Մատչելիության հղումներ

Իրանում վերականգնում են կորոնավիրուսի կապակցությամբ սահմանված արգելքները


Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին, արխիվ

Իրանի իշխանություններն այսօր հայտնել են, որ վերականգնում են կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ սահմանված արգելքները, որոնք վերջերս չեղարկվել են խոշոր քաղաքներում:

Ոորոշման պատճառը վիրուսի «դելտա» տարբերակի արագ տարածումն է: Գործող նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ երկրին սպառնում է համավարակի տարածում և դա կանխելու համար անհրաժեշտ են խիստ միջոցներ:

275 քաղաքներում, ներառյալ մայրաքաղաք Թեհրանը, ոչ կենսական նշանակության բոլոր հիմնարկները, հանրային զբոսայգիները, ռեստորանները, գեղեցկության սրահները, առևտրի կենտրոնները և գրախանութները պետք է փակվեն:

«Կա մտահոգություն, որ Իրանում կարող է սկսվել համավարակի 5-րդ ալիքը»,- ասել է Ռոհանին կորոնավիրուսի դեմ պայքարը կարգավորող կառավարական հանձնաժողովի նիստում, նշելով, որ վիրուսի «դելտա» տարբերակն սկսել է տարածումը հարավային և հարավարևելյան շրջաններում:

Իրանը համարվում է աշխարհում կորոնավիրուսից առավել տուժած երկրներից մեկը: Ըստ պաշտոնական տվյալների, Իրանում ընդհանուր հաշվով վարակվել է 3 միլիոն 200 հազար մարդ, մահացել է շուրջ 84 հազար 800 հիվանդ: Ենթադրվում է, որ իրականում ախտահարումների և մահվան թվերն ավելի բարձր են:

Տեղական մամուլը նշում է, որ իրանցիները մեկնում են հարևան Հայաստան COVID-19-ի դեմ պատվաստվելու համար: Իրանի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ հուլիսի 3-ի դրությամբ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է մոտ 4,5 միլիոն մարդ, իսկ մոտ 2 միլիոն մարդ նաև երկրորդ դեղաչափն է ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG