորումն է ընտրվել։

Դատախազության վերջին տվյալներով՝ ընտրական հանցագործությունների վերաբերյալ 37 քրեական գործ է հարուցվել, 26 մեղադրյալ կա, որոնցից 6-ը պատգամավորի թեկնածուներ են, 6 թեկնածուներից 5-ը կալանավորված են։

«Պատիվ ունեմ» դաշինքից վերահաստատում են՝ իրենց թիմակիցների նկատմամբ հարուցված քրեական գործերը քաղաքական հետապնդում են համարում։

«Սպասենք այդ գործերով դատաքննության ընթացքին և ավարտին: Մենք խոսել ենք բազմաթիվ դեպքերով իշխանությունների կողմից քաղաքական հետապնդումների իրականացման մասին: Մնացածը պարզ կդառնա արդեն դատաքննության փուլում», - ասաց «Պատիվ ունեմ»-ի ներկայացուցիչ Սոս Հակոբյանը:

Ընտրական հանցագործությունների քրեական գործերով են անցնում նաև խորհրդարան անցած ընդդիմադիր ամենամեծ ուժի՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները։ Այդ գործերով մեղադրյալի կարգավիճակ ունեն Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, Քարահունջ գյուղի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանն ու Որոտան գյուղի ղեկավար Սուրեն Օհանջանյանը։ Նրանցից միայն Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանը կալանավորված չէ, նրա խափանման միջոցը վերջերս գրավով է փոխվել։

Ընտրողներին հարկադրելու մեղադրանքով մինչև երեկ կալանավորված էր նաև դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանը, որն ազատ արձակվեց մոտ 30 հազար դոլար գրավի դիմաց։

«Հայաստան» դաշինքը ևս քաղաքական հետապնդում է որակում իր համակիրների ու թեկնածուների դեմ հարուցված քրեական գործերը։ Իշխանությունից հակադարձում են՝ հանցագործություններ կատարած մարդիկ պետք է պատասխան տան, իսկ այդ գործընթացը ոչ թե քաղաքական է, այլ՝ բացառապես իրավական։


XS
SM
MD
LG