Մատչելիության հղումներ

Բացահայտվել են ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքեր


Բացահայտվել են ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքեր, հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ):

Համաձայն հաղորդագրության՝ ԱԱԾ Լոռու մարզային վարչության աշխատակիցների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության Լոռու բաժնի պետը, նախնական համաձայնության գալով իր անմիջական ենթակայությամբ գործող օպերլիազորների հետ, միմյանց միջև կատարելով դերաբաշխում և միավորելով իրենց ջանքերը, մայիս-հունիս ամիսների ընթացքում իրենց լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի անգործության՝ հարկային օրենսդրության ոլորտում թույլ տրված տարատեսակ խախտումները չարձանագրելու և մեղավոր անձանց վարչական պատասխանատվության չենթարկելու, ստուգման ընթացքում ի հայտ եկած խախտումները չարձանագրելու համար, Լոռու մարզում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող 4 տնտեսվարող սուբյեկտից պահանջել և ստացել են ընդհանուր առմամբ առանձնապես խոշոր չափերի՝ 1 միլիոն 900 հազար դրամ կաշառք, որը բաժանել են միմյանց միջև:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հիշյալ հարկային ծառայողները, ինչպես նաև նրանց կաշառք տված տնտեսվարողները հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալվել են:

Պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Կալանավորվել է նաև պաշտոնատար անձանց 1 միլիոն դրամ կաշառք տված ընկերության տնօրենը, իսկ կաշառք տված մյուս անձանց նկատմամբ կիրառվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG