Մատչելիության հղումներ

Առուշանյանը կալանավորվեց, փաստաբանը դատարանի որոշումը քաղաքական հետապնդման հետևանք է որակում


Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կալանավորվեց։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը այսօր բավարարեց ՀՔԾ-ի միջնորդությունը:

Նախաքննական մարմնի հաղորդագրության համաձայն՝ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշանյանն իր դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու համար նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու և ավելի ընտրողի կաշառք տալը։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով։

Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը դատարանի որոշումը քաղաքական հետապնդման հետևանք է որակում. «Մի բան չի եղել, որ քննիչի միջնորդության մեջ գրվածից մենք թողնենք քարը քարի վրա, և դատարանը գլխով համաձայնության նշաններ էր ցույց տալիս, բա էս ի՞նչ թատրոն ա էլի, միանգամից կցեք ՀՔԾ-ին պրծնենք էլի, էլ ինչի՞ ենք գալիս էսքան ստեղ, ինչի՞ ենք էսքան խոսում, գրում, ջնջում, սենց ա որոշված ու վերջ»:

Հարցին՝ որոշումը բողոքարկելո՞ւ են, պաշտպանը պատասխանեց. «Միանշանակ, գոնե վերաքննիչում մի քիչ հույսեր ունենք»:

Ըստ մեղադրանքի՝ արտահերթ ընտրություններից մի քանի օր առաջ Առուշանյանը հանդիպել է Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանին և առաջարկել ընտրություններից հետո դրամական օգնություն տրամադրել այն ընտրողներին, ովքեր կխոստանան ընտրել «Հայաստան» դաշինքին: Հատուկ քննչական ծառայությունն ասում է, որ հանցագործությունը ավարտին չի հասցվել Առուշանյանի կամքից անկախ հանգամանքներով, քանի որ Քարահունջի ղեկավար Ավետյանը հրաժարվել է ընտրողներին հանդիպելուց և նրանց դրամական օգնության տեսքով կաշառք առաջարկելուց:

Ինքը` Ավետյանը մեկ շաբաթից ավելի է` կալանավորված է նույն՝ ընտրական մի շարք հանցագործություններ կատարելու մեղադրանքով։ Փաստաբանը ասում է՝ ամբողջ մեղադրանքը կառուցված է Ավետյանի ցուցմունքի հիման վրա։

«Սա նախադեպը չունեցող բան է, որովհետև ասեմ՝ մի անձի հակասական ցուցմունքով կարան մի ամբողջ համայնքի գլխատեն ուղղակի, մի անձ ուղղակի սկզբից հերքել է, հետո օրեր անց չգիտես ինչի ինչ-որ ցուցմունք է տվել, և այդ մի հակասական ցուցմունքով ընդամենը մի անձի կարան մարդուն ձերբակալեն», - ասաց Մելքոնյանը:

Առուշանյանը բացատրում է՝ այս փոխանցումները եղել են սոցօգնության շրջանակներում, որը օրենքով է նախատեսված և պարբերական բնույթ է կրել: Պնդում է նաև՝ պայմանավորված չի եղել նախընտրական շրջանով։ Հերքում է, որ հանդիպումների ժամանակ այդ ընտանիքներին հորդորել է քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին:

«Օրենքով ամրագրված է, որ մեր բյուջեի 5 տոկոսի չափով ամեն տարի ավագանին է հաստատում, տվյալ գումարը պետք է տրամադրվի սոցիալապես անապահով ընտանիքներին: Այս դեպքում Գորիսի համայնքը ես ընդունել եմ 773 միլիոն դրամ, հիմա 1 միլիարդ 200 միլիոն է: Այսինքն դրա 5 տոկոսը կազմում է 60 միլիոն դրամ», - ներկայացրեց Առուշանյանը:

Սյունիքում իրավիճակը լարված է օրեր շարունակ, տարբեր մեղադրանքներով ձերբակալվում, ապա կալանավորվում են համայնքապետերը։ Այս պահին կալանավորված են Սյունիքի արդեն 5 համայնքապետեր` Մեղրիի համայնքի՝ օրերս հրաժարական ներկայացրած քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, Որոտանի համայնքապետ Սուրեն Օհանջանյանը և Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանը։

Առուշանյանը բացի քաղաքական շարժառիթներից զուգահեռներ է անցկացնում Ադրբեջանից եկող «Զանգեզուրյան միջանցք» հայտարարությունների և Հայաստանի իշխանությունների կողմից Սյունիքը, իր բնորոշմամբ, «գլխատելու» փորձերի միջև. «Կապում են հենց էն, որ հաճախակի է լինում մեր և թշնամիների հետ խնդիրներ, ինձ թվում է, որ չլինի էն տեսակը, ով պայքարում է թշնամու դեմ»:

Առաջին ատյանի Շենգավիթի դատարանում էլ այսօր քննվեց Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանին կալանավորելու Քննչական կոմիտեի միջնորդությունը։ Նա ձերբակալվել էր գիշերը, այն բանից հետո, երբ ԿԸՀ-ն բավարարել էր նրան անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունը։ Նա ևս «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է և Սյունիքից արդեն թվով վեցերորդ պատգամավորը, ում կալանավորելու միջնորդություն է գնում դատարան։

Իշխանական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը պնդում է՝ սա բացառապես իրավական և ոչ թե քաղաքական գործընթաց է։ Սյունիքը մաքրվում է, ոչ թե գլխատվում հայտարարում է իշխանական պատգամավորը. «Բացառապես իրավական հարթության վրա է այդ գործը, կան կոնկրետ դեպքեր, կան կոնկրետ մեղադրանքներ, այդ դեպքերը, գործերը կգնան դատարան, դատարանը կորոշի: Ինչ վերաբերում է քաղաքական հետապնդմանը, նման բան գոյություն չունի, գոյություն ունենալ չի կարող: Եթե եղել են նման մարդիկ, որ իրենց պաշտոնական դիրքը չարաշահել են, ովքեր փորձել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ընտրակաշառք բաժանել կամ սպառնալիքներով տանել հանրահավաքի, անկախ նրանից կլինեն համայնքի ղեկավարներ, թե այլ անձինք, նրանք պետք է հարցաքննվեն»:

XS
SM
MD
LG