Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանը


Ռուս խաղաղապահները հերթապահություն են իրականացնում Լեռնային Ղարաբաղում, արխիվ
Ռուս խաղաղապահները հերթապահություն են իրականացնում Լեռնային Ղարաբաղում, արխիվ

Միացյալ Նահանգների պետքարտուղարությունն իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորմանը, «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությանը փոխանցել են ԱՄՆ պետքարտուղարությունից՝ հավելելով՝ ԱՄՆ-ը հավատարիմ է կողմերին օգնելու՝ հասնել հակամարտության հարատև կարգավորմանը` հիմնվելով Հելսինկյան եզրափակիչ ակտի` ուժի չկիրառման կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա։

«Ամերիկայի ձայն»-ը Պետքարտուղարությանը հարց է ուղղել նաև Վաշինգտոնում կայացած ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի ու Ֆրանսիայի արտգործնախարար Լը Դրիանի հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի քննարկման մասին։ Պետքարտուղարությունից ի պատասխան մատնանշել են ֆրանսիական կողմի տարածած տեղեկատվությունը, ըստ որի՝ Վաշինգտոնում Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը կողմերը որպես Մինսկի խմբի համանախագահներ խոսել են համատեղ գործողությունների մասին, որոնք կօգնեն հասնելու կայուն խաղաղությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև:

«Մեզ խորապես մտահոգում է անցյալ աշնանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վերսկսման ազդեցությունը, հստակ գիտակցում ենք տարածաշրջանում առկա մարդասիրական կարիքները», - նշել է Պետքարտուղարությունը:

Ղարաբաղյան հարցը նաեւ ԱՄՆ Պետքարտուղարի ու Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի՝ 3 օր առաջ կայացած հեռախոսազրույցի թեմաներից էր։ Ինչպես հայկական կողմն էր փոխանցել, Էնթոնի Բլինքենը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության վերականգնումը:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է՝ Ֆրանսիան ու ԱՄՆ-ը փորձում են վերականգնել ու հարցերը լուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ տարածաշրջանում թույլ չտալու համար ռուս-թուրքական ձևաչափի բյուրեղացում։

«Նիկոլ Փաշինյանին ընդունելով Մոսկվայում՝ Ռուսաստանի նախագահ Պուտինը խոսեց ցավոտ և զգայում հարցերում որոշումներ կայացնելու ժամանակի մասին և այդ վստահության մանդատը կապակցեց այդ խնդրին: Սա, իհարկե, վերաբերելու է հայ-ադրբեջանական տիրույթում որևէ քննարկման և քաղաքական որոշման: Սա գուցե նաև պատճառներից մեկն է, որ բավականին աշխուժացան իրենց դիրքորոշումներում Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան, որոնք պատերազմից հետո փորձում են թույլ չտալ այստեղ ռուս-թուրքական ձևաչափի բյուրեղացում և փորձում են վերականգնել Մինսկի խմբի համանախագահության ավելի ակտիվ աշխատանքը», - ասաց Բադալյանը:

Ադրբեջանի նախագահը պարբերաբար կրկնում է՝ ղարաբաղյան հարցն անցյալում է, Հայաստանից ճիշտ հակառակը՝ շեշտում են կարգավորման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ կարգավիճակի ճշգրտումը։ Բանակցությունների վերսկսման հարցով Փարիզի ու Վաշինգտոնի տեսակետները հստակ են, իսկ Մոսկվան թեև ասում է, որ կարգավիճակի հարցը դեռ պետք է համաձայնեցնել Մինսկի խմբի շրջանակներում, բայց պահը հարմար չի համարում, քանի դեռ չի ամրապնդվել Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության մթնոլորտը։

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանը կարծում է՝ «կոնֆլիկտը լուծված է» տրամաբանությունը տեղավորվում է թուրք-ադրբեջանառուսական պայմանավորվածությունների շրջանակներում, իսկ ԱՄՆ-ը բաց տեքստով հայտարարում է՝ ո՛չ, այն դեռ պետք է կարգավորվի։

«Սա մեր առաջին արձանագրումն է, որ կոնֆլիկտը կարգավորված չէ, և երկրորդ կարևոր արձանագրումը Հելսինկյան եզրափակիչ ակտին հղումն է: Այստեղ մեզ համար անշուշտ ամենակարևորը հենց ազգերի ինքնորոշման իրավունքի ընդգծումն է: Եթե մենք սրան գումարենք նաև Ֆրանսիայի հայտարարությունները ինչպես պատերազմի օրերին, այնպես էլ դրանից հետո, ապա եզրագծվում է այն միջազգային շրջանակը, որը պետք է կարողանա հակազդել մեր տարածաշրջանում պատերազմի հետո ձևավորված ռուս-թուրք-ադրբեջանական տանդեմին և թույլ չտա, որպեսզի 44-օրյա պատերազմի գրանցած արդյունքները լեգիտիմացվեն», - նշեց Քոչինյանը:

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը կարծում է՝ Մինսկի խմբի ձևաչափի վերականգնումը բարդ ու տևական գործընթաց է լինելու։ Հայաստանը պետք է փորձի գոնե այդ պայքարում չլինել պարտվող կողմը. «Կարևոր է այն, որ Վաշինգտոնը և Փարիզը նվազագույնը արտահայտում են իրենց դիրքավորումն այս օրակարգում, բայց հասկանալի է, որ Ռուսաստանը և Թուրքիան, նաև Ադրբեջանը նրանց հետո միասին փորձելու են առավելագույնը անել ծավալումների ինտենսիվությունը, դինամիկան արգելակելու համար: Այստեղ մենք պետք է պատրաստ լինենք բավական տևական և բավական համառ քաղաքական պայքարի»:

Բանակցությունների վերսկսումը, ըստ Արեգ Քոչինյանի, կախված է կողմերի դիմադրելու կարողությունից. կկարողանա՞ Ադրբեջանը դիմադրել այնքան, որ բանակցությունները այդպես էլ չվերսկսվեն, իսկ Հայաստանը՝ որ սկսեն։

«Ադրբեջանն ըստ էության դիվանագիտական դաշտում դեռևս չի կարողացել կապիտալիզացնել այն արդյունքները, որը Ադրբեջանը գրանցել է պատերազմի արդյունքում: Եթե մենք կարողանանք դիմանալ այս փուլում և չգնանք միակողմանի զիջումների, որոնք են գործնականում Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, սահմանազատումը ու սահմանագծումը, ապա, այո, հնարավորություն է ստեղծվում ապագայում վերականգնելու բանակցային գործընթացը և մանդատ ունեցող Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով շարունակելու բանակցությունները ու հասնելու մեզ համար բաղձալի լուծմանը, որը կնշանականի ազգերի ինքնորոշման սկզբունքի կիրակումը ևս», - ասաց Քոչինյանը:

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լեռնային Ղարաբաղի տարածքներ, այդ թվում՝ Շուշի Ադրբեջանում հավատարմագրված մի խումբ դեսպանների ու դիվանագետների այցին չէին մասնակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի դեսպանները, ինչն Ադրբեջանում «դեմարշ» որակվեց։ Քոչինյանը սա պատահական չի համարում՝ ասում է՝ չմասնակցելով ցույց տվեցին, որ համանախագահների համար Շուշին և յոթ շրջաններն ունեն տարբեր կարգավիճակներ: Ի դեպ, ԱՄՆ պետքարտուղարությունը չի մեկնաբանել՝ ո՞րն է Շուշի չայցելելու պատճառը, ու արդյոք համանախագահող երկրների միջև համաձայնություն է եղե՞լ հրավերը մերժելու հարցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG