Մատչելիության հղումներ

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկեց «Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագիրը


Armenia -- Project "Class + Classics". Undated.
Armenia -- Project "Class + Classics". Undated.

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը 2019 թվականին մշակեց և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացրեց «Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագիրը, որը 2020 թվականին համավարակի պատճառով անցկացվեց հեռավար կարգով։

Եվ ահա այսօր Սունդուկյանի անվան թատրոնում կրկին ծրագրի մեկնարկը հայտարարեց և այս ծրագրի մասնակից ավագ դպրոցի աշակերտներին ողջույն խոսք հղեց ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը՝ շեշտելով, որ սա իր ամենասիրելի կրթական-մշակութային նախագիծն է:

«Արդեն երրորդ անգամ այս նախագիծը ցույց է տալիս իր կենսունակությունը, իր օգտակարությունը։ Ինչպես իմ ելույթում նշեցի, խնդիրն այն չէ, որ մենք ուզում ենք անպայման այս նախագծից հետո ունենալ դերասան դառնալու ցանկություն, ռեժիսուրայով զբաղվելու ցանկությունը պատանիների մեջ։ Խնդիրը հետևյալն է՝ լրջացնել պատկերացումը թատրոնի վերաբերյալ։ Այստեղ մենք մեծ բաց ունենք, որովհետև թատրոնը վերածվել է օյինբազության, թատրոնը ընկալվում է որպես տնազի, ձևացման, զվարճախոսության... Նույնիսկ ամենաանլուրջ դրսևորման մեջ թատրոնը չափազանց լուրջ արվեստ է։ Այնպես որ, ցույց տալ այն ամբողջ արդյունաբերությունը, որ կա թատրոնի շուրջ՝ ցեխեր, արհեստանոցներ, գրիմանոցներ, հանդերձարաններ և այլն, և տեսնել, թե յուրաքանչյուր ներկայացման վրա քանի մարդ է աշխատում, ինչ ոլորտներ են ընդգրկված, ինչպես է ստեղծվում արդյունքը, դա չի կարող չփոխել վերաբերմունքը թատրոն կոչվածի հանդեպ։ Թատրոնը հետաքրքիր լինելու արվեստն է, բարձրանալ բեմ և ավելի քան մեկ, երկու ժամ լինել հետաքրքիր հանդիսատեսին։ Անկախ նրանից, թե մեր պատանիները ինչ մասնագիտությամբ կզբաղվեն ապագայում, ինչ կընտրեն, հետաքրքիր լինելու արվեստին պետք է տիրապետեն, որովհետև սա մարդկային հաջողության և լիարժեքության կարևոր պայմաններից մեկն է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խզմալյանը։

Նախարարության աջակցությամբ իրականացվող այս թատերական կրթական ծրագիրն այս տարի կիրականացվի հուլիսի 19-ից 31-ը ընկած ժամանակահատվածում:

Այս տարի ծրագրի թեմատիկ հենքն է դերասանի վարպետությունը: Մասնակիցներն ընտրվել են մրցութային կարգով՝ մասնակցելով նաև հարցազրույցի: Ծրագրի ընթացքում մասնակիցների համար բեմական խոսքի և դերասանի վարպետության դասեր կանցկացնեն թատրոնի լավագույն դերասանները, իսկ ծրագրի ավարտին մասնակիցները կներկայացնեն այս ընթացքում նախապատրաստած կարճապատում բեմադրություններ:

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, այս ծրագրի ղեկավար Վարդան Մկրտչյանը նշեց. - «Մենք մշտապես ունենք մասնակցության մեծ թիվ, և համավարակի ընթացքում, երբ որ ստիպված էինք ուղղակի դա անել առցանց ձևաչափով, և մեր ունկնդրողների թիվը հարյուր հազարների է հասնում։ Մեր յուրաքանչուր հեռարձակումը ունենում էր նվազագույնը երեք-չորս հազար դիտում։ Սա, կարծում եմ, չափանիշ է, սա, կարծում եմ, ապացույցն է այն բանի, որ երիտասարդ սերունդը հետաքրքրված է։ Եվ ի՞նչն է ամենակարևորը. մենք խոսում ենք անմիջականորեն մեր հանդիսատեսի հետ, մեր պոտենցիալ հանդիսատեսի հետ։ Իր հետ պարզ ձևով խոսում ենք և բացատրում ենք ինչ է թատերարվեստը։ Կսիրի, կգնա այդ ուղղությամբ, չի գնա. ինչ էլ որ լինի, միևնույն է նա արդեն հարստացած է, որովհետև նա գիտի հիմունքները էս արվեստի տեսակի։ Եվ թատրոն – հանդիսատես, հանդիսատեսի զարգացման այդ ծրագրի, որը մենք դրել են Ազգային ակադեմիական թատրոնի հիմնական ուղղության մեջ, այդ հիմքը՝ հանդիսատեսի զարգացումը, հենց էնպես գաղափար չի, այդ հանդիսատեսի զարգացումը սկսվում է այստեղից։ Նրանք այն պոտենցիալ ուժն են, որը վաղը իր ընտանիքում դարձնելու է թատրոն հաճախելը ավանդույթ, և ձևավորվելու է այն հանդիսատեսը, այն համայնքը, որը իր պահանջներով զարգացնելու է իր թատրոնը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG