Մատչելիության հղումներ

Առաջին նիստում դատարանը քննարկեց Չարչյանին ազատ արձակելու հարցը


Արմեն Չարչյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի արդեն նախկին տնօրեն Արմեն Չարչյանի դատավարությունը։

Հենց առաջին նիստին դատարանը քննարկեց նրան կալանքից ազատ արձակելու հարցը։ Իր որոշումը դատարանը կհրապարակի վաղը։

61-ամյա պրոֆեսորը մեղադրվում է հունիսի 20-ի ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար։ Նա մեղադրանքը չի ընդունում։ Այսօր էլ դատարանում պատմեց, թե ազատության մեջ հանրության համար ինչքան կարևոր գործով էր զբաղված և որ կալանքի տակ մնալով պետությունը որևէ շահ չունի։

«Յուրաքանչյուր ամիս անձամբ կատարում եմ 25-30 բարդագույն վիրահատություններ, որ մյուսները չեն կարողանում անել։ Կամ եթե անգամ անում են, ապա ոչ այդ մակարդակով։ Ես հսկում եմ մոտավորապես 200-250 վիրահատությունների կատարումը ամսեկան տարբեր կլինիկաներում։ Էն բոլոր կլինիկաներում, որոնք ես եմ ստեղծել, որտեղ իմ աշակերտներն են աշխատում։ Եվ ես ամսվա ընթացքում կատարում եմ մոտավորապես 500-550 խորհրդատվություն և կոնսերվատիվ բուժում», - ասաց նա։

Չարչյանի փաստաբանները հայտարարեցին, որ գործի նախաքննությունն ավարտված է, ուստի այն պնդումները, թե պատգամավորի թեկնածուն կխոչընդոտի քննությանը, արդեն ժամանակավրեպ են։

Փաստաբաններն առնվազն 10 միլիոն դրամ գրավ առաջարկեցին բժշկի ազատության դիմաց։ Էրիկ Ալեքսանյանը հայտարարեց, որ այս գործով անցնող բոլոր վկաների ցուցմունքները կրում են արդարացնող բնույթ, չկա գեթ մի հոգի, որ նրա դեմ ցուցմունք տված լինի։

Ավելի վաղ փաստաբաններն ասել էին, թե այս գործով հարցաքննվել են հայտնի ժողովի մասնակիցները։

«Ամփոփելով խոսքս, հարգելի դատարան, ես ուզում եմ, որ դատավարության այս փուլում առկա չէ մի այնպիսի գերակա շահ, որը կարող է արդարացնել պարոն Չարչյանի հետագա կալանքի տակ մնալը։ Այո, քաղաքական հետապնդում է իրականացվում», - հայտարարեց Ալեքսանյանը։

Մինչդեռ մեղադրող դատախազ Ազատ Մարգարյանը հայտարարեց, թե գրավն ի զորու չէ զսպել մեղադրյալի վարքագիծը և որ նա պետք է գտնվի կալանքի տակ։ - «Այս քրեական գործը բացառիկ գործերից մեկն է, որ վտանգավորության հարցը ինքնին արդեն գործով փաստարկված է, այլ նաև վտանգավորության գիտակցման հարցը մեղադրյալի կողմից իր իսկ կողմից փաստարկված է։ Ձայնագրության լսելու դեպքում, հարգելի դատարան, մեղադրյալի կողմից բազմիցս շեշտվում է, որ ընտրական իրավունքի հետ կապված հարցը դա ոչ միայն ներկաներին վերաբերվող հարցն է, այլ էդ հարցը վերաբերում է ապագա սերունդներին»։

Պրոֆեսոր Չարչյանը մեղադրվում է հունիսի 20-ի ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար։ Քվեարկությունից օրեր առաջ համացանցում տարածվել էր «Իզմիրլյան»-ի աշխատակիցների հետ Չարչյանի անցկացրած ժողովի ձայնագրությունից մի հատված, որը իրավապահները որակեցին որպես ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտում ու գործ հարուցեցին։

Ըստ Հատուկ քննչական ծառայության, Չարչյանն իր աշխատակիցներին սպառնացել է, որ եթե քվեարկեն գործող իշխանությունների օգտին, արժանանալու են «շատ ավելի կոշտ վերաբերմունքի» և «խիստ անհամարժեք պատասխանի» Կալանավորվելուց առաջ Չարչյանը «Ազատությանն» ասել էր, թե որևէ հանցանք էլ չի գործել, արձակուրդի մեջ է եղել այդ օրերին, և որպես գործատու չէ ժողով անցկացրել։ Պարզապես իր աշխատակիցների հետ զրուցել է ընտրությունների մասին և նրանց խնդրել մասնակցել քվեարկությանը։

Բժիշկը նաև պատմել էր, թե Հայ առաքելական եկեղեցուն պատկանող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը տարիներ շարունակ ընդառաջել է իր աշխատակիցներին անվճար հետազոտություններով և վիրահատություններով, և հիմա էլ հերթը ղեկավարության խնդրանքին է հասել։

Ձայնագրությունում Չարչյանը նաև զգուշացրել էր, որ չկատարի իր խնդրանքը, կարժանանա կոշտ վերաբերմունքի և հիշեցրել՝ հիվանդանոցը պատկանում է Մայր Աթոռին, իսկ վերջինս չի ուզում, որ իշխանության գա Փաշինյանի թիմը։ Արմեն Չարչյանին մեղսագրվող հոդվածով նախատեսվում է չորսից յոթ տարի ժամկետով ազատազրկում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG