Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ՊՆ-ի պնդմամբ՝ հայկական ուժերը կրակ են բացել Շուշիի ուղղությամբ, Արցախի ՊԲ-ը հերքում է


Ադրբեջանի պաշտպանության նախարարության շենքը Բաքվում, արխիվ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության շենքը Բաքվում, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ երեքշաբթի ուշ երեկոյան Լեռնային Ղարաբաղում տեղակայված հայկական ուժերը կրակ են արձակել Շուշիի ուղղությամբ։

«Հուլիսի 13-ին ժամը 21։34 և 23։45 անօրինական հայկական ստորաբաժանումները Ադրբեջանի այն տարածքներից, որոնցում ժամանակավորապես տեղակայված են ռուսաստանցի խաղաղապահները, գնդացիների և ավտոմատների կիրառմամբ գնդակոծել են ադրբեջանական բանակի՝ Շուշիի մերձակայքում գտնվող դիրքերը», - պնդում է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը՝ նշելով, որ գնդակոծության հետևանքով ադրբեջանական ստորաբաժանումները կորուստներ չունեն։

Հիշեցնենք՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը երեկ ուշ երեկոյան հաղորդել էր, որ «Շուշիի մոտակայքում արձանագրվել են հրաձգային միջոցներից դեպի օդ կրակոցներ, սակայն թիրախային կրակոցներ չեն եղել»: «Մեր զինված ուժերը ձեռնարկել են համապատասխան նախազգուշական քայլեր, ինչի արդյունքում ադրբեջանական կողմից կրակոցները դադարել են», - գրել էր Արցախի օմբուդսմենը Ֆեյսբուքում։

Արցախի Պաշտպանության բանակն էլ հերքել է ադրբեջանական կողմի հաղորդագրությունը:

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, հավատարիմ մնալով ձեռք բերված պայմանավորվածություններին, շարունակում են հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը և չեն դիմում իրավիճակն ապակայունացնող գործողությունների», - հայտարարել է Պաշտպանության բանակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG